«Լուսավոր Հայաստանը»՝ վտանգավոր քաղաքական ու՞ժ իշխանության համար

«Լուսավոր Հայաստանը»՝ վտանգավոր քաղաքական ու՞ժ իշխանության համար

Այսօր տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը, որի խորհրդի նախագահ ընտրվեց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Համագումարից հետո վերջինս պատասխանեց լրագրողների հարցերին։ Մինչ այդ Մարուքյանը պարզաբանեց, թե որտեղից իրենց գումար կուսակցություն ստեղծելու, այդ թվում՝ թանկարժեք «Մարիոթ» հյուրանոցի ամենամեծ սրահում բավականին շքեղ ձևով համագումար անցկացնելու համար։ Ի դեպ, համագումարի մեկնարկը ուղեկցվեց արևմտյան ոճով կազմակերպված երաժշտական կատարմամբ․ հրավիրված էին ջութակահարներ, որոնք մինչ բուն միջոցառման սկսվելը, ներկաների համար դասական երաժշտություն էին նվագում։ Իսկ ավարտին տեղի ունեցավ հյուրասիրություն։



Մարուքյանն ասաց, որ այդ ամենը իրենք կազմակերպել են երկու անգամ դրամահայթայթման միջոցառումներ իրականացնելու արդյունքում ձեռք բերված գումարներով։ Այդ դրամահայթայթման ընթացքում իրենց10-100 հազար դրամի չափով նվիրատվություններ են արել տարբեր անձինք, որոնք, ըստ Մարուքյանի, հանրությանը անհայտ դեմքեր են, և նրանցում որևէ օլիգարխ չկա։



Արդեն ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը խնդրեց մեկնաբանել ընդդիմադիր որոշ քաղաքական ուժերի կողմից հնչած այն տեսակետները, թե «Լուսավոր Հայաստանը» իշխանության երիտթևի, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի կողմից հովանավորվող կառույց է, որն ապագայում լինելու է փափուկ ընդդիմություն, իշխանության համար չի լինելու վտանգավոր, փողոցային պայքարից էլ ժողովրդին հեռու է պահելու։



Ի պատասխան՝ Մարուքյանը նախ նշեց, որ իրենք աշխատելու են չմեկնաբանել այդպիսի մոտեցումներն ու մեկնաբանությունները։ Բայց քանի որ սա իրենց պաշտոնական ասուլիսն է, նորաստեղծ կուսակցության խորհրդի նախագահը որոշեց մեկնաբանել այն, ինչը, իրականում, աշխատում են չմեկնաբանել։



«Այն քաղաքական ուժերը, որոնք որ փորձում են, և խոսքը չի գնում միայն «Լուսավոր Հայաստանի» մասին, նորաստեղծ ցանկացած միավորման մասին նման լուրեր տարածվում են, և ովքեր որ դրանք տարածում են, դրանք մի միտում ունեն․ նրանք հասկանում են, որ իրենց առօրյա, ամենօրյա հացը պետք ա կտրացնեն ընդդիմադիր դաշտում այդ նոր եկող քաղաքական ուժերը, որովհետև էդ նոր եկող քաղաքական ուժերը ավելի ուժեղ են իրենց մոտեցումներով։ Նրանք ավելի առանցքային են, ավելի համակարգված են, ավելի ինստիտուցիոնալ են, ավելի արժեքների վրա խարսխված են, և, բնականաբար, առաջ է գալիս բնական վախ։ Գիտե՞ք՝ երկու վախը մի մահ է։ Մենք չենք որդեգրելու էն մոտեցումը, որ մեզ անընդհատ ասեն՝ դուք ուղտ ենք, մենք ասենք՝ չէ, մենք ուղտ չենք։ Դա աբսուրդ է։ Եվ, հետևաբար, էդ բոլոր բամբասանքները, դրանք բամբասանքներ են միայն, և ես ասեցի, թե ինչի համար են դրանք արվում»,-ասաց նա։



Պատգամավորի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունում 25 տարի փողոցային պայքարը որևէ բան չի տվել, քան հասարակությունը բևեռացնել, կիսել, ատելություն սահմանել իրար նկատմամբ, իսկ վերջում ավարտել բուռն արտագաղթով։



«Ես գտնում եմ, որ իշխանության համար ամենավտանգավոր քաղաքական ուժերը, դա «Լուսավոր Հայաստանի» նման քաղաքական ուժերն են։ Այդ որ դուք ասում եք՝ վտանգ չեն ներկայացում, բան, ես կարծում եմ, որ դա հենց ձևավորված մտացածին հարց է»,-ասաց նորաստեղծ կուսակցության ղեկավարը։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ