Պատահական գնդակ

Պատահական գնդակ

Նվիրում եմ զինվորին` Միսակ Սարգսյանին



Գեներալը հայացքներով դեմոկրատ էր, գործունեությամբ` ֆաշիստ: Առաջինը դա հասկացել էին ընտանիքի անդամները, ովքեր ոչ միայն ապրում էին նրա հետ, այլեւ ծառայում հայրենիքին: Գեներալի բնակարանը հիմնարկ չէր, բայց նրա տունն ավելին էր, քան որեւէ այլ պաշտոնական հաստատություն: Ամենուր գլխավոր հրամանատարի դիմանկարներն էին, նաեւ՝ հանգստի սենյակում: Գլխավոր հրամանատարի աչալուրջ հայացքի ներքո քնում եւ զարթնում էր գեներալը: Աշխատասենյակի դռան վրա փակցված էր ցուցանակ` հիշեցումով. «Գեներալ», մեն մի հատիկ բառ, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ` զգոնության հորդոր, պատիվ եւ հարգանք, պատկառանքի ներշնչում… Ահա թե աշխարհն ում հետ գործ ուներ: Առավոտն սկսվում էր լիցքային վարժություններով, այնուհետեւ մարզումային քարտեզի վրա թեթեւակի աշխատանք, որտեղ ռազմաճակատի գիծն անընդհատ տեղաշարժվում էր, թիզ առ թիզ` ի վնաս թշնամու: Կինն սկուտեղի վրա մատուցում էր անփոփոխ նախաճաշը` մի պնակ գուղձ հող ու թեյի սովորական բաժակի մեջ դոնդողող սեւ նավթ: Գեներալական մթերքը մաքսանենգ ճանապարհներով բերվում էր պատմական հայրենիքից: Առայժմ երկու մեծ ու փոքր սարեր էին բաժանում Էրգիրը երկրից: Մայրն իրեն ծնել էր այդ բաժանումը հաղթահարելու համար: Գեներալն ախորժակով ճաշակում էր հողը, ըմբոշխնում նավթի մածուկը, ապա բավականությամբ ուղղում կուշտ մարմինը, շփում ոսկրոտ այտերը, հայելու մեջ փնտրում ու գտնում խրոխտ կեցվածքը, արծվենի հայացքով փաղաքշում համազգեստի կանաչ արոտավայրերը, հատկապես՝ հայրենի պարգեւներով ոռոգված ծաղկուն կուրծքը, հետո կարծես թե աննշան թերություն որսալու մոլուցքով կկոցում աչքերը, բութ մատի եւ միջնամատի պրկումով կտտցնում ոսկեկար ուսադիրի վրա ծվարած փոշեհատիկը, զգաստանում ու կտրուկ շրջադարձով ձեռքը վճռականորեն մեկնում ելման բռնակին: Առջեւում բացվող օրն էր:



Պատերազմ չէր, բայց պատերազմական իրավիճակ էր: Իր զորամասից զինվոր էր զոհվել: Դիպուկահարներն ասեղի անցքով էլ մահ էին սփռում: Հրաժեշտը Սպայի տնից էր: Իր հետ այդ սուրբ գործի անպակաս մասնակիցը նաեւ կինն էր: Հագուկապով նա չէր տարբերվում հանգուցյալի հարազատներից: Նույն սեւ զգեստով էր: Նստում էր տխրադալուկ կանանց կողքին: Բջջայինը ծածուկ մոտեցնում էր ականջին: Գեներալը դրսում հերթապահում էր, մինչդեռ ականջը կնոջ զանգին էր: Սեւ գլխաշորի ցանցկեն քողի տակից շշուկաձայն հաղորդումներ էին գալիս:



- Սրահ են մտնում Ազգային ժողովի պատգամավորները` Լֆիկը, Շմայսը, Յուվեցի Կարոն, Թոխմախի Մհերը, Բուռնաշը, Բելաջիոյի Գրիշը, Շշի Մելոն, Ծաղիկ Ռուբոն, Կարամելի Հարութը…



Գեներալն ինքն իր հետ էր, բայց նաեւ նրանց հետ: Կրունկը կրունկին զարկեց ու մարեց՝ այնպես, ինչպես միշտ ողջունում էր պատվի ու հարգանքի արժանի պետական գործիչներին: Ներսում ճնշող մթնոլորտ էր: Մերթընդմերթ անդորրը խզում էին հարազատների հեծկլտոցները: Մոցարտի ռեքվիեմի ահասարսուռ հնչյունների ներքո գլխահակ ննջեցյալին էին մոտենում զինվորները:



- Սրահ են մտնում 107-րդ գնդի քաջարի զինվորները…



Գեներալը լսում էր ու չէր լսում: Նա մեկ զինվորների հետ էր, մեկ էլ՝ իր մտքերի, բայց ամենից շատ հայրենիքի հետ էր: Անձն անգամ չէր խնայի հանուն հայրենիքի:
Հարազատների հետ մահվան վիշտը կիսելու էին եկել նաեւ թաղային հեղինակությունները: Կինը պարտաճանաչ շարունակում էր հաղորդումը.



- Սգո սրահ են մտնում Պողին, Պուղին, Անազուղլին…



Նրանք պաշտոն չունեին, բայց փող ունեին: Գեներալը լավ գիտեր դրա գինը: Փողի առաջ թալկանում էին, կուրանում, խլանում, լալկվում: Հիմա նա կույր էր, խուլ եւ համր: Փողն ամեն ինչ էր, իրենց կյանքը` ոչինչ: Դա էր փողի գինը…



Սգավոր թափորը գալիս էր ու գալիս: Որտեղի՞ց էր գալիս եւ ո՞ւր էր գնում… Թափորը թափոր է` մահվան թե ուրախության: Տխրության հակառակն ուրախությունն է, ուրախության հիշեցումը, որ տանում էր հեռուն` դեպի հին ու բարի ժամանակները… Եվ դրոշակներ էին ծածանվում, պաստառներ փողփողում, փուչիկներ օդ բարձրանում…



- Հանրապետության հրապարակ են մտնում Լենինյան շրջանի փառապանծ աշխատավորները…,- գեներալական տիկնոջ պես հուզմունքով, նրա պես տեղեկատու, բայց եւ բարձրագոչ բոցկլտում էր կարմիր հաղորդավարը:



- Շուտով հրապարակ կմտնեն մեր պանծալի գիտնականները, գիտության ու կրթության անխոնջ մշակները…,- շարունակում էր որոտալ հաղորդավարի խանդավառ ձայնը: Գեներալի տիկնոջ հաղորդումը եւս հաղորդում էր, բայց նրա շշուկաձայն տեղեկատվությունը ձեւով ու ոճով սոսկ ողբերգու նմանեցումն էր երջանիկ անցյալի:



- Հոծ շարքերով հրապարակ են մտնում Ձերժինսկու անվան հաստոցաշինական գործարանի բանվորները…



Գեներալը գեներալ չէր լինի, թե նման երթերի մասնակցած չլիներ: Ուրախության հակառակը կրկին տխրությունն էր: Նա տխրության մեջ եւս հպարտ էր ու գեներալ: Եվ կյանքը շարունակվում էր՝ տխուր եւ ուրախ: Եվ ուրախության մեջ տխրություն կար, տխրության մեջ՝ ուրախություն: Բայց կար մի տեղ, որտեղ նաեւ հաճույք կար:



Գեներալական գործունեության հիմնական բաղադրիչն աշխատանքային հանդիպումներն էին: Գործը մնում էր գործ, թեկուզ կանանց հետ: Գեներալը նախապատվությունը տալիս էր չաղերին: Նա փափագում էր այնպիսի կին, որ ձեռքերն ինչքան էլ կրծքի ու մեջքի պարագծով տարածեր, վերջին չհասներ: Գեներալը նախընտրում էր գալակտիկական մեծություններ: Որքան գեր, վայելքն այնքան մեծ: Մեկ ուրիշի համար դա կարող էր սեր լինել, իսկ իր համար ընդամենն աշխատանքային հանդիպում էր: Նախ նստում էին աղ ու հացի: Աղ ու հացի մեջ մտնում էին աղցաններ, գառան մսով թոնրի խորոված, մատղաշ հորթի արգանակ, լեռնային գետակներից որսած կարմրախայտ, մուրծա, կապույտ սազան, կարմիր ու սեւ ձկնկիթներ, լորի ձու ու, իհարկե, հող եւ նավթ: Նրա համար աշխարհի ամենաքաղցր բանը հողն էր, որ ուտում-ուտում ու չէր հագենում: Իսկ եթե այն համեմում էր նավթով, ապա արբել կարող էր: Նա հողը պաշտում էր եւ թքած ուներ, թե իր պաշտամունքը պատերազմի չի վերածվի: Հիմա պատերազմը մի այլ տեղ էր:



Կին ու տղամարդ առատորեն ոռոգում էին ստամոքսները, գործի գցում աղիները, որպեսզի հետո մարսողությունը շարունակեն անկողնում: Պարարտ մարմինը, գունդ-գունդ կրծքերը, ծալ-ծալ մսերը, բլրված որովայնը, բլուրից գահավիժող ձորն ու թավ մացառուտների մեջ թաղված աղբյուրը գրգռում էին, գայթակղում, կրակված կրքերով քաշում խորխորատները: Լայն բացված մահճակալը ճռռում էր, ճռռում ու չէր կոտրվում: Կինը ոտքերը չռած մեկնվել էր: Գեներալը վրա ընկած անում էր, անում, ու իրեն թվում էր, թե լավ է անում:



- Քո՛ւր, քո՛ւր, տակից տո՛ւր,- հեւալով վրայից թեժացնում էր տակի կրակը:



Տալիս էր, տալն էլ ո՞նց է լինում. գեր-գեր դիզված ազդրերը բացել ու սպասում էր: Գեներալը բանից անտեղյակ իր գործին էր: Որ շատ արեց, զիստերը հարեց, կոնքը տարուբերեց, տարուբերեց ու տարուբերեց, տարփածուն էլ չդիմացավ.



- Դե, անում ես` արա՛,- ասաց,- թե չէ՝ ռադդ քաշի՛…



Ինքը՝ վրեն, նա՝ տակին, ի՞նչ իմանար, թե էդ անտերը ուր է մտել: Մինչդեռ նա ազդրերի ծալքերի մեջ խճճվել, մի ճեղք մտել ու ճամփեն մոլորել էր: Իսկապես, ռադը քաշելու ժամանակն էր: Վաղը դիրքեր պիտի գնար: Թշնամուց գրավված զենքեր էին անհետանում:



Ովքե՞ր էին մեղավորները, ինչպե՞ս էին տանում, ի՞նչ նպատակներով` պարզել էր պետք: Առավոտյան կանուխ առաջին գծում էր: Ամպեր էին չոքել սարերի լանջերին: Լեռնային քամին պատառոտում էր սպիտակ քողն ու պաղ շնչով կատաղած վնգստում: Խրամատներից ամպերը ծվեն-ծվեն պոկվում, ծվեն-ծվեն հեռանում էին: Ծվատված քուլաների միջով գեներալի դեմքը մռայլ էր, աչքերը՝ ոլորուն, դիմագծերը՝ սուր:



- Որտե՞ղ է ավտոմատը…,- խոցում էր մետաղական ձայնը:



Երեսին թաց ամպի հպումն էր: Սարերում մշուշ էր, դիրքերում մշուշ էր, գլխում էլ նույն մշուշն էր: Զգաստ ձգվել էր հրամանատարի առջեւ: Ինքն այստեղ էր, մտքերը՝ այնտեղ… Երեկվա օրը խառնվել էր այսօրվա հետ ու համառորեն այսօրից չէր բաժանվում: Կարծես էն ինքնաձիգով էր հետաքրքրվում… Ի՞նչ ասեր… Ասեր` տղաներով թաքցրել են, որ ուղարկեն սեւ շուկա… Գուժկան սուրհանդակների պես գնդակներ էին թափառում: Կապարի կույր գունդն անգամ կյանք էր որսում: Գրեթե ամեն օր ընկեր էին կորցնում:



Նրանց ընտանիքներին ինչ-որ կերպ պիտի նեցուկ լինեին: Էլ ինչպե՞ս, եթե չլինեին ավար վերցված զենքերի վաճառքից ստացված գումարները: Վաղորդյան լույսի հետ փակ ավտոմեքենայով հաց էին բերում, որ կեսօրվա դարձին բերված քաղցր հացի փոխարեն «դառը հաց» ուղարկեն` մատղաշ զինվորների դեղնած աճյունները: Չէր հավատում, որ ինքը եւս կսպանվի, բայց եւ հույս չուներ, թե տուն կվերադառնա: Քամին ունայնության պատառոտում էր մառախուղի վարագույրներն ու կաթնագույն քղանցքներով լույսի հետ նաեւ մահ բերում: Սակայն ցուրտ օրվա մեջ անգամ տաք անկյուն կար, ուր ամեն անգամ հյուրընկալվում էր դիրքերից իջնելիս: Հարազատ որդու պես էին ընդունում` լողացնում, հագուստը լվանում, հարդարում, առջեւը տաք կերակուր դնում… Տանտիկնոջ փաղաքուշ ձեռքից մայրական գորովի ու գուրգուրանքի կարոտն էր առնում: Մի օր էլ տանտիկինը լացակումեց: Արտասուքն աչքերին խոսեց:



- Մեղքս ի՞նչ թաքցնեմ,- ասաց,- հացի ավտոյի ամեն վերադարձի հետ զոհվածների մեջ քեզ եմ փնտրում ու ամեն անգամ ուրախանում, որ էնտեղ քեզ չեմ գտնում…,- գոգնոցի փեշով այտերով հոսող առուներն էր սրբում:



…Չէր հավատում, որ կսպանվի, բայց հույս էլ չուներ, թե տուն կվերադառնա: Նժարի մի թաթին կյանքն էր, մյուսին` մահը: Կյանքն ավելին էր, քան մահը: Հավատով էր ապրում:



Պահապան հրեշտակն իրեն դեռ երեկ կարող էր լքել: Կեսօրվա մուժի մեջ խարխափող ուրվական էր նկատել: Նապաստակի պես խլշկոտում էր: Պիտի որ մոլորված զինվոր լիներ: Հրամայեց ձեռքերը բարձրացնել: Չլսեց: Շրջվեց, որ փախչի: Մառախուղն «իմ» ու «քո» չուներ: Երկուսի համար էլ թաքուն ապաստարան էր: Բայց ո՞ւր փախչեր… Գնդակն ավելի արագ էր վազում: Կրակեց ոտքերին: Ընկել էր ու ընկած տեղից ճիգով ինքնաձիգն էր բարձրացնում: Կարծում էր՝ իրեն է նշան բռնում: Մինչեւ ձգանը կձգեր, մետաղական փողը ճարճատյունով որոտաց: Գլուխն ընդոստ ճոճվեց, ապա կոտրված ճյուղի պես տապալվեց: Մոտ վազեց: Փողը բերանում էր մնացել: Ձեռքերը տարածած` խռխռացնում էր:



Ինքնաձիգն ուղղեց կրծքին` հանուն խռովված մարմնի հանգստության: Փռված մարմնի վրա տաք ինքնաձիգն էր: Կռացավ, որ վերցնի: Մի խարխուլ օջախի դուռ էլ կբացեին: Միայն թե թաքցնել էր պետք:



- Որտե՞ղ է ավտո…



Սարսուռ: Ականջների մեջ մեկը հատու սուլեց: Նույն ակնթարթին եւեթ՝ խուլ հարված: Մշուշը գլխից ասես հօդս ցնդեր: Սակայն սթափության պատճառն ամենեւին էլ գեներալի հարցը չէր: Նա բերանքսիվայր փռված էր խոտածածկին: Բերանից անհոդաբաշխ ձայներ էին գալիս: Ա՜խ, այդ ծանոթ հոգեվարքը… Քունքից, ինչպես աղբյուրի գուռից, արյան բարակ շիթ էր բլբլթում, որ ականջի կողերով սահելով` շտապով վազում էր կանաչ խոտերին:



- Պատահական գնդակ էր,- ասացին:



Գլխում նույն երերուն հավատն էր, որ չի մեռնի, բայց եւ միեւնույն անհուսությունը, թե տուն չի վերադառնա: Ո՞վ է լինելու հաջորդը… Չգիտեր: Մի բան հաստատ գիտեր. «Պատահական գնդակներ չեն լինում»:



Լեւոն ՋԱՎԱԽՅԱՆ