Սասուն Միքայելյանի անցած ճանապարհը հարգում է, բայց չի հուզվում

Սասուն Միքայելյանի անցած ճանապարհը հարգում է, բայց չի հուզվում

Հրազդանում ապրիլի 17-ին կայանալիք քաղաքապետի ընտրությունները կարող են սպասվածից թեժ լինել: Գործող քաղաքապետ, հանրապետական Արամ Դանիելյանը թերեւս հաղթահարել է հարազատ կուսակցությունից նեղացածությունը ու արդեն իսկ առաջադրվելու որոշում է կայացրել: 



Կոտայքի մարզպետի պաշտոնում Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանի նշանակումը Դանիելյանը ծանր էր տարել, քանզի դրանից օրեր առաջ Արամ Դանիելյանին վերին իշխանությունները կանչել-ասել էին, որ Արամ Հարությունյանին տանում են Ջրային կոմիտե, իրեն նշանակում մարզպետ, ինչն էլ Արամ Դանիելյանի իդեա-ֆիքսն է եղել մշտապես՝ դառնալով պատճառ իր եւ նախկին մարզպետ Շահգալդյանի հարաբերությունների վատթարացման: Նրա շրջապատից ոչ վաղ անցյալում տեղեկացել էինք, որ Արամ Դանիելյանը «ինադ» է ընկել ու որոշել «կուլ» չտալ իրեն հասցված վիրավորանքը եւ չվերաառաջադրվել քաղաքապետի պաշտոնում: Գաղտնիք չէ, որ սովորաբար գործող պաշտոնյա-թեկնածուների շանսերն անհամեմատելի են լինում ադմինիստրատիվ լծակներ չունեցող թեկնածուների շանսերի հետ, եւ թեժ մրցակցության ժամանակ որոշիչը դառնում են վարչական ռեսուրսները, որ կիրառվում են գործողների կողմից:



«Այո, առաջադրվելու եմ, եւ ՀՀԿ-ն էլ պաշտպանելու է»,- մեզ տեղեկացրեց Արամ Դանիելյանը, ապա ասաց, որ իրեն «ոչ մեկ մարզպետի պաշտոն չի առաջարկել, ինքն էլ չի նեղացել կուսակցությունից»: Հրազդանը կարող է թեժությամբ չզիջել Աբովյանի ընտրություններին, այստեղ էլ կենաց-մահու պայքար կլինի, որովհետեւ համապետական ընտրություններից առաջ ընդդիմադիր կուսակցությունները, որոշ տեղեկություններով, որոշել են իրենց ուժերը փորձել եւ ՏԻՄ ընտրություններին սեփական թեկնածուներով մասնակցել կամ համախմբվել ընդդիմության թեկնածուի շուրջ: Օրինակ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Հրազդանում թեկնածու առաջադրելու մեր հարցին ի պատասխան ոչինչ չբացառեց, ասելով, որ եթե անգամ սեփական թեկնածու էլ չունենան, կաջակցեն ընդդիմության ներկայացուցչին: ԲՀԿ-ն դեռ որոշում չունի: ՕԵԿ-ում տալիս էին կուսակցության խոսնակ Արթուր Միսակյանի անունը, բայց նրա շանսերը ռեալ չեն:



ՀՀԿ-ական գործող քաղաքապետի հիմնական ախոյանը թերեւս կդառնա «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ, նախորդ անգամ փոքր տարբերությամբ պարտված, պատերազմի հերոս Սասուն Միքայելյանը: Նա երեկ մեզ տեղեկացրեց, որ վերջնական որոշում չի կայացրել։ Առաջադրվելու ցանկությունների, շանսերի ու այլ հարցերի մասին էլ Միքայելյանը համառորեն լռեց, միայն նախորդ պարտության ու ներկայիս ակնկալիքների մասին հստակեցրեց. «Իմ մրցակիցները անհատները չեն եղել, այլ՝ իշխանությունը»: Արամ Դանիելյանին էլ չի հուզում Սասուն Միքայելյանի առաջադրման հեռանկարը. «Բայց ինչո՞ւ պիտի հուզի, մենք մի քանի անգամ մրցակցել ենք, ես վստահ եմ իմ ուժերի վրա։ Մենք Միքայելյանի անցած ճանապարհը հարգում ենք, բայց չենք հուզվում»: