Հուսիկ Արան մեր ազատության բանաստեղծն է, իսկ նրա պոեզիան՝ մեր անցած ճանապարհի ազատության վկայագիրը

Հուսիկ Արան մեր ազատության բանաստեղծն է, իսկ նրա պոեզիան՝ մեր անցած ճանապարհի ազատության վկայագիրը

Այսօր «Դալան» ցուցասրահում տեղի ունեցավ Հուսիկ Արայի նոր բանաստեղծական ժողովածուի՝ «Տան դուռը» գրքի շնորհանդեսը։ Գիրքը հրատարակվել է «Անտարես» հրատարակչության կողմից, որտեղ զետեղված են բանաստեղծի վերջին 4 տարիների ստեղծագործությունները. «Տան դուռը, այսինքն քո տունն է, ներս մտիր, տեր կանգնիր քո արժեքներին, քո անկախությանը, քո Հայաստանին»,-ասում է բանաստեղծը ու նշում, որ գրքում ներառված են «Ազատության հարապարկ», «Նոր Հայաստան» շարքերը, «Անաբասիս», «Առավոտ» պոեմները, սիրային բանաստեղծություններ, սաղմոսներ. «Այսօրվա անկախության շրջանի պոեզիան է, եթե մինչ այդ գրքերում եղել է բանաստեղծական աշխարհագրական տարածքը, քաղաքը այս գրքում երկիրն է։ Մեր սերունդը 88թ-ից ձեւավորվել է Ազատության հրապարակում։ Անկախությունը վեր է ամեն ինչից»,- նշեց Հուսիկ Արան, ապա հավելեց, որ դեռ չենք հասցրել արժեւորել անկախությունը, մեր հաղթանակները, որովհետեւ չկարողացանք սոցիալական դժվար պայմաններից վեր բարձրանալ։



Գրքի խմբագիր, գրականագետ Հասմիկ Հակոբյանի գնահատմամբ Հուսիկ Արայի այս վերջին՝ «Տան դուռը» գիրքը կարծես իր ամբողջ պոեզիայի տարբեր փուլերի ամբողջացումը լինի. «Տարբեր տարիներին գրված բանաստեղծություններ, թեմաներ, որոնք շղթայաբար անցնելով եկել ու հասունացել են այս գրքի մեջ կատարյալ տեսք են ձեռք բերել, հատկապես աչքի են ընկնում այս գրքում «Ազատության հրապարակ» շարքը եւ ազատության պայքարի շարունակությունն արդեն մեր օրերում։ Հուսիկը մեր ազատության բանաստեղծն է, նրա պոեզիան մեր  անցած ճանապարհի ազատության վկայագիրն է, մի ամբողջ սերնդի ճակատագրի վկայագիր։ Նաեւ մի մարդ, ով կանգնած է եղել Ազատության հրապարակում, տեսել է այդ պայքարի բերկրանքը, ոգեղենությունը, նաեւ հետագայում այդ հիասթափություններն է ապրել եւ չի թաքցնում, խոսում է դրա մասին։ Հուսիկի պոեզիան ինձ համար իսկական հայի տեսակի պոեզիա է, որը տեսնում է երկրի դժվարությունները, մատնանշում դրանք, գրում դրանց մասին, բայց չի հիասթափվում եւ երբեք չի չարանում երկրի վրա ու միշտ պատրաստ է այդ երկրի կողքին լինել, պաշտպանել այդ երկիրն իր խոսքով, իր բառի եւ գաղափարի միջոցով։ Հոր եւ որդու զրույց է հիշեցնում հայրենիքի հետ իր պոեզիայի երկխոսությունը, որդին, ով մեծացել ու խնամքով է վերաբերվում հորը, նրա թերություններին ու տված ժառանգությանը։ Հատկապես պետք է նշեմ նաեւ սիրային շարքը, որը իր կատարյալ դրսեւորումն է ապրում։ Առհասարակ մեր ժամանակակից պոեզիայում սիրո թեման վառ արտահայտված չէ, դա մեր պետականության կայացման հետ է կապված, մենք ավելի շուտ պետություն կառուցելու խնդիր ունենք, ոչ՝ սիրային պոեզիա գրելու, բայց հետաքրքիր է այն, որ Հուսիկը եւ նա է անում եւ նա, սիրային շատ բուռն բանաստեղծություններ են՝ ապրումների տարբեր նրբերանգներով, նաեւ պետք է նշեմ աստվածաշնչյան թեմաների նորովի մեկնաբանությունը իր պոեզիայում, իսկ Հուսիկի «Դու աշխարհի լույսն ես» բանաստեղծությունը առանց չափազանցության մերօրյա սիրային բանաստեղծության նոր հիմք կարող եմ համարել»։



Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն էլ իր խոսքում նշեց, որ Հուսիկ Արան կարողանում է ժամանակը տեղափոխել բանաստեղծության տարածք այնպես, որ դա չպատկանի այս ժամանակին, այլ ձեռք բերի ընդհանրական ազդակ. «Նա մեր օրերի լավագույն սիրերգուներից մեկն է, որովհետեւ կարողանալով վերցնել մեր դասական սիրերգային պոեզիայի լավագույն հատկանիշները, կարողանում է այդ սիրային ապրումները փոխանցել իբրեւ մեր ժամանակի խոսք, լեզու եւ պատահական չէ, որ Հուսիկի սիրային բանաստեղծություններով բազմաթիվ մարդիկ իրար սեր են խոստովանել, արդեն ամուսնանալու դեպքեր էլ կան»-կատակով նշեց գրականգետն ու հավելեց, որ «Տան դուռը» գիրքը մեր օրերի լավագույն ժողովածուներից մեկն է, որը դեռ շատ ընթերցվելու, քննարկվելու առթիներ կտա։