Չուզողության, չբերության եւ տարոսի մասին

Չուզողության, չբերության եւ տարոսի մասին

Ամուսնությունից մեկ տարի անց երիտասարդ ամուսինները գնում են բժշկի, որ իմանան, թե ինչու երեխա չեն ունենում: Բժիշկը, որ շատ հմուտ մասնագետ էր, հեռվից է սկսում իր հարցուփորձը:



- Դուք միասի՞ն եք քնում:
Սրանք նայում են իրար երեսի: Կինը կարմրում է, իսկ ամուսինը մի քիչ նեղսրտած բժշկին հարցնում է.



- Ընչի դա պարտադի՞ր ա…



Այս հին անեկդոտը հիշեցի մեր մի շատ համակրելի քաղաքական գործչի վերջերս տված բավականին ծիծաղաշարժ հարցազրույցի առիթով, որտեղ, ի շարս այլ հարցերի, տիկին գործիչը, որ ի լրումն համակրելի արտաքինի նաեւ բազմազավակ մայր է, խոսում էր ՀՀԿ-ՀՅԴ մոտալուտ «ամուսնության» մասին: Զարուհի Փոստանջյանը, այդպես է համակրելի տիկնոջ անունը, վստահ է, որ այդ ամուսնությունից «երեխա չի ծնվելու»: Ես կդժվարանամ ասել, թե որտեղից նրան այդ վստահությունը, բայց մի բան գիտեմ, որ մինչեւ չամուսնանան, ի՞նչ իմանաս` երեխա կունենա՞ն, թե՞ չեն ունենա: Իսկ գուցե նա, օժտված լինելով զավակ ունենալու աստվածատուր շնորհքով, ողնաշարո՞վ է զգում, որ ապագա «ամուսնությունը», եթե այն գլուխ գա, անպտուղ է լինելու:



Օրերս Դաշնակցության ժամանակակից կլասիկներից մեկն ասել էր` որ շատ կռռաք, տերտերը կասի չհաս է, եւ «ամուսնություն» չի լինի: Ամեն դեպքում` խորհուրդս այն է, որ դեռ գործը գլուխ չեկած, էս գլխից չասենք` երեխա չի ծնվի: Սիրուն չէ: Իսկ քաղաքական գործիչ տիկնոջն էլ ասեմ, որ դեռ չամուսնացած՝ արդեն մեկը ծնվել է: Տարել կնքել են, անունն էլ դրել Սահմանադրություն:



Քանի որ թեման քաղաքական ամուսնությունների ու զավակածնության հետ է կապված, կարելի է նաեւ մի հայացք նետել ընդդիմադիր քաղաքական դաշտի ծնելիության վիճակին, համոզվելու համար, թե արդյոք մեր մյուս ուժերը չե՞ն ծուլացել ժողովրդին եւ երկրին «զավակներ» պարգեւելու հարցում: Առավոտից երեկո լսում ենք միայն նրանց «ամուսնությունների», հրաշալի դաշինքների, էլ չգիտեմ, «արտաամուսնական» կապերի մասին: Մի հատ չհասկանա՞նք, մեջտեղը երեխա կա՞, թե՞ չկա: Եթե կա` լավ, իսկ եթե չկա եւ հույս էլ չկա, որ կլինի՞…



Չեմ ուզում անուններ տալ: Հասկանում եք, չէ՞, որ հարցը շատ նուրբ է: Բայց վերեւում հիշատակված բժշկի հարցը տալ կարող եմ` իսկ դուք այդ դաշտում իրար հետ «քնո՞ւմ» եք: Չէ, ես չեմ ասում, որ քաղաքականության մեջ «երեխա պարգեւելու» պարտադիր պայման է միասին քնելը: Պարզապես ինձ հետաքրքիր է` փորձե՞լ եք այդ եղանակը: Այո՞: Եվ ի՞նչ է ստացվել: Ահա… Գիշերը քնել եք, իսկ առավոտյան արդեն մոռացել, թե ինչ եք արել գիշերը: Հիշո՞ւմ եք, երբ մի անգամ որոշեցիք Սերժ Սարգսյանին միայնակ թողնել նախագահական ընտրություններում: Իսկ ի՞նչ արեցիք առավոտյան: Ձեր միջից քանի՞ հոգի վազեց ու թեկնածություն դրեց: Իսկ ինչո՞ւ: Արդյունքում մեկին գաջ քսողները խփեցին, մեկի վերարտադրության գործիքները փչացրին, երրորդը ստամոքսի խոց ձեռք բերեց, չորրորդին էլ ժողովուրդը միայն դեմքով է հիշում` էս նա չի՞, որ թեկնածու էր: Կարծում եմ` նույնիսկ ռիսկային է մտածելը, թե այս բազայի վրա կարող է պտղավորում լինել:



Արդյոք մահճակալի չափերը որեւէ կերպ ազդո՞ւմ են երեխա ունենալու վրա: Ամերիկացի գիտնականներն ասում են` այո, իսկ հոլանդացիները պնդում են` ոչ: Թող նրանք շարունակեն վիճել, իսկ ես ասում եմ` մահճակալն ինչքան նեղ` այնքան լավ: Ազատության հրապարակը լիուլի բավարար է եւ դեռ մի բան էլ ջանք է պահանջում լցնելու համար: Պարզապես հրապարակ լցնողները պետք է իմանան, թե ինչու են այն լցնում: Ժողովուրդը գալիս է, որ ծնունդ տեսնի, երեխայի ճիչ լսի, եւ չի կարելի ամեն անգամ նրան հիասթափեցնել հերթական վիժումով:



Ի՞նչ գրականություն կարդալ: Հազիվ թե ինտերնետում հնարավոր լինի գտնել «Ինչպե՞ս երեխա ունենալ խելքին զոռ տալով» աշխատությունը: Նման մի բան հրատարակվել է, կարծեմ, ալքիմիկոսների դարաշրջանում, բայց լայն տարածում չի ստացել, որովհետեւ հետագա տարիներին պարզվել է, որ երեխա ունենալու համար, ուղեղից զատ, ուրիշ բանի էլ պետք է զոռ տալ, կոպիտ ասած` պետք է շարժվել, իրար գալ: Մեր Սահմանադրությունը, փառք Աստծո, լրացնում է գրականության այդ բացը: Կարելի է մեկ անգամ կարդալ այն եւ տրվել քաղաքական բուռն կյանքին: Ի՞նչ իմանաս, կպավ` կպավ, ու մի բան ծնվեց, օրինակ` գաղափար, ծրագիր, առաջարկ: Քաղաքականության ծառն այլ կերպ չի պտղավորվում:



Երեկ մի քաղաքական դեմք ուղերձ էր հղել առ ժողովուրդը հայոց: Սկսել էր Համո Սահյանի շենշող բանաստեղծությամբ եւ վերջացրել գեհենի ռեալիստական նկարագրություններով: Հիմա այս դեմքին ո՞ւմ «կնության» տանք, որ այդ գեհենից ելքեր հուշի, մեզ ապուշի տեղ չդնի եւ իր ուղերձով չասի` վատ է, որովհետեւ վատ է: Հայաստանը դարձրել են քաղաքական մտքի թաղման բյուրո ու էս գլխից որոշել, որ ճիշտը դա է: Էդ հալով էլ դեռ բամբասում են ուրիշներից, թե նրանց միությունից բան չի ծնվի:
Այս հիվանդությունն էլ, եթե չեմ սխալվում, այբոլիտների բառապաշարով չուզողություն է կոչվում: Այն էլ կա` մինչեւ ունեցողին աչքալուսանք չտաս, նա չի ասի` տարոսը քեզ: