Նախարարը խոստացել է՝ Համո Սահյանի տուն-թանգարանը կբացվի գարնանը

Նախարարը խոստացել է՝ Համո Սահյանի տուն-թանգարանը կբացվի գարնանը

Բանաստեղծ Համո Սահյանի որդին՝ «Համո Սահյան պոեզիայի կենտրոն» ՀԿ նախագահ Նաիրի Սահյանը, որը դեկտեմբերին վաճառքի էր հանել հոր անտիպ արխիվը, որպեսզի ստացված գումարով Երեւանում բացի Համո Սահյանի արձանը, իսկ Լոր գյուղում` նրա թանգարանը, հետ է կանգնել արխիվը վաճառելու մտքից։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ հարցը մեծ արձագանք գտավ մամուլում, եւ նորից խնդիրը մտավ մշակույթի նախարարության ուշադրության տիրույթ։ Նշենք միայն, որ բանաստեղծի անտիպ արխիվում ընդգրկված են Գուրգեն Մահարու, Պարույր Սեւակի, Գեղամ Սարյանի, Ստեփան Զորյանի, Վահագն Դավթյանի, Գեւորգ Էմինի, Գարեգին Սեւունցի, Անդրեյ Տարկովսկու` Համո Սահյանին ուղղված անտիպ նամակների բնօրինակներ, ինչպես նաեւ Սահյանի անտիպ գործեր, ձեռագրեր, հեռագրեր, թերթերում հոդվածներ։ 



Մեզ հետ զրույցում Նաիրի Սահյանը նշեց, որ հարցը կարելի է լուծված համարել, որովհետեւ մի քանի բան արդեն ընթացքի մեջ է, դա, մասնավորապես, Կասյան փողոցի վրա Համո Սահյանի հուշաքարի տեղադրումն է, որի առիթով, ինչպես նշեց նա, նախարարն արդեն խոսել է քաղաքապետի հետ, եւ աշխատանքն ընթացքի մեջ է, ինչպես նաեւ տուն-թանգարանի շինարարությունը։ «Հիմա արվում է այն, ինչ խոսք էին տվել դեռ հոբելյանական հանձնաժողովի ժամանակ»,-ասաց Նաիրի Սահյանը։



Հետաքրքրվեցինք, թե ինքը վերջին անգամ երբ է եղել տուն-թանգարանում, քանի որ նախարարն ասել էր, որ տուն-թանգարանի կառուցումն ավարտված է, բայց, Նաիրի Սահյանի կարծիքով, նախարարին շփոթության մեջ են գցել, որովհետեւ բաներ կան, որ դեռ ավարտված չեն եւ պետք է արվեն, ավելին՝ երբ մշակույթի նախարարությունից գնացել՝ թանգարանն ընդունելու համար տեսել էին, որ այն չի համապատասխանում նորմերին, որոնք պետք են տուն-թանգարանի համար, պետք է լրացուցիչ բաներ մարզպետարանի կողմից արվեին, որ չէին արվել, ուստի չէին ընդունել կատարված աշխատանքը։



Այն դիտարկմանը, որ նախարարությունը վստահեցնում է, թե բանաստեղծի կիսանդրին էլ է պատրաստ եւ գտնվում է թանգարանի բակում, ապա այստեղ էլ են նախարարին շփոթության մեջ գցել. քանդակը պատրաստ է, բայց գտնվում է ոչ թե թանգարանի բակում, այլ քանդակագործի արվեստանոցում։ Նաիրի Սահյանն ասում է, որ տեսել է արձանը, հավանել է, հեղինակը քանդակագործ Գեդիկ Բաղդասարյանն է, որը Սահյանի ընկերն է եղել։ «Հիմա արդեն իմաստ չունի արխիվի վաճառքը, որովհետեւ ուզում էի այդ պրոբլեմները լուծելու համար վաճառել, բայց հիմա, եթե ամեն ինչ արվի, արխիվը երեւի կմնա պետությանը, տեսնենք»։ Հնարավո՞ր է, որ այդ անտիպ արխիվը հենց թանգարանին էլ նվիրաբերի։ «Այն, ինչ թանգարանին պետք է, ես կտրամադրեմ, այսինքն՝ պապայի գրասեղանը, ժամացույցը, այն իրերը, որոնք իրենն են եղել, բայց գրությունները, նամակներն այնտեղ չեն պահվի, իմ կարծիքով՝ այնտեղ այդ պայմանները չկան, թղթերի համար հատուկ ջերմաստիճան է պետք, տեսնենք՝ որտեղ հարմար կլինի, այնտեղ էլ կպահպանենք»։



Երկհարկանի թանգարանը, որ կառուցվել է հենց իրենց պապական տան տեղում, դեռ հարդարման աշխատանքներ ունի նաեւ բակի հետ կապված, բայց բանաստեղծի որդին արդեն վստահ է, որ կհասցնեն դա էլ անել, քանի որ երբ այս անգամ խոսել է նախարարի հետ, նկատել է սրտացավ վերաբերմունք։ Ինչ վերաբերում է հարցին, թե երբ կբացվի թանգարանը, ապա, ինչպես նախարարն է իրեն ասել, հնարավոր է տուն-թանգարանի բացումը լինի գարնանը, թանգարանների օրը՝ մայիսի 18-ին, բայց բանաստեղծի որդին չի բացառում, որ այն բացվի նաեւ Համո Սահյանի ծննդյան օրը՝ ապրիլի 14-ին։