Թաթոյանը հանրային ճանաչելիության խնդիր ունի

Թաթոյանը հանրային ճանաչելիության խնդիր ունի

Ո՞վ է արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, որին Հանրապետական կուսակցությունն ուզում է օմբուդսմեն դարձնել։ ՀՀԿ-ականներն ասում են՝ գրագետ իրավաբան է, ՀԿ-ների հետ աշխատել է, աշխատանքային մեծ փորձ ունի, խելացի տղա է։ Մնում է ավելացնեն՝ անշառ տղա է։



Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի գործընկերները նույնպես բարձր կարծիքի են կոլեգայի մասին։ «Թե մասնագիտական, թե մարդկային առումով նրան ճանաչողները բոլորն էլ լավ կարծիքի են»,- ասացին մեզ։ Ասում են՝ Լիսկան էլ է իր շրջապատի համար լավ մարդ։ Բոլորին հավատալով, այնուամենայնիվ, փորձեցինք մի քիչ փորփրել Թաթոյանի կենսագրությունը, տեղեկանալ, թե քանի մարդու է պաշտպանել, քանիսի խախտված իրավունքն է վերականգնել, ՀՀ քանի քաղաքացու մատից է փուշ հանել։



Ապագա ՄԻՊ-ը գեղեցիկ «Սի Վի» ունի



35-ամյա փոխնախարարի կենսագրության մեջ շատ են արտասահմանյան ծրագրերի, տարբեր երկրներում անցկացրած թրեյնինգների եւ սեմինարների անվանումները, որոնք, ընդունված կարծիքի համաձայն, գեղեցկացնում են երիտասարդ մասնագետների «Սի Վի»-ները։ Էլ փորձագետ, էլ խորհրդատու, էլ համակարգող, ոլորտները մեկը մյուսից կարեւոր՝ քրեակատարողական հիմնարկներ, զինծառայողների խախտված իրավունքներ, հակակոռուպցիոն ծրագրեր, նույնիսկ Շրջակա միջավայրի պահպանության կենտրոնում է աշխատել Թաթոյանը։ Օմբուդսմենի գրասենյակում սկսել է աշխատել Լարիսա Ալավերդյանի օրոք, բայց համարվում է Արմեն Հարությունյանի կադրերից, որի օրոք էլ մեկնել է Շվեդիա՝ մարդու իրավունքների պաշտպանության դասեր առնելու։ Զարմանալի է, բայց դասերը, վերապատրաստումը, տարատեսակ արտասահմանյան ծրագրերը նրա մեջ սեր չեն առաջացրել դեպի իրավապաշտպան գործունեությունը, իսկ եթե անգամ առաջացրել են, նա այնպես է թաքցրել այդ սերը հոգու խորքում, որ ոչ ոք այն չի նկատել։ Ներառյալ նրա շեֆը՝ Գեւորգ Կոստանյանը․ 2013-ից Թաթոյանը ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանի տեղակալն էր (մինչ օրս)։ Այս պաշտոնում Թաթոյանը մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունից 180 աստիճանով տարբերվող գործառույթ է իրականացրել՝ մասնակցել է ԵԴ-ում Հայաստանի վերաբերյալ ներկայացված գանգատների քննությանը եւ այդ գանգատների կապակցությամբ դիրքորոշումներ է ներկայացրել ՄԻԵԴ։



Թաթոյանը բարիկադների մյուս կողմում էր



Նա է հիմնավորել ՄԻԵԴ գանգատների քննության ժամանակ մեր պետության դիրքորոշումը, պաշտպանել դատավորներին, որոնք իրենց խայտառակ դատական ակտերով քաղաքացիների իրավունքներն են ոտնահարել։ Արման Թաթոյանը ՄԻԵԴ-ում ՀՀ դատական մարմինների կատարած ապօրինությունների պաշտպանն է եղել, անարդար դատավորների «փաստաբանը», արդարացրել է մարդու իրավունքների ոտնահարումները, պաշտպանել է պետությանն ընդդեմ քաղաքացիների։ Դա այն շրջանն էր, երբ ՀՀ կառավարությունը խորամանկության գնաց ՄԻԵԴ-ում՝ դատավոր Ալվինա Գյուլումյանը պաշտոնավարման ավարտից 1,5 տարի առաջ հրաժարական տվեց, եւ սրանով կառավարությանը հաջողվեց առժամանակ սառեցնել ընդդեմ Հայաստանի գործերի քննությունը։ Սա տեւեց 3 տարի, որի ընթացքում Արման Թաթոյանը ՀՀ քաղաքացիների դեմ է աշխատել։ Որպես չինովնիկ, նա բարոյական պատասխանատվություն սրա համար չի կրում, բայց ապագա օմբուդսմենի համար սա խարան է։



«Նա երբեւէ չի ունեցել իշխանությունից տարբերվող դիրքորոշում»



Մյուս կասկածելի էպիզոդը Թաթոյանի կենսագրության մեջ նրա աշխատանքն է որպես ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի՝ Կոստանյանի տեղակալ։ Թե ինչպես է աշխատել նա այս պաշտոնում, եւ ինչքանով են արտասահմանյան թրեյնինգներն օգնել նրան ՄԻ ոլորտում մասնագիտանալու հարցում, ցույց է տալիս ակտիվիստ Վարդգես Գասպարին, որն իր ՖԲ էջում հիշում է, թե ինչ է գրել Թաթոյանը՝ 2008 թվին Նուբարաշենում իր նկատմամբ տեղի ունեցած բռնությունների եւ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ ԵԴ հարցմանը պատասխանելով․ «Դիմորդն իրեն հասանելի ներպետական իրավական պաշտպանության արդյունավետ միջոցները չի օգտագործել»: Փաստաթուղթն այս ստորագրել է Կոստանյանը, իսկ Թաթոյանն այդ շրջանում՝ 2012 թվականին, ինչպես պնդում են արդարադատության նախարարությունում, դեռ փոխնախարար չէր և չէր կարող Գասպարիի գործի հետ առնչություն ունենալ։ Այնուամենայնիվ, Թաթոյանը 2011-2014 թվականներին խոշտանգումներով զբաղվող մեկ այլ մարմնի անդամ էր՝ ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (CPT), ուրեմն ինչ՞ու Թաթոյանին չի հետաքրքրել Գասպարիի հարցը։ Մարտի 1-ի գործով Գասպարիի շահերի պաշտպան, փաստաբան Մուշեղ Շուշանյանը երկու դիմում է ներկայացրել ՄԻԵԴ Գասպարիի գործով։ «Անմարդկային վերաբերմունքի հետ կապված տարբեր փաստեր էինք վկայակոչել, սկսած նրանից, որ իրենից առանց որեւէ անհրաժեշտության պահանջել են, որ մերկանա՝ մարմնի քննում կատարելու նպատակով,- պատմում է փաստաբանը- Մենք նշել էինք, որ դրա անհրաժեշտությունը չի եղել, դա նպատակ է հետապնդել իմ պաշտպանյալի արժանապատվությունը ստորացնելու։ Գասպարին որոշ խախտումների հետ կապված՝ բողոք էր հղել դատախազին, բայց որոշ խախտումներ այդ բողոքում չէր նշել, եւ ՄԻԵԴ-ն անընդունելի ճանաչեց դրանց մի մասն այն հիմքով, որ ներպետական պաշտպանության բոլոր միջոցները մենք չէինք սպառել։ Բայց ՄԻ կոնվենցիայի երրորդ հոդվածի խախտումներ, վստահ ենք, կատարվել են, եւ դրանց մասով ԵԴ-ն կոմունիկացվել է»։ Հիշատակված գրության հեղինակին Շուշանյանը չհիշեց, սակայն ասաց, որ իր համար միանշանակ է մի բան․ ՀՀԿ թեկնածու Թաթոյանը գործադիր իշխանության տարբեր պաշտոններ է զբաղեցրել եւ չի կարող ՄԻՊ լինել։ «Նա երբեւէ չի ունեցել իշխանությունից տարբերվող դիրքորոշում։ Կոնկրետ Գասպարիի հետ կապված ինչ է նշել, դա ուրիշ հարց է, բայց ՄԻՊ-ի պաշտոնում իրեն առաջադրելը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Ես համամիտ եմ, որ նման պատասխանատու, բարձր պաշտոնի առաջադրվելիս իրավապաշտպանը պետք է այնպիսի գործունեություն իրականացրած լիներ, որ նրա թեկնածությունը քննարկելիս մարդիկ չսկսեին հարցնել իրար, թե ով է նա, ում է պաշտպանել եւ արդյոք երբեւէ պայքարե՞լ է որեւէ մեկի խախտված իրավունքի համար»,- ասում է հայտնի փաստաբանը։ 



Թաթոյանն իր տեղը որպես ժառանգությո՞ւն է փոխանցել



2014-ին, երբ Թաթոյանը թողեց ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեում ՀՀ կառավարության ներկայացուցչի պաշտոնը, նրա փոխարեն ներկայացուցիչ դարձավ նրա լավ բարեկամ, հոգեբան Ինգա Մանուկյանը, որը «Վորդ վիժն» կազմակերպությունում է աշխատում, եւ որի զավակի կնքահայրն է Թաթոյանը։ Թե ինչ դերակատարում է ունեցել Արման Թաթոյանը նրան այդ անդամությունը ժառանգելու հարցում, պարզ չէ, բայց այդ ժամանակ, որպես արդարադատության փոխնախարար, Թաթոյանն ընդգրկված է եղել ընտրող հանձնաժողովում։ Ի դեպ, մեր տեղեկություններով, Ինգա Մանուկյանի ընտրությունն այնքան էլ մաքուր չի եղել։ Նա կեղծ տեղեկություն է ներկայացրել ընտրող հանձնաժողովին՝ գրել է, որ «Սորոս» հիմնադրամում աշխատելիս ընդգրկված է եղել ոստիկանության եւ քրեակատարողական հիմնարկներում խոշտանգումների գծով մոնիտորինգ իրականացնող խմբում, ինչը հետագայում բացահայտվել է։ Մանուկյան մեր հարցմանն ի պատասխան հայտնեց, որ «Սորոսում» խոշտանգումների խնդրով անձամբ չի զբաղվել․ «Բայց մոտ 20 ծրագրերի կոորդինատոր եմ եղել, եւ դրանց թվում կային ծրագրեր, որոնք վերաբերում էին մարդու իրավունքների մոնիտորինգին»։ Թաթոյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մասին նա լռեց, ասելով, որ դրանք անձնական տվյալներ են, հրապարակման ոչ ենթակա, իսկ իր ընտրության մասին նշեց․ «Ես ներկայացվել եմ կառավարության կողմից, իսկ մայիսի վերջին ԵԽ-ն է տվել համաձայնությունը»։ Քվեարկե՞լ է արդյոք Թաթոյանը, նա չգիտեր։ «Ես կոմիտեի կազմին ծանոթ չեմ»,- ասաց նա։



Իսկ արդարադատության նախարարությունից մեզ պատասխանել են. «Թաթոյանը Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի անդամի ընտրության հանձնաժողովի նիստում քվեարկության իրավունք չի ունեցել, տեղեկություններ չի ունեցել կոմիտեի անդամության համար դիմած որեւէ թեկնածուի, այդ թվում՝ Ինգա Մանուկյանի կենսագրական տվյալների հավաստիության կամ ոչ հավաստիության մասին: Կոմիտեի անդամի ընտրության գործընթացում Արման Թաթոյանն Ինգա Մանուկյանի հետ ունեցել է բացառապես գործնական բնույթի հարաբերություններ: Ընտրական գործընթացի ավարտից հետո՝ շատ ավելի ուշ, Ինգա Մանուկյանի ամուսնու առաջարկով Թաթոյանը համաձայնել է լինել նրանց երեխաներից մեկի կնքահայրը»: Ի դեպ, Ինգայի ամուսինը «վեցի» քննիչներից է։ Փայլուն ՄԻՊ, փայլուն կապեր։ Ի լրումն սրա հավելենք, որ եթե Արման Թաթոյանը տեղյակ չի եղել կոմիտեի անդամի ներկայացրած տվյալների հավաստիությունից, ուրեմն նա վատ է կատարել իր դերը՝ որպես հանձնաժողովի անդամ։ Գոնե պետք է հետեւեր, որ իր պաշտոնի ապագա հավակնորդը ճիշտ տվյալներ ներկայացներ։



ՀԳ․ Վստահ ենք, որ հոդվածում բարձրացված հարցերից շատերը կհնչեն նաեւ Ազգային ժողովում, ՄԻՊ թեկնածուի քննարկման ժամանակ, քանի որ, ինչպես Մուշեղ Շուշանյանն արտահայտվեց, ՀՀԿ թեկնածուն հանրային լեգիտիմության խնդիր ունի։