ՀՀ պետական մրցանակն այս տարի կստանա Հակոբ Մովսեսը

ՀՀ պետական մրցանակն այս տարի կստանա Հակոբ Մովսեսը

ՀՀ պետական մրցանակը, որ տրվում է երկու տարին մեկ անգամ, շնորհվում է գրականության եւ արվեuտի, ճարտարապետության եւ քաղաքաշինության, ճշգրիտ եւ բնական, հումանիտար եւ հասարակական գիտությունների բնագավառներում լավագույն uտեղծագործություններին եւ հայտնագործություններին: ՀՀ պետական մրցանակի հաղթողին հանձնվում է դափնեկրի վկայագիր, կրծքանշան եւ դրամական պարգեւ` տասը հազար դոլարի չափով: 



Թեեւ պաշտոնապես հայտարարված չեն արդյունքները, եւ պաշտոնական արարողությունն էլ, ամենայն հավանականությամբ, կլինի հունվարին, բայց մեզ արդեն հայտնի է, որ օրերս կայացած նիստում որոշվել է գրականության եւ հրապարակախոսության ոլորտում պետական մրցանակն այս տարի տալ բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսին՝ «Յոթներորդ որսորդություն» գրքի համար։



Իսկ պետական մրցանակին այս տարի հավակնել են 12 հոգի, որոնց մեջ են եղել Ռազմիկ Դավոյանը, Ղուկաս Սիրունյանը, Դավիթ Հովհաննեսը, բայց եզրափակիչ փուլ են անցել Հուսիկ Արայի, Գուրգեն Խանջյանի, Արեւշատ Ավագյանի եւ Հակոբ Մովսեսի ներկայացրած գրքերը։ ՀՀ պետական մրցանակի հանձնաժողովում այս տարի ընդգրկված է եղել 9 հոգի` Հենրիկ Էդոյանը, Ավիկ Իսահակյանը, Վազգեն Գաբրիելյանը, Դավիթ Գասպարյանը, Աելիտա Դոլուխանյանը, Արծրուն Ավագյանը, Արքմենիկ Նիկողոսյանը, Հասմիկ Հակոբյանը եւ Արամ Գրիգորյանը, որը նախագահել է պետական մրցանակի հանձնաժողովը։



Ի տարբերություն 2 տարի առաջվա, երբ ներկայացված էր 50-ից ավելի գիրք, այս տարի մրցանակի համար ներկայացված 12 գրքերի համար Արքմենիկ Նիկողոսյանն ուրախ է։ «Մեծ հաշվով, լավ մրցույթ էր այս անգամ, շատ լավ գրքեր կային ներկայացված, ու շատ հավասար պայմաններում է անցել ամբողջ մրցույթը եւ քննարկումները, եւ քվեարկությունները, իսկ հաղթողն ընդամենը 1-2 միավորի առավելությամբ է հաղթել։ Սա այն դեպքն է, որ չես կարող ասել՝ արժանի չէր, եւ հանձնաժողովն էլ այս անգամ ավելի մեծ պատասխանատվությամբ է աշխատել, քան նախորդ անգամ։ Երեւի նախորդ անգամվա քննադատությունները, մերկացումները, որ եղան տարբեր մարդկանց կողմից, իմ կարծիքով, դեր խաղացին։ Նույն Հուսիկ Արայի գիրքը, որ եզրափակիչում է, դա արդեն հանձնաժողովի պատասխանատու աշխատանքի ցուցիչ է, որովհետեւ Հուսիկի գիրքն այնպիսի գիրք է, որ անհնար էր կարդալ ու ցածր բալեր նշանակել այդ գրքին, իսկ նախորդ անգամ այդ տեսակ միտում կար։ Այս անգամ երեւում էր, որ մարդիկ կարդացել են ու չեն կարողանում իրենց խղճին դեմ գնան»,-մեզ հետ զրույցում ասաց Նիկողոսյանը։



Ինչ վերաբերում է այդքան խոսվող ու նաեւ գրականության ոլորտում դրվող «հերթերին», ապա, ըստ գրականագետի, գրական ընթացքն այնպիսի բան է, որ երբեմն այդ հերթերն էլ ակամա են առաջանում, պարտադիր չէ, որ ուղղորդվի կամ թելադրվի։ Խոսքն այն «հերթերի» մասին է, երբ մրցանակը շնորհվում է հին վաստակի համար, եւ մոտավորապես պայմանավորվում են ու պարտվողին ասում՝ այս տարի տալիս ենք այս գրողին, բայց հաջորդ տարի դու կստանաս։



Նշենք, որ վերջին տարիներին այս ոլորտում պետական մրցանակներ են շնորհվել Էդվարդ Միլիտոնյանին՝ «Է» ժողովածուի համար (2013թ.), Հովհաննես Գրիգորյանին` «Երբեք չմեռնես - ահա թե ինչ կասեմ քեզ» գրքի համար (2011թ.), Վահագն Գրիգորյանին` «Ժամանակի գետը» գրքի համար (2009թ.), Պերճ Զեյթունցյանին՝ «Մի նայիր հայելուն» հատորի, եւ բանաստեղծ Հենրիկ Էդոյանին՝ «Երեք օր առանց ժամանակի» բանաստեղծությունների ժողովածուի համար (2005թ.):