«Հայֆիլմը» պահելը մեր պետականությունը պահելու պես մի բան է

«Հայֆիլմը» պահելը մեր պետականությունը պահելու պես մի բան է

Այն բանից հետո, երբ ամիսներ առաջ պետությունը սեփականաշնորհեց «Հայֆիլմ» կինոստուդիան, կինոգործիչները կրկին սկսեցին հույսեր փայփայել կինոստուդիայի վերածննդի հետ կապված, չնայած այն հիմնականում ավերակ վիճակում է գտնվում։ 



«Կինո+» ամսագրի գլխավոր խմբագիր Ռոբերտ Մաթոսյանի կարծիքով, «Հայֆիլմ» կինոստուդիան պահելը պետության համար դժվարին խնդիր է, նույնիսկ՝ գլխացավանք. «Ես, որպես 45 տարի կինոյի հետ կապ ունեցող մարդ, գտնում եմ՝ ինչքան էլ որ դժվարությունների հանդիպենք, «Հայֆիլմ» կինոստուդիայի նախկին շենքը եւ տարածքները պետք է մնան պետության հովանու ներքո»։ Ռոբերտ Մաթոսյանը կարծում է, որ ինչպես «Զվարթնոցը», այնպես էլ «Հայֆիլմը» պահելը մեր պետականությունը պահելու պես մի բան է, ինչքան էլ դժվար լինի՝ պետությունը պետք է հոգա կինոստուդիայի խնդիրները, եւ բավական է, ինչքան կուրուստներ ունեցանք այդ ոլորտում։



««Հայֆիլմը» վաճառելու հեշտ ճանապարհն արդեն մի անգամ «ճաշակել» ենք, շատ կուզեի, որ 2-րդ անգամ այդ ճանապարհը չընտրեինք։ Ես գիտեմ, որ սեփականաշնորհումից հետո ինչ-որ աշխատանքներ կատարվել են, բազմաթիվ ֆիլմեր թվայնացվել են։ Սակայն, կարծում եմ, ձեռք բերածի հետ միասին մենք հսկայական կորուստներ ենք ունեցել հատկապես սեւ ու սպիտակ ֆիլմերը գունավորելիս։ Ծիծաղելի է, երբ սեւ ու սպիտակ նկարահանված «Եռանկյունին», որի գունային լուծումը կապված է դրամատուրգիայի հետ, մենք դարձրել ենք գունավոր։ Նմանօրինակ ֆիլմեր շատ կան, կարճ ասած՝ հոնքը սարքելու փոխարեն աչքը հանել ենք»։



Ռոբերտ Մաթոսյանը պատմեց, որ նախորդ տարվա ամռանը եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, որտեղ տեղակայված «Հայկ» կինոստուդիայում ամեն ինչ պահպանված է, իսկ մնացած մասն ավերակների է վերածվել, կարծես երկրաշարժից հետո։ Ավելին՝ ռեժիսորների, ստեղծագործական կազմի տնկած ծառերը նույնիսկ ամռան տապին չեն ջրվել, եւ պտուղը ծառի վրա չորացել է։



Սակայն վերջերս մշակույթի նախարարն ասել էր, որ «Հայֆիլմ» կինոստուդիայի պահպանումն այսօր անիրատեսական է, եւ կինոստուդիայի հետագա ճակատագիրը տեսնում է բիզնես բաղադրիչով։ Սրան ի պատասխան, Ռոբերտ Մաթոսյանը հիշեց, որ երբ «Հայֆիլմը» կառուցվում էր, այն ժամանակ էլ մարդիկ նախատեսում էին այն դարձնել փոքրիկ Հոլիվուդ՝ իր հյուրանոցներով, նկարահանման հրապարակներով ու տաղավարներով, բայց, ինչպես տեսանք, շաբաթն ուրբաթից շուտ եկավ. «Հիմա եթե կա մեկը, որն ազնվորեն կինոյի, կինոարվեստի շահերից է ելնում, ես դեմ չեմ՝ թող կառուցի ինչ ուզում է, բայց մտահոգված եմ, որ դա էլ շատ նախագծերի պես կարող է փուչ դուրս գալ»։



Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի գնահատմամբ, «Հայֆիլմում» մեծ ներդրումների խնդիր կա, եւ պետք է գտնել այնպիսի ներդրող, որն իսկապես ներդրում անի. «Հիմա պետք է ավելի զգոն լինել եւ փորձել գտնել այնպիսի ներդրողներ, ովքեր օգտագործեն ամբողջ տարածքը՝ ի նպաստ հայկական կինոյի, եւ «Հայֆիլմը» դառնա «Մոսֆիլմի» նման կինոյին ծառայող ստուդիա։ Այնտեղ հիմա տանիքներ չկան, տաղավարներն անմխիթար վիճակում են, բավականին մեծ աշխատանք ու ներդրումներ է պահանջում, բայց կարող է շատ բարենպաստ վայր լինել Հայաստանում կինոն զարգացնելու համար։ Առաջին դրական քայլն արված է՝ պետությունը հետ է վերցրել, բայց, ըստ էության, նախորդ գնորդը ոչինչ չարեց՝ կիսատ-պռատ թվայնացումից բացի»։



Գեւորգյանը համաձայն չէ կինոգործիչների այն տեսակետի հետ, որ այսօրվա թվային դարում նման լաբորատորիաներով նման կինոստուդիա ունենալ պետք չէ. «Լաբորատորիաներ, իհարկե, պետք չեն, այսօր աշխարհում համարյա լաբորատորիաներ չկան, ժապավենային մշակում՝ նույնպես, ամբողջը թվային տեխնոլոգիա է, բայց տաղավարները հո չե՞ն փոխվել, անկախ, թե ինչ կինոխցիկով ես նկարահանում, այսօր ժամանակակից լուսային սարքավորումները, ձայնագրման ստուդիաները, ամեն ինչը պետք են, իհարկե, այդ տարածքը, այն, ինչ կար «Հայֆիլմի» ժամանակ, այսօր մի քիչ մեծ է, ավելի կոմպակտ կարելի է ստեղծել, բայց այնտեղ կան լավագույն ձայնագրման դահլիճ, տաղավարներ, կան պահեստներ, ռեկվիզիտներ, հագուստներ, որոնք կինոնկարահանման պրոցեսի համար պետք են։ Եթե հարուստ տեխնիկական բազա լինի, շատ ֆիլմեր կնկարահանվեն»։



Ինչ վերաբերում է հարցին, թե այսօր պետությունն առանց մասնավոր ներդրողների կարո՞ղ է «Հայֆիլմը» պահել, թե՞ իր ուժերից վեր է, ապա. «Չեմ կարող ասել, բայց կարծում եմ՝ այնտեղ մեծ ներդրում է անհրաժեշտ։ Այսօրվա մեր իրավիճակում ճիշտ կլինի, որ լավ ներդրողներ լինեն»։