Մենք որ՝ հերոս

Մենք որ՝ հերոս

Ստրասբուրգից վերադարձող ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը շուտով կսկսի հերոսանալ, թե իրենց անդուլ ջանքերի արդյունքում հնարավոր եղավ տապալել Հայաստանի համար հատկապես առավել վտանգավոր՝ «Լարվածության ավելացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» զեկույցն Ուոլթերի հեղինակությամբ, որի օգտին գրանցվեց 66 կողմ, 70 դեմ, 45 ձեռնպահ: Գաղտնիք չէ, որ իշխանությունը մոբիլիզացրել էր ողջ ուժերը եւ որոշ պատգամավորների գործուղել մի շարք երկրներ: Օրինակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մեկ շաբաթից ավելի դրսերում էր՝ սկզբում մերձբալթյան հանրապետություններում, ապա Չեխիայում եւ վերջում՝ հարազատ Հունաստանում, որտեղ պետք է բանակցեր-բարեխոսեր, որ այդ երկրներից ընտրված ԵԽԽՎ պատվիրակները մեր կողմն անցնեին, մեր օգտին քվեարկեին: Սակայն, երբ նայում ես երեկվա քվեարկությունների ցանկը, ուշագրավ պատկեր է առաջանում: Օրինակ, Հունաստանից քվեարկությանը մասնակցած 4 պատվիրակներից երկուսը կողմ են քվեարկել Ուոլթերի զեկույցին, երկուսը՝ դեմ: Չեխիայի երեք պատվիրակներն էլ ձեռնպահ դիրքորոշում են հայտնել։ Ողջ կամ գրեթե ողջ կազմով կողմ են քվեարկել Վրաստանը, Սերբիան։ Ի դեպ, Վրաստանում էլ բանակցելու էին ուղարկել Հերմինե Նաղդալյանին։