Երբ պետությունը դառնում է շահագրգիռ կողմ, էլ ի՛նչ ընտրություն. Ազատ Արշակյան

Երբ պետությունը դառնում է շահագրգիռ կողմ, էլ ի՛նչ ընտրություն. Ազատ Արշակյան

ԽՍՀՄ օրոք քաղբանտարկյալ, Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը, որը մասնակցում էր սահմանադրական փոփոխությունների քարոզարշավին, կարծում է, որ պետությունը պետք է կազմակերպեր եւ անցկացներ քարոզարշավը, քվեարկությունը եւ անվտանգությունը՝ արդարությունը, թափանցիկությունը եւ անվիճելիությունը:



«Երբ ես պարզեցի, որ վարչապետը զբաղվել է ոչ թե իր պաշտոնով նախատեսված գործունեությամբ, այլ՝ դարձել է կողմերից մեկի շտաբի պետը, նշանակում է, որ պետը ոչ թե կազմակերպում է սահմանադրական բարեփոխումների ողջ գործընթացը, այլ՝ հրամայում է պետական համակարգին ծառայել կողմերից մեկին, այսինքն՝ «այո»-ին: Դա բռնության սպառնալիք է եւ հակապետական դիրքորոշում: Դրանով պետությունը սերտաճեց, նույնականացավ կուսակցության հետ, եւ իշխանությունը դուրս եկավ ընդդեմ ՀՀ քաղաքացիների ազատ կամքի դրսեւորման»,-ասում է Ազատ Արշակյանը:



Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Սահմանադրական դատարանի նախագահը սահմանադրական բարեփոխումների նախագծի համահեղինակներից մեկն է, ինչը մեր երկրի օրենքների կոպիտ խախտում է, քանի որ դատավորները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ: Ըստ Ազատ Արշակյանի՝ դա նաեւ հրահանգ էր մյուս դատարաններին, որ իրենց դատավճիռները ուղղված են լինելու ՍԴ նախագահի դեմ, եւ բնական է, որ ՍԴ-ն կչեզոքացնի բոլոր վճիռները՝ որպես շահագրգիռ կողմ:



«Շատ հնարավոր է, որ որոշ դատավորներ պատժվեն»,-ասաց մեր զրուցակիցը: Նրա կարծիքով՝ այս երկու կարեւոր հանգամանքներից հետո քարոզարշավը, քվեարկության գործընթացը, վստահված անձանց, հանձնաժողովի անդամների, դիտորդների աշխատանքը դառնում է անհետաքրքիր, որովհետեւ եթե պետությունը համարվում է շահագրգիռ կողմ, էլ ի՞նչ ընտրություն, քվեարկություն, արդարություն, այդ ամենը ծաղր է:
Ազատ Արշակյանը կարծում է, որ գործադիր եւ դատական իշխանությունները դակեցին այս խոտան սահմանադրությունը:



Ինչ վերաբերում է սահմանադրության բովանդակությանը, ապա, ըստ Ազատ Արշակյանի, այն իր բազմաթիվ հոդվածներով հակաժողովրդավարական է:
«ՀՀ-ի փորձագետների մի զգալի մասը տվել է իր բացասական եզրակացությունը, իսկ Վենետիկի հանձնաժողովը լրջագույն դիտողություններ է արել որոշ հոդվածների վերաբերյալ »,- հիշեցնում է Ազատ Արշակյանը:



Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ