Մենք իրան գործից չենք հանել, գլխավոր դիրիժորի հաստիքն ենք հանել

Մենք իրան գործից չենք հանել, գլխավոր դիրիժորի հաստիքն ենք հանել

Երեկ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ թատրոնում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, որոնք միտված են բացառապես ստեղծագործական որակի բարձրացմանը: Փոփոխությունների առաջարկն արվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի կողմից: Կատարված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կրճատվել է թատրոնի գլխավոր դիրիժորի եւ երաժշտական ղեկավարի հաստիքը, քանի որ թատրոնն արդեն ունի գեղարվեստական ղեկավար: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում գլխավոր դիրիժորի հաստիք այլեւս չի լինելու: Թատրոնն այսօր ունի երեք դիրիժոր՝ Աթանես Առաքելյան, Հարություն Արզումանյան, Ռուբեն Ասատրյան: Իսկ իտալացի նշանավոր դիրիժոր Ջանլուկա Մարչանոն թատրոնի հետ կշարունակի իր համագործակցությունը հրավիրյալ դիրիժորի կարգավիճակով: Առաջիկայում նախատեսված է նաեւ այլ հրավիրյալ դիրիժորների հետ համագործակցություն: Կարեն Դուրգարյանին առաջարկվել է շարունակել աշխատել որպես թատրոնի դիրիժոր, սակայն վերջինս հրաժարվել է: 



Օպերային թատրոնում երաժիշտների համար այս փոփոխությունն անակնկալ է եղել, կատարվածի մասին նրանք իմացել են շշուկներից, որեւէ մեկը կոլեկտիվին չի հայտնել դրա մասին, անգամ Դուրգարյանը հեռանալուց առաջ չի եկել հրաժեշտ տալու։ Գեղամ Գրիգորյանի այս որոշումը թատրոնում զարմացրել է շատերին, քանի որ, ինչպես նկատեցին, «հենց ինքն է Կարենին բերել թատրոն»։ Թե ինչ սեւ կատու է անցել գեղարվեստական ղեկավարի եւ գլխավոր դիրիժորի միջեւ, պարզ չէ, այնուհանդերձ, աշխատանքային վեճեր կամ անհամաձայնություններ ոչ ոք չի նկատել, ինչից ոմանք ենթադրում են, որ խնդիրը, հավանաբար, անձնական բնույթի է եղել։



Կարեն Դուրգարյանից այս օրերին ոչ մի պարզաբանում ստանալ չհաջողվեց, նա չի պատասխանում զանգերին։ Կապվեցինք Գեղամ Գրիգորյանի հետ եւ խնդրեցինք մի փոքր մանրամասնել, թե, այնուամենայնիվ, ինչով էր պայմանավորված այդ կրճատումը.



- Դա ի՞նչ մանրամասնելու բան ա, ուզում ենք, որ աշխատանքը լավանա, նոր բան ենք անում, նոր ծրագրեր ունենք, ամեն ինչ պիտի դնե՞նք բոլորի առաջ, բացատրենք, արդարանանք, ես չեմ հասկանում...



- Այսինքն՝ մինչ այդ լավ չէ՞ր աշխատանքն օպերային թատրոնում:



- Այո, շատ վատ էր:



- Գլխավոր խնդիրը գլխավոր դիրիժորի հաստիքի մե՞ջ էր, որ կրճատեցիք:



- Դա էլ էր... դիրիժորը... նա էլ էր վատ ղեկավարում երաժշտական մասը, ինքը շատ բաներ պիտի աներ, որը չի արվել։



- Սրանից հետո հրավիրյալ դիրիժորներո՞վ է աշխատելու օպերային թատրոնը:



- Այո, շատ կլինեն, մինչեւ կտեսնենք՝ ով կա, ինչ կա, ամեն մեկն իր աշխատանքը կանի։



- Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ մամուլում անընդհատ գրվում է, թե այս ամենը միտված էր նրան, որ Սերգեյ Սմբատյանը գա թատրոն՝ որպես գլխավոր դիրիժոր։



- Ես դրա մասին ոչ ասել եմ, ոչ գրել եմ, ով ինչ մտածում է, ես դրա համար պատասխաններ չեմ կարող տալ... ամեն մեկն իր ձեւով մտածում է, ինչ ուզում են՝ մտածում են, դա ի՞նչ կապ ունի, ես բամբասանքներով չեմ զբաղվում...



- Բայց, այնուամենայնիվ, Սմբատյանին արժանի թեկնածու համարո՞ւմ եք, եթե մի օր նորից վերականգնեք գլխավոր դիրիժորի հաստիքը։



- Բոլորն արժանի են, ով աշխատում է ճիշտ ձեւով... ինձ հիմա ով պետք է, նրանց կվերցնեմ, հետո կտեսնեմ։



- Ասում են, որ Ձեր այդ որոշումն ավելի շատ անձնական խնդիր էր Կարեն Դուրգարյանի հետ, քան աշխատանքային։



- Անձնական խնդիր չի կարող լինի... ես տենց բաներ չունեմ, էդ մանր-մունր մարդկանց բաներ ա։



- Այդ դեպքում ինչո՞ւ չի եկել հրաժեշտ տալու երաժիշտներին, կոլեկտիվին։



- Չգիտեմ, դա իր գործն է, իրանից հարցրեք, իրան ոչ ոք չի հանել, ինքը չի ուզում աշխատի երեւի, ես խաբար չեմ, մենք իրան գործից չենք հանել, մենք գլխավորի հաստիքն ենք հանել, այդքան բան։