Այստեղ ապագա չտեսնողը ոչ մի տեղ էլ ապագա չի տեսնելու

Այստեղ ապագա չտեսնողը ոչ մի տեղ էլ ապագա չի տեսնելու

Հարցազրույց ՀՀ վաստակավոր նկարիչ Տիգրան Մատուլյանի հետ



- Պարոն Մատուլյան, շատ գեղանկարիչների մոտ իրենց նկարները բողոք են, ինքնամերժում, ինքնահաստատում, Ձեր նկարներում ներդաշնակության հասնող խաղաղություն է, կռիվ չե՞ք անում ինքներդ Ձեզ հետ։



- Ամեն մարդ ունի իր բողոքի ձեւը, կար դարաշրջան, որ շատ կարեւոր էր դա ցուցադրել, բայց այս մեր սթրեսային ժամանակաշրջանում ամեն մարդ այնքան խնդիր ունի, որ ինչո՞ւ պիտի քո անձնական խնդիրը փաթաթես մեկ ուրիշի վզին։ Մարդը շատ է հոգնած ուրիշի խնդիրներից, պատկերացրեք՝ մի հատ էլ արվեստագետն իր խնդիրը բերի ու ասի՝ պիտի այս խնդրով ապրես․․․ Իմ նկարչության մեջ ես ինքս ինձ համար սիրո տեսակ եմ գտել, իսկ խնդիրները լուծելը շատ հեշտ է, բայց եթե ուրիշի մեջ ես ման գալիս, երբեք չես կարող լուծել։ Հետո՝ իմ խնդիրը նա չէ, որ կարողանամ խնդիր ցույց տամ, ուղղակի ես սիրով եմ ուզում բերեմ, այդ կետին հասցնեմ, առանց լացի եմ ուզում ճանապարհ գնամ, որովհետեւ չեմ ուզում լացել եւ շատ եմ ուզում, որ մարդիկ ուրախ ապրեն։ Իսկ այդ ուրախ ապրելու համար ի՞նչ պետք է արվի. ես նկարում եմ ուրախ նկարներ, ավել բան չեմ կարող անել։



- Ձեր նկարներում նաեւ մի տեսակ հանդիսավորություն կա, դա ինչո՞վ է պայմանավորված։



- Այո, ես նկարում եմ տոն, որ մարդկանց տոն պարգեւեմ, իմ ամբողջ երազանքը եղել է այն, որ մարդկանց ուրախություն պարգեւեմ։ Նկարը նայելուց մարդ պետք է ուրախություն ապրի, ոչ թե տխրություն, կարող է շատ բարդ ձեւով անես, քիչ մարդ տեսնի, բայց էլի այդ տոնն ապրի։ Արվեստը սիրո համար է, մնացած վատ բաները կան, պարտադիր է արվեստո՞ւմ էլ դա լինի, միացրու 02, տես ինչ է կատարվում, այդ ամբողջը չի կարելի բերել մշակույթ, բայց մարդիկ կան, որ այդպես էլ անում են, հիմա այդ ձեւ է տեսնում մարդը, դա իր անձնական խնդիրն է, բայց ես այդպես չեմ տեսնում։



- Այսօր ամբողջ համաշխարհային արվեստում կարծես գերիշխող է դարձել ցավի թեման, գոնե լուսանկարչության մեջ այդ միտումներն այսօր ակնհայտ են, գեղանկարչության մեջ այսօր ի՞նչ շեշտադրումներ կան։



- Կար ժամանակաշրջան՝ ամբողջ աշխարհը նկարում էր սարսափ-ֆիլմեր, բայց Ֆելինին նկարում էր «Ամարկորդ», ու միանգամից ամեն ինչ պտտվում էր։ Պիկասոն ասում էր՝ ամբողջ Եվրոպան ողողված էր մոդեռնիզմով, կուբիզմով, ավանգարդով, բայց հանկարծ հայտնվեց Մարկ Շագալն ու մի հատ կանաչ հրեշտակ նկարեց, ու Եվրոպան ընկավ իր տեղը, որովհետեւ այդ հզոր մարդու գլխի մեջ մի փոքր հրեշտակ էր ապրում։ Արվեստը շատ հետաքրքիր բան է, երբեմն սեպի նման ամեն ինչ կանգնեցնում է։ Այն, ինչ ես նկարում եմ, ու նկարվում է, դրա արանքում հրաշք է տեղի ունենում, որ ոչ ես եմ ղեկավարում, ոչ նկարը։ Ես անկախ ինձանից գնում եմ դեպի դա ու եթե տեսնում եմ նկարում այդ օդը, ուրեմն հաջողված է։



- Մեծամասամբ կանանց կերպարն է գերիշխում Ձեր նկարներում, դա ներշնչանքի միա՞կ, թե՞ հիմնական աղբյուրն է։



- Մի ժամանակ աբստրակցիաներ շատ էի անում ու ոնց որ ասեի ՝1, 2, 3, 4,- 1, 2, 3, 4, ոչինչ չէր փոխվում, ամեն ժամանակ իր ժամանակի մեջ քեզ ճիշտ թելադրում է, թե ինչ անես, դու չես որոշում կամ էլ որոշում ես այնքան, ինչքան սիրտդ ուզում է, պարզապես այնքան սիրուն է կնոջ կերպարը, բա էլ ի՞նչ նկարես։ Նույն բանը, ինչ անում էի աբստրակցիայի մեջ, հիմա դնում եմ ֆիգուրայի մեջ, դա անկախ ինձանից տեղափոխեցի։ Պետք է ազնիվ գնաս դրան, ուրիշի համար նկարել պետք չէ՝ ոչ պետության, ոչ պատվիրատուի։



- Ասացիք, որ նախընտրում եք այդ սթրեսը, խնդիրը չբերել արվեստ, բայց դա այսօր այնքան մեծ չափաբաժնով է մեր շուրջ, որ ինչո՞վ եւ ինչպե՞ս եք հակակշռում, լավատեսությո՞ւնն է օգնում, թե՞ արվեստում այլ կերպ հնարավոր չէ։



- Հետաքրքիր բան կա, ինչքան էլ դուրս գաս այդ թավայից, բայց, միեւնույն է, բոլորի հետ նույն թավայի մեջ եփվում ես, հիմա այրվող մասում ես, թե վերեւում, դա արդեն նշանակություն չունի։ Ես էլ եմ շատ ծանր տանում ամեն ինչ, հռետոր չեմ ու չեմ կարող գնալ գոռալ, հետո՝ դրանով ես օգուտ էլ չեմ տա, բայց ես աշխատում եմ իմ մեջ գտնել մի ձեւ ու դրանով օգնել ինչ-որ հարցերի։



- Բարեգործությունն այդ ձեւերից մեկն է Ձեզ համար։



- Բարեգործություն՝ սխալ է ասել, այսօր կան խնդիր ունեցող երեխաներ, եւ կան ձեւեր, տարբերակներ այդ խնդիրները լուծելու։ Հենց առիթ է լինում բարեգործական ցուցահանդեսների, ես առաջին ակտիվիստ մասնակիցներից եմ։ Բայց դրա մեջ էլ զուսպ պետք է լինես, առաջ գիտեի, թե բարեգործությունը հոգեւոր բարձր զգացումներ են, ոչ, դա գիտակցություն է, սրտով-հոգով կարող է գնաս ամբողջ կյանքդ եկեղեցում մոմ վառես, որ, օրինակ, երեխաները մանկատանը լավ ապրեն, եւ ոչինչ չփոխես կյանքում։ Բայց կարող ես որոշում կայացնել, որ դու ուրիշ ձեւ ես ապրելու եւ այլեւս գործ չունես մնացածի հետ։ Դա պարզապես քո մեջ պետք է հասկանաս, թե որտեղ ես կանգնած, երբ քո տեղը ճիշտ հասկացար, ամեն ինչ այնքան հանգիստ կգնա։



- Այսօր օդում անգամ շատ են արտագաղթի մասին խոսակցությունները, հուսահատությունը, մարդիկ ապագա չեն տեսնում այս երկրում, ի՞նչ եք կարծում՝ խնդիրն ավելի շատ սոցիալակա՞ն, թե՞ բարոյահոգեբանական մակարդակի վրա է։



- Այստեղ ապագա չտեսնողը ոչ մի տեղ էլ ապագա չի տեսնելու, ուր էլ գնաց, պիտի գնա դառնա մի տեսակ, որը ցածր է այդ երկրի ապրող մարդուց, այսինքն՝ տեսակ է դառնում, ոչ տեղացի ու բավականին ժամանակ է պետք հարմարվելու տեղի բարքերին։ Հետո՝ կախված է նրանից, թե գնացող մարդն ինչ է ուզում, ուզում է լավ ապրի, փախլավա ուտի... եթե հարցը գնում է երեխային կերակրելու, գոյատեւելու մասին, ես ձեռքերս վեր եմ բարձրացնում, բայց սա ծայրահեղություն եմ ասում։ Հենց վատանում է վիճակը, ասում են՝ գնամ ուրիշ տեղ, այնտեղ վիճակը կարող է լավ լինի․․․ Ես առիթներ ունեցել եմ տեղափոխվելու, տարբեր երկրներում ապրելու, բայց չեմ գնացել, ինչի՞ գնամ, ԱՄՆ նախկին դեսպանը եկել էր արվեստանոցս, դուրս եկանք պատշգամբ, ասեցի՝ տեսեք, մինչեւ Արարատյան դաշտ տեսնում եմ, իսկ Ամերիկայում ինչքան մեծահարուստ պետք է լինեմ, որ սենց պանորամա ունենամ։ Փառք Աստծո, կան ներկեր, կա տեղ, որտեղ աշխատում եմ, ամեն ինչ կա, գուցե մի քիչ էլ բախտս է բերել։ Հայաստանում այսօր կան հոյակապ նկարիչներ, որոնք մնացել են ստվերում, չկա պետական հովանավորություն եւ հոգածություն արվեստագետի նկատմամբ։



- Այսօր արվեստագետի ստեղծած արվեստը որքանո՞վ է կերակրում իրեն։ Ձեր դեպքում կարծես այդ խնդիրը չկա․ Ձեր նկարները ցուցադրվում են թանգարաններում, մասնավոր պատկերասրահներում եւ պահանջված են։



- Նկարը, բացի նրանից, որ ունի հոգեւոր եւ մտավոր վիճակ, ունի նաեւ ապրանքային վիճակ, եւ որպեսզի այդ ապրանքը կարողանաս ներկայացնել, պետք է ունենաս շուկա։ Իսկ շուկան ոնց պետք է ձեռք բերես, պետք է ունենաս գովազդի տեսակներ, մարդիկ, պատկերասրահներ, որոնք քեզ կներկայացնեն։ Օրինակ, հիմա «Արամե» պատկերասրահն զբաղված է այն գործերով, որ առաջ մենք էինք անում։ Լուսահոգի Հենրիկ Իգիթյանը, որ ամեն ինչ անում էր արվեստի համար, միակ զինվորն էր, որպես արվեստաբան, արտ-մենեջեր, եւ այն սիստեմը, որ մշակել էր, շատ հզոր էր։ Ինքը քեզ տանում էր Փարիզ, ներկայացնում Լյուքսեմբուրգյան պալատում, ցուցահանդես էր անում, եւ այն բարձր կետը, որ կար ցուցադրվելու համար, կարողանում էր անել։ Արվեստագետը, նկարիչը պետք է իր արվեստով ապրի եւ լավ ապրի, որ բոլորին օրինակելի լինի արվեստագետը եւ ոչ թե օլիգարխը։ Արտասահմանում մի հայ նախարար ինձ հրավիրեց իր տուն, գիտեի, որ մեծահարուստ է, երբ մտա տուն, տեսա 2 տղա, մի աղջիկ, կինն էլ կողք կողքի կանգնած են շարքով՝ կարծես նախագահի դիմավորեին, հետո հասկացա, որ իրենք արվեստագետին այդպես են ընդունում, իրենց համար արվեստագետն ընտրյալ է։ Այստեղ հակառակն է. տեսակ կա, որ ապականում է ամեն ինչ, եւ պետք է դրա արմատը կտրել, որ այդ տեսակը վերանա։



- Շատերն այսօր իշխանափոխության մեջ են տեսնում այդ ելքը, Դուք ի՞նչ եք մտածում այդ մասին։



- Ես էլ եմ մտածում, որ այսօր ինչ-որ բան պետք է փոխվի, բայց, իմ կարծիքով, առաջին հերթին մարդն ինքը պետք է փոխվի, մինչեւ անհատն իր մեջ չփոխվի, որ չպիտի 5 հազարով ընտրի... բան չունեմ ասելու՝ կարող է այդ 5 հազարն իրեն պետք է, բայց այս երկրում ամեն ինչ կմնա նույնը, քանի դեռ մարդը չի ուզում փոխվի։ Այդ մարդիկ, որ բողոքում են, հետո գնում՝ կռացած թրի տակով անցնում են։ Ինձ նաեւ մի բան էլ է անհանգստացնում, որ մեզ նման փոքր երկրները չէ, որ որոշում են, թե մեր մոտ ինչ է կատարվում․․․ վերջերս միայն դրա մասին եմ մտածում։ Հիմա երկրներ կան, որ դարձել են սպասարկող ազգեր, երեւի այս մեծ պետությունները շատ են ուզում փոքր ազգերը վերածվեն ցեղի եւ սկսեն ծառայել իրենց։ Իսկ անգրագետ մարդուն ղեկավարելը շատ հեշտ է բոլոր երկրներում, բայց դա այստեղից չի արվում, այլ՝ դրսից։ Ինչ-որ մի բան փոխվում է, այդ թվում՝ մարդու տեսակը, պետք է լինեն տերեր կամ ծառաներ, ստրկատիրական վիճակը կարծես չի վերջանում, կարող է համակարգիչ, հեռախոս է ստեղծվում, բայց գաղափարը մնում է։ Մի քանի հարյուր տարին մեկ աշխարհաքաղաքական սահմաններ են փոխվում, որովհետեւ մարդը չի կարողանում առանց դրա։ Կրոնը 21-րդ դար որպես թալիսման պետք է մտներ՝ վզներիս կախած, բայց մտավ որպես ահռելի զենք՝ ատոմային ռումբից վատ, ու հիմա տես կրոնի անվան տակ ինչ են անում, անգամ կրոնակիցներն են իրար սպանում ու համարում են դա նորմալ։