«Վարդապետի լռությունը» փորձ է Կոմիտասին վերադարձնելու մեզ․ Չալդրանյան

«Վարդապետի լռությունը» փորձ է Կոմիտասին վերադարձնելու մեզ․ Չալդրանյան

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանի Կոմիտասին նվիրված «Վարդապետի լռությունը» ֆիլմի նախացուցադրությունը։ Ֆիլմում, որը ներկայացնում է Կոմիտասի լռությունը 1915-ից հետո, կա մի քանի իրականություն՝ 1915թ-ը, երբ հայ մտավորականության սերուցքը քայլում է անապատներով՝ մահվանն ընդառաջ, Կոմիտաս վարդապետի կենսագրության փարիզյան շրջանը՝ պարուրված նրա լռությամբ եւ մեր օրերում ապրող ֆիլմի հերոսը՝ Էդգար Նովենցը, ով ժամանակակից ճանաչված գրող է եւ մտասևեռված է իր՝ «Վարդապետի Լռությունը» վեպի ստեղծման վրա։ 



Էդգար Նովենցին մարմնավորող Վարդան Մկրտչյանը, ով իր համոզիչ խաղով ֆիլմն իր ուսերին է տանում, բացի նրանից, որ ֆիլմում փորձում է հասկանալ, թե ինչու էր Կոմիտասը լռում, անհաղորդ չի մնում նաեւ իր ուսանողների, երկրի սոցիալ քաղաքական կյանքին։ Երկրորդ պլանում հեռուստացույցից երեւացող քաղաքացիների եւ ոստիկանների բախումը, Նալբանդյանի արձանի մոտ Նովենցի, նրա ուսանողի ու ոստիկանների հետ կարճ դիալոգը, Ազատության հրապարկում բռունցքներն օդում ճոճող ցուցարարների դրվագը, 1915-ի կողքին ուրվագծում են 2015-ի իրականությունը եւ ըստ էության թեկուզ հպանցիկ արտահայտում Չալդրանյանի մինչ այս չընդգծված քաղաքացիական կեցվածքը։ Ռեժիսորը, ով ֆիլմում կարճ երեւում է եւ խաղում է հենց ինքն իրեն, փորձում է օգնել գլխավոր հերոսին վարդապետի լռությունը հասկանալու հարցում։ Հետաքրքիր է հատկապես այն դրվագը, երբ զրույցի ընթացքում Չալդրանյանը ասում է, որ այսօրվա հերոսը չպետք է լռի, ապա կարծես՝ ի դեմս Նովենցի, ինքն իրեն հակադարձում․ «Իսկ ինչո՞ւ եք դուք լռում»՝ «Իմ ֆիլմերն են խոսում» պատասխանին հնչում է Նովենցի ռեպլիկը, որն ըստ էության հենց Չալդրանյանի ինքնահեգնումն է «Այսօր մարդիկ ոչ գիրք են կարդում, ոչ էլ ձեր ֆիլմերն են նայում»։



Հենվելով արխիվային նյութերի, հոգեբանական վարկածների վրա՝ հերոսը փորձում է բացահայտել Կոմիտաս վարդապետի Վիլ-Ժուիֆի հոգեբուժարանում գտնվելու կյանքի վերջին տարիների առեղծվածը: Եվ դրա համար մեկնում է Փարիզ։ Հոգեբուժարանում արված նկարահանումները դոկումետալ կադրեր են, որն ինչպես հետո ռեժիսորը պատմեց, հանպատրաստից են նկարել՝ չիմանալով ինչ են տեսնելու, միաժամանակ ցանկանալով փոխանցել առաջին պահի զգացողությունները։ Բայցեւայնպես վարդապետի լռությունը հասկանալու եւ իր վեպին ճշմարտացիություն հաղորդելու նպատակով հերոսն անցնում է Կոմիտասի տառապանքի ճանապարհը: Սոնան, հոգեբուժարանում ապրող «Զրո» պապը, Կոմիտասի հետ արդեն նույնացված Նովենցը ամեն մեկն իր չափով գալիս է բացելու Կոմիտասի լռության պատճառները։ Կոմիտասին ֆիլմում մարմնավորում են Արտո Խաչատուրյանը, Վաչե Շարաֆյանը, Գռաֆսերը։



«Այսօր Կոմիտասը ցավոք, փողոց է եւ պանթեոն, որը շատերը չեն էլ այցելել»,-ֆիլմից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վիգեն Չալդրանյանը՝ նշելով, որ փորձել է Կոմիտասին բացել իր լռության մեջ, միաժամանակ նպատակ էր դրել անել ֆիլմ՝ առանց մի կաթիլ արյունի, քանի որ աշխարհն այսօր արյուն չի սիրում եւ պետք է այլ լեզվով խոսես նրա հետ։ Ինչպես ֆիլմում է ասվում, նա եւս մեկ անգամ ընդգծեց, որ Կոմիտասին մեր մեջ պետք է փնտրենք, ոչ թե Փարիզում։ Խոսելով ֆիլմի նկարահանման ընթացքից նա նկատեց, որ սարսափելի պատասխանտվություն եւ տագնապի դաշտ էր ստեղծվել իր շուրջ, քանի որ ամեն հայ Կոմիտասի իր մեկնաբանությունն ունի, բայց միանշանակ է, որ այսօր Կոմիտասին վերադառնալու խնդիր ունենք։ Չալդրանյանը նաեւ նշեց, որ սա գուցե իր վերջին ֆիլմն է լռության մասին, քանի որ այս ֆիլմով լռությունը կարծես ճեղքվեց։



Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի մշակույթի նախարարության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի, Հայաստանի Ազգային կինոկենտրոնի և «Շարմ Հոլդինգի» մասնակցությամբ: Ինչ վերաբերում է բյուջեին, ապա ֆիլմի նկարահանման համար Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի կողմից հատկացվել է 50 միլիոն դրամ, մշակույթի նախարարությունից՝ 35 միլիոն դրամ, եղել են նաեւ անհատներ: ֆիլմի դիստրիբյուցիայով զբաղվելու է «Շարմ Հոլդինգը», որի ներկայացուցչի խոսքերով ֆիլմը «Օսկար»-ի ներկայացնելու մտադրություն եւս կա։



Սոնա Ադամյան