Օպերային թատրոնում ստեղծագործական խաղաղ մթնոլորտ են ուզում, ուրիշ ոչինչ

Օպերային թատրոնում ստեղծագործական խաղաղ մթնոլորտ են ուզում, ուրիշ ոչինչ

Դեկտեմբերի վերջին Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կատարված կառուցվածքային փոփոխությունները միայն տարակուսանք ու հարցադրումներ առաջացրին թե օպերային թատրոնում եւ թե դրանից դուրս։ Չնայած կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կրճատվեց թատրոնի գլխավոր դիրիժորի եւ երաժշտական ղեկավարի հաստիքը, նորանշանակ գեղարվեստական ղակավար Գեղամ Գրիգորյանը մեզ հետ ունեցած տարեվերջյան զրույցի ժամանակ ասաց, որ դրանով ցանկանում է օպերային թատրոնի աշխատանքը լավացնել։ Ստացվում է, որ խանգարողը գլխավոր դիրիժորի հաստի՞քն էր։ «Դա էլ էր... դիրիժորը... նա էլ էր վատ ղեկավարում երաժշտական մասը, ինքը շատ բաներ պիտի աներ, որը չի արվել»,- ասաց Գրիգորյանը, անդրադառնալով Դուրգարյանի՝ թատրոնից հեռանալու փաստին։ 



Հետաքրքիր է, որ կատարվածի նկատմամբ լռություն էր պահպանում ոչ միայն օպերային թատրոնի տնօրենը, այլ նաեւ մշակույթի նախարարությունը, միայն տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը նշեց, որ տեղյակ է իրավիճակին, բայց մշակույթի նախարարությունը թե իրավական, թե բարոյական առումով իրավասություն չունի խառնվելու կոլեկտիվի ներքին ստեղծագործական հարցերին, քանի որ թատրոնը նոր գեղարվեստական ղեկավար ունի, որը թատրոնի զարգացման հետ կապված իր յուրահատուկ տեսլականն ունի, այն է՝ հրավիրյալ դիրիժորների միջոցով նոր ստեղծագործություններ բեմադրել։ Ուստի մշակույթի նախարարությունը նպատակահարմար է գտնում թույլատրել իրականացնել այդ ծրագիրը։



Այս խուսափողական գնահատականը եւս մեկ անգամ շրջանառության մեջ դրեց այն խոսակցությունները, որ փոփոխություններն իրականացվում են Հասմիկ Պողոսյանի եւ Արմեն Սմբատյանի կողմից՝ հետագայում վերջինիս որդուն՝ Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանին գլխավոր դիրիժորի պաշտոնում բերելու համար։ Սմբատյանը, որը նույնպես հանդես եկավ ասուլիսով՝ անդրադառնալով օպերային թատրոնում կատարված փոփոխություններին, չցանկացավ քննարկել դրանք՝ նշելով միայն. «Հպարտ եմ, որ մաեստրոն կա այսօր Հայաստանում, եւ թատրոնն ունի ճիշտ սկզբունքներով ղեկավարող Գեղամ Գրիգորյանին»: Ինչ վերաբերում է իր անձին եւ այն խոսակցություններին, որ գլխավոր դիրիժորի հաստիքը պատրաստվում է իր համար, նշել էր, որ նման ցանկություն չունի եւ օբյեկտիվ որեւէ պատճառ չի գտնում այդ խոսակցությունները տարածելու մեջ։



Կարեն Դուրգարյանը, որն այդ օրերին լռություն էր պահպանում, խոսեց ամենավերջում եւ, ինչպես իրեն սատարողներից մեկը նշեց, ոչ համարձակ։ Հրավիրված ասուլիսին, որի ժամանակ դահլիճում էին նաեւ երաժիշտներ, նա խնդրին անդրադարձավ Աշխատանքային օրենսգրքի տեսանկյունից՝ ընդգծելով, որ իրեն տեղյակ են պահել ոչ թե մի քանի ամիս, այլ մի քանի օր առաջ, ապա, անդրադառնալով Գեղամ Գրիգորյանի կատարած փոփոխությանը, նշեց, որ այդ որոշումը կայացնելուց առաջ գեղարվեստական խորհուրդ չի հավաքվել, եւ այդ փոփոխությունն ինչ-որ կերպ չի բացատրվել։ Ապա մամուլում հայտնվեց տեղեկություն, որ օպերային թատրոնի նվագախումբը բաց նամակով դիմել է ՀՀ նախագահին՝ թատրոն վերադարձնելու դիրիժոր Կարեն Դուրգարյանին։



Ինչպես երեկ տեղեկացանք օպերային թատրոնից, այս պահի դրությամբ երաժիշտների միակ ցանկությունը ստեղծագործական խաղաղ մթնոլորտն է, որ կարողանան հանգիստ աշխատել, իսկ Դուրգարյանն իրականում 3-4 համախոհ ունի, թեպետ մամլո ասուլիսին, հետաքրքրությունից դրդված՝ շատերն են գնացել։ Ի դեպ, ասուլիսի ժամին՝ Օպերայում ընթացող փորձի ժամանակ, անջատվել են լույսերը, ինչն էլ երաժիշտներից մի քանիսին դրդել է գնալ ասուլիսին։ Ինչ վերաբերում է նախագահին ուղղված նամակին, ապա նման մտադրություն եղել է, արդյունքում գործը գլուխ եկել է, թե ոչ, տեղյակ չեն նույնիսկ իրենք՝ երաժիշտները։ Ամեն դեպքում առաջին աշխատանքային օրը երաժիշտներն անցկացրել են փորձերի մեջ, նախապատրաստվելով ամսի 16-ին՝ առաջին ներկայացմանը։ Ինչ վերաբերում է Գեղամ Գրիգորյանին, ապա նա առողջական խնդիրներով բացակայում է հանրապետությունից։



Փորձեցինք նաեւ թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանից իմանալ, թե ինչով է պայմանավորված իր լռությունը՝ հատկապես այս ընթացքում, եւ, որպես տնօրեն, ի՞նչ է մտածում իրականացված փոփոխությունների մասին։ Սակայն նա նշեց, որ առաջիկայում մամլո ասուլիսով հանդես կգա եւ կպատասխանի բոլոր հարցերին։