Կալանավորվել է Ապարը

Կալանավորվել է Ապարը

Վնասազերծված «հանցավոր» խմբի գործով կալանավորված անձանց թվում է ազատամարտիկ Էդուարդ Ներսիսյանը՝ Ապարը։ Նրան նույն մեղադրանքն է ներկայացվել, ինչ խմբի մյուս անդամներին՝ հանցավոր համագործակցություն և զենքի ապօրինի կրում և պահում։



«Մեր կալանավորված ընկերների անունները գաղտնի են պահում», - ասաց մեզ ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը։ Նաև հայտնեց, որ Ապարին տարել են հենց առաջին օրը՝ նոյեմբերի 25-ին։ Տունը խուզարկել են, բայց ոչ մի արգելված իր չեն գտել։ Էդուարդ Ներսիսյանը, կամ ինչպես ինքն էր իրեն անվանում՝ «ռյադովոյ Ապարը», ղարաբաղյան պատերազմի հերոսներից է։ Ծագումով երևանցի է։ Ղարաբաղյան պատերազմի տարիներին ունեցվածքը, մեքենան վաճառել, զենք էր գնել ու մեկնել Շահումյան։ Լավ հրաձիգ էր, թշնամու ԲՏՌ և ուղղաթիռ է խփել։ Նա կռվել է Էրքեջ հենակետում, իսկ Շահումյանի անկումից հետո Տիգրան Մեծի ջոկատայինների հետ մարդկանց է դուրս բերել այնտեղից։ Ընկերների հոգին ու շունչն է եղել իր հումորով և համարձակությամբ։



«Ֆիդայինը քրիստոնեական հոգեբանություն ունի, ու ոչ մեկը մեր հոգին չի կարում հասկանա, առավել ևս՝ իրանց «սպայկայից»։ Օլիգարխ են աշխատում, եթե տրորում են ու ջուր են խմում էս հողից, թող բարի լինեն վարձահատույց լինեն այս հողին ու այս հողի պաշտպաններին։ Մենք մերը պահանջելու ենք մինչև վերջ ու թող ոչ մեկին չթվա, թե մենք կարող է, «յան տանք»։ Մենք ենք այս հայրենիքը պաշտպանել ու մինչև վերջ էլ մեր առաքելությունը կկատարենք»,- այսպիսի էմոցիոնալ ելույթներ Էդուարդ Ներսիսյանը շատ է ունեցել ազատամարտիկների հավաքների ժամանակ։ Ուներ ընտանիք, մեծ տղաներ, որոնց չէր կարողանում ամուսնացնել, որովհետև չուներ տուն։ 



Սյուզան Սիմոնյան