Ամեն ինչ գրողի ծոցն է գնում արագացված տեմպերով

Ամեն ինչ գրողի ծոցն է գնում արագացված տեմպերով

«3-4 տարի առաջ, երբ Թուրքիայում էի, ինձ հալածում էին և ասում, որ չեն ընդունում ցեղասպանությունների հետ կապված քննադատաբար հնչող տեսակետները: Իսկ իմ պատասխանն այսպիսինն էր` դուք չէ, որ պետք է ցեղասպանությունների մասին ինչ-որ կարծիք հայտնեք, քանի որ 1915-ին 1․5 մլն հայերի եք կոտորել: Իմ այս ելույթի հաջորդ օրն իսկ հեռացա Թուրքիայից: Պարզվում է` իմ հեռանալու օրը շվեյցարիացի մի կինոռեժիսորի, որ ինձ շատ նման է արտաքինով, թուրքերը հարձակվել և ծեծել էին` կարծելով, թե ինձ են ծեծում: Փաստորեն, նրանք դեռ շարունակում են դեպքերին բնազդային արձագանք տալ»,-այս մասին այսօր հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց աշխարհահռչակ կինոռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան, ով այսօր The No Smoking Orchestra-ի հետ համերգ է ունենալու Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Կուստուրիցան արդեն 2-րդ անգամ է խմբի հետ համերգով հանդես գալիս Երևանում:



Նա նշեց, որ շատ ուրախ է նորից լինել մի երկրում, որի հետ իրենք` սերբերը, շատ նմանություններ ունեն․ «Բայց մեր և ձեր միջև մեկ մեծ տարբերություն կա` դուք միասնական եք, և շնորհիվ ձեր ջանքերի` դրսում ձեզ ճանաչում են որպես Ցեղասպանության ենթարկված մի ազգ: Մեզ մոտ այլ կերպ է ամեն ինչ ձևակերպվել. սերբերս` որպես մի ազգ, որը պարբերաբար ցեղասպանությունների է ենթարկվել, միասնաբար հանդես չենք գալիս դրա դեմ, և մեր անմիաբանությունը հանգեցրել է անգամ այն իրավիճակին, որ զոհի կարգավիճակից արդեն որպես մեղավորի են ներկայացնում»:



Կուստուրիցան խոսեց նաեւ ներկայիս կրոնական, քաղաքական իրավիճակի մասին, որ տիրում է ամբողջ աշխարհում, նշելով որ բոլորի շարժիչ ուժը հզոր, ազդեցիկ լինելն է, մի քանի ընտանիք ամբողջ աշխարհին է տիրում, իսկ աշխարհը շատ բարձր գին է վճարում ԱՄՆ-ի հարմարավետության համար։ Կուստուրիցան ասում է՝ ամեն ինչ գրողի ծոցն է գնում, արագացված տեմպերով դեպի դժոխք, և միակ ձևը, որի միջոցով կարող ենք փրկվել, սոցիալական միջավայր ստեղծելն է, որտեղ մարդիկ իրենց լավ կզգան; Ու քանի որ չի ուզում հարմարվել այդ միջավայրին, ստեղծել է իր միջավայարը՝ հիմնելով գյուղ, որտեղ էլ ապրում է։



Կուստուրիցային խնդրում են ասել, թե ինչ խորհուրդ կտա լսել, կարդալ, ինչին այսպես է պատասխանում «Այն ինչ ես էի լսում աբսուրդ կլինի՝ ասեմ Իգլս լսեք կամ Բոբ Դիլան, ոնց որ ասեմ անապատում նստած Միքելանջելոյի կտավներին նայեք։ Փոփ արտը փորձում է այսօր անգամ Միքելանջելոյի իմաստը ոչնչացնել։ 70-ականներին Բոբ Դիլանը ավելի կարեւոր էր եւ ազդեցիկ, քան ԱՄՆ-ի նախագահը, բայց 3 տարի առաջ նա խորվատներին մեղադրեց նացիզմի մեջ եւ հիմա իրեն դատում են, բայց 70-ականներին դրա մասին պատկերացնել անգամ հնարավոր չէր»։ Չնայած որ նախընտրում է ոչ ռեժիսոր, ոչ էլ երաժիշտ Կուստուրիցային, այլ գրողին, բայց խոստովանում է, որ կինոյում իրեն զգում է ինչպես պատերազմի դաշտում, իսկ երաժշտության մեջ կարծես խոհանոցում լինի, երբ ամեն ինչ խմորվում է։



Ամանորին շեմին Կուստուրիցան Ձմեռ պապից հաստատ չի խնդրի «Կոկա-կոլա», ապա իրեն հատուկ հումորով նկատում, որ Կոլան գնալով իրենով է անում Ձմեռ պապին, այնուհանդերձ մի բան կխնդրեր՝ աշխարհը հետ պահել պատերազմներից եւ Մարադոննային առանց գործի չթողնել։