Տեղյակ են, բայց բարոյապես իրավասու չեն խառնվելու Օպերային թատրոնի գործերին

Տեղյակ են, բայց բարոյապես իրավասու չեն խառնվելու Օպերային թատրոնի գործերին

Այսօր մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը ամփոփիչ ասուլիսով հանդես եկավ՝ ներկայացնելով մշակույթի մի շարք ոլորտներում կատարված աշխատանքը թվային պատկերով՝ շրջանցելով վերջին օրերի թոփ խնդիրը՝ Օպերային թատրոնի հարցը։ Բայցեւայնպես հարց ու պատասխանի ընթացքում չուշացավ հարցն այն մասին, թե ինչ դիրքորոշում ունի մշակույթի նախարարությունը Օպերային թատրոնում ընթացող կառուցվածքային փոփոխությունների շուրջ, որի հետեւանքով թատրոնից կրճատվեց գլխավոր դիրիժորի հաստիքը՝ ի դեմս Կարեն Դուրգարյանի։ Պարզվեց փոխնախարարը տեղյակ է իրավիճակին, հնարավորություն է ունեցել կարծիքներ փոխանակելու, ինչպես նաեւ լսելու, բայց մշակույթի նախարարությունը թե իրավական թե բարոյական առումով իրավասություն չունի խառնվելու կոլեկտիվի ներքին ստեղծագործական հարցերին, քանի որ թատրոնը նոր գեղարվեստական ղեկավար ունի, ով թատրոնի զարգացման հետ կապված իր յուրահատուկ տեսլականն ունի, այն է՝ հրավիրյալ դիրիժորների միջոցով նոր ստեղծագործություններ բեմադրել։ Ուստի մշակույթի նախարարությունը  նպատակահարմար է գտնում թույլատրել իրականացնել այդ ծրագիրը։ Այն դիտարկմանը, որ հրավիրյալ դիրիժորներն ավելի թանկ արժեն, ապա ըստ նրա, եթե նույնիսկ ավելի թանկ արժեն, միեւնունն է պետք է թողնել, որ աշխատեն։



Ինչ վերաբերում է Օպերայի ներսում առկա դժգոհություններին, ապա, ըստ Պողոսյանի, այն, որ մարդիկ կարծիքներ են հայտնում դժգոհությունների ձեւով, միանգամայն նորմալ պրոցես է։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես կարող է օպերային թատրոնն առանց գլխավոր դիրիժորի, ապա Պողոսյանի դիտարկմամբ չկա կոնկրետ մոդել, որը ճիշտ է, եւս մեկ անգամ շեշտելով, որ եթե ամբողջ պատասխանտվությունը Գեղամ Գրիգորյանը իր վրա է վերցրել, ապա իրավասու չեն խառնվելու, եթե տեսնեն, որ այդ մոդելը չի աշխատում, նոր կմիջամտեն։ Ինչ վերաբերում է Կարեն Դուրգարյանին ու այն խոսակցություններին, որ նա պատրաստվում է հեռանալ երկրից, ապա ընդհանրացնելով հարցը նա նշեց, որ լավ չէ, երբ քաղաքացին ուզում է հեռանալ երկրից, իսկ Դուրգարյանի մասին ոչինչ չի կարող ասել։