Այս անազատ երկրում համ էլ երգելու տրամադրություն չկա (լուսանկարներ)

Այս անազատ երկրում համ էլ երգելու տրամադրություն չկա (լուսանկարներ)

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի նախաձեռնությամբ այսօր ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում նախատեսված էր՝ «Դեկտեմբերի 1-ին ընդառաջ. Միասնությունը ուժ է» խորագրով համերգը, որի ընթացքում ելույթ պետք է ունենային Լիլիթ Պիպոյանը, Ռուբեն Հախվերդյանը և Էդուարդ Զորիկյանը: Չնայած ցրտին ու քիչ հանդիսատեսին, 40 րոպե անց համերգը մեկնարկեց, բայց ինչպես պարզ դարձավ որոշ փոփոխություններով։



Ռուբեն Հախվերդյանը թեեւ բեմ բարձրացավ, բայց նշեց, որ չի կարող ոչ երգել, ոչ նվագել, որովհետեւ ձեռքի ներվը վիրահատել են, բայց այստեղ է, իր ներումը հայցելու ներկաներից․ «Հետո գիտեք ինչ այս անազատ երկրում համ էլ երգելու տրամադրություն էլ չկա, չնայած ձեռքս լավ լիներ կերգեի, բայց ոչ այն ոգեւորությամբ, քանի որ ինչ ասել եմ, 25 տարի է ասում եմ եւ ոչ մի բան չի փոխվում, մանավանդ էս․․․գիտեք ում մասին է խոսքը, մինչեւ սրանց քրեական պատասխանատվության չենթարկենք, ոչինչ չի փոխվի․․․էդքան բան»,-իր խոսքում նշեց երգահանը։ Այդ ընթացքում ներկաների շարքերը Ազատության հրապարակում համալրեց նաեւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը իր համախոհներով։ Ի վերջո մի քանի հեղինակ կատարողներից հետո բեմ դուրս եկավ նաեւ Լիլիթ Պիպոյանը, ով ի դեպ օրեր առաջ մեզ հետ զրույցում նշել էր, որ մասնակցելու է համերգին, քանի որ իր կարծիքն այս դեպքում համընկնում է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կարծիքի հետ եւ ինքը նույնպես դեմ է այս նոր սահմանադրությանը։