«Լուսավոր Հայաստանը» ստեղծվեց․ Մարուքյանը չբացառեց դաշինքները այլ քաղաքական ուժերի հետ

«Լուսավոր Հայաստանը» ստեղծվեց․ Մարուքյանը չբացառեց դաշինքները այլ քաղաքական ուժերի հետ

Այսօր Երևանի «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը, որի ժամանակ ձևավորվեց նաև կուսակցության խորհրդի կազմը։ Միաձայն կողմ քվեարկությամբ «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ ընտրվեց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Համագումարից հետո Մարուքյանը տվեց իր առաջին ասուլիսը՝ որպես կուսակցության ղեկավար՝ պատասխանելով լրագրողների հարցերին։



Hraparak.am-ը հետաքրքվեց Մարուքյանից՝ իրենց կուսակցության օրակարգում առաջիկա խորհրդարանական ընրություններին որևէ քաղաքական ուժի, այդ թվում՝ նորաստեղծ «Քաղաքացիական պայմանագիր» և «Ալյանս» կուսակցությունների հետ դաշինք կազմելու, նրանց միանալու հարց կամ դրա հավանականություն կա՞, արդյոք։



Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենք հավաքվել են գաղափարական հենքի վրա, և իրենց միացնող որևէ այլ բան գոյություն չունի։ «Միայն գաղափարական հենք, որից հետո նաև մարդկային, ընկերական հարաբերություններ։ Այդ իսկ պատճառով՝ ես պետք է ասեմ, որ ցանկացած համագործակցություն ցանկացած քաղաքական միավորման հետ պետք է ունենա որոշակի գաղափարական հենք։ Մենք չենք կարող դաշինքներ կազմել այնպիսի ուժերի հետ, որոնք ունեն առանցքային, սկզբունքային տարաձայնություններ մեր պատկերացրած տեսլականի հետ կապված։ Բայց մենք կարող ենք համագործակցել ցանկացած ուժի հետ ընտրական պրոցեսներում վերահսկողական մոնիտորինգ իրականացնելու առումով»։



Մեր ճշտող հարցին՝ ի վերջո խորհդարանական ընտրություններում դաշինքով ներկայանալու հավանականությունը բացառում է, թե՞ ոչ, նորաթուխ կուսակցապետն ասաց․ «Մեծ քաղաքականության մեջ բացառել ինչ-որ դաշինքների հետ կապված բաներ, կարծում եմ՝ այնքան էլ ճիշտ չէ, բայց դրա սկզբունքային մոտեցումը ես ասացի»։



Իսկ այս պահին գաղափարական առումով կա՞ն այնպիսի ուժեր, որոնց հետ ունեն ընդհանրություններ, արևմտամետ Մարուքյանն ասաց, որ այս պահին գաղափարական առումով կան ուժեր, որոնք որ խոսում են եվրոպական ինտեգրացիայի մասին, բայց կարծում է, որ այդ համագործակցությունը նոր է սկսվելու, և հիմա վաղ է հայտարարել որևէ քաղաքական ուժի անուն։



Ի դեպ, համագումարին որևէ այլ քաղաքկաան ուժ հրավիրված չէր, ներկա էին միայն իրենց կուսակցության մոտ 200 պատվիրակներ և լրագրողներ։ Մարուքյանը դա պատճառաբանեց նրանով, որ իրենք դեռ չեն համագործակցում որևէ քաղաքական ուժի հետ․ «Մենք նոր ենք ստեղծվում, մենք ինքներս մեզ ենք ստեղծում, երբ որ կսկսենք համագործակցել, այդ անունները, բնականաբար, կհրապարակենք»։



Ինչ վերաբերում է ընտրությունները կեղծելուց հետո իրենց քվեն պաշտպանելու և կեղծիքների դեմ պայքարելու հարցին, «Լուսավոր Հայաստանի» խորհրդի նախագահն ասաց․ «Լուսավոր Հայաստանը ընտրությունների և կեղծիքների դեմ չի պայքարելու պոստ ֆակտում։ «Լուսավոր Հայաստանը» ընտրությունների պրոցեսում, ընտրությոններից առաջ և ընթացքում է պայքարելու կեղծիքների դեմ, որը բացառելու է պոստ ֆակտում պայքարը։ Դրա արդյունքում, բնականաբար, ես այս պահին կարող եմ հայտարարել, որ «Լուսավոր Հայաստանն» ունենալու է լուսավոր մարդիկ ՀՀ-ում իրականացվող ՏԻՄ-երում 2016 թվականին, ունենալու ենք լուսավոր խմբակցություն 2017 թվականի խորհրդարանում»։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ