Ոչ մի տեղ չեմ գնալու

Ոչ մի տեղ չեմ գնալու

Վահան Բաբայան-ԲՀԿ ֆրակցիա վեճն սկսվել է այն պահից, երբ նա Միքայել Մելքումյանի ձեռից բռնած, առանց ֆրակցիային տեղյակ պահելու, հայտնվել է կառավարությունում` Հովիկ Աբրահամյանի մոտ, թե եկել ենք նախարար դառնանք: Այդ ժամանակ արդեն ֆրակցիայում որոշում կար` վերցնել խոսնակի պաշտոնը նրանից, սակայն որոշման կատարումը ձգվել է։ Նախօրեին արդեն ինքը` Բաբայանը, հրաժարվեց այդ ոչինչ չտվող պաշտոնից: Հիմա ոնց` դո՞ւրս եք գալու ԲՀԿ-ից, դիմեցինք Վահան Բաբայանին: «Ժամանակն ամեն ինչ ցույց կտա»: Ասում են` հին օրերում, երբ «Հանրապետություն» կուսակցության երիտթեւի առաջնորդն էիք, Արամ Զ. Սարգսյանին երկտող էիք թողել, թե «ես ընտանիք եմ պահում, դրա համար չեմ կարող ընդդիմադիր լինել»: «Դուք նման բանի հավատո՞ւմ եք, ինչ է` ես էսքան տարի նախարա՞ր եմ աշխատել, ընդդիմադիր պատգամավոր եմ, չէ՞, այս պահի դրությամբ էլ»: Ոչինչ, դեռ կհասցնեք նախարար դառնալ, քանի՞ կուսակցություն եք փոխել, պարոն Բաբայան: «Ինձնից լավ գիտեք իմ կենսագրությունը»: Չհաշվե՞նք: «Ոնց կուզեք»: «Քրիստոնեադեմոկրատներ», «Հանրապետություն», Երիտասարդական, ՄԻԱԿ եւ «Բարգավաճ». հիմա, որ ընդդիմանում եք ԲՀԿ-ին, չե՞ք փորձելու ՀՀԿ դառնալ: «Բայց ինչի՞ եք այդպես մտածում»: Որ վեցը լրանա: «Չէ, ես ոչ մի տեղ չեմ պատրաստվում գնալ»: