Ես ի՞նչ խնդիր պետք է ունենամ երկրի վարչապետի կամ նախարարի հետ

Ես ի՞նչ խնդիր պետք է ունենամ երկրի վարչապետի կամ նախարարի հետ

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանի եւ լրագրողների կոնֆլիկտը սահուն տեղափոխվեց ներիշխանական «ռազբորկաների» դաշտ: Լրագրողների հանդեպ բոլոր ժամանակներում բացասական վերաբերմունքով ու անկիրթ պահվածքով աչքի ընկած Մհեր Սեդրակյանի համար Սերժ Սարգսյանի վերջին ելույթից հետո հերթական տհաճ միջադեպը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք տվեց։ Թվաց՝ իրավիճակն այնպիսին է, որ այս անգամ «հերոսն» անպատիժ չի մնա։ Հենց այս փուլում էլ նա հայտարարեց, թե իր դեմ ակցիաներն ու միջադեպն իշխանական ինչ-որ շրջանակների կողմից են հրահրվել: «Ով էլ կազմակերպում է, ամոթ իրեն, չի կարելի համ ընկերություն անել, համ ընկերոջը թիկունքից խփել»,- նախօրեին հայտարարել էր ՀՀԿ-ական պատգամավորը՝ հրաժարվելով հստակեցնել, թե իշխանական շրջանակներից ում է կոնկրետ կասկածում լրագրողներին իր դեմ տրամադրելու գործում: Երեկ Սեդրակյանից փորձեցինք պարզել, թե ում էին ուղղված իր ակնարկները, եւ իշխանական շրջանակներից կոնկրետ ով է գետնով տվել Սերժ Սարգսյանի վերջին հորդորներից մեկը, այն է՝ զերծ մնալ լրատվամիջոցներում հարցեր լուծելուց, նյութեր պատվիրելուց, իրար դեմ պայքարելուց:



- Պարոն Սեդրակյան, Դուք բավականին պատասխանատու հայտարարություն եք արել՝ ասելով, որ Ձեր դեմ ներիշխանական շրջանակներից է պատվեր իջեցվել, Ձեզ թիկունքից են խփել, ո՞ւմ մասին է խոսքը, կոնկրետ անուն, անուններ կնշե՞ք:



- Չէ, չեմ տա անուններ:



- Իսկ վստա՞հ եք, որ իշխանական դաշտից է այդ «պատվիրատուն» եւ ի՞նչ նպատակով է արել:



- Բա էլ ո՞վ կարա անի, ես վստահ եմ ու գիտեմ, բայց ավելին չեմ ուզում խոսեմ:



- Սերժ Սարգսյանն իր վերջին ելույթում հորդորեց ՀՀԿ-ականներին ժամանակից շուտ ընտրարշավի մեջ չմտնել, լրատվամիջոցներով իրար դեմ չպայքարել, մինչդեռ վերջին միջադեպը տեղափոխվեց այլ հարթություն, չե՞ք կարծում, որ...



- Դե, նախագահն ի՞նչ անի, ստեղ ասում է, ընդեղ… Հասկացողին մեկ ասա, չհասկացողին՝ հազար մեկ:



- Ուզում էի հարցնել, քանի որ Դուք լուրջ մեղադրանք եք ներկայացրել, որ պատվեր է իջեցվել, ձեր կուսակցությունում հայտնե՞լ եք, թե ում մասին է խոսքը, եւ ինչ քայլեր կհետեւեն:



- Չէ, դա իմ գաղտնիքն ա: Ես չգիտեմ, ինչ ուզում է, թող լինի, կարեւորը՝ ես հասկանում եմ, թե ինչ է կատարվում, ես որ հանդիպեմ իրանց, երկու բառով կասեմ, եթե պարզ չասեմ էլ, ականջներին երկու բառով կասեմ:



- Մամուլում Ձեզ պաշտպանող հրապարակումներում հնչում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունը, Ձեր ակնարկը նրա՞ն էր ուղղված, եւ ճի՞շտ են լուրերը, որ ձեր հարաբերությունները սրվել են, քանի որ Դուք՝ Ձեր, վարչապետն էլ իր որդուն է ցանկանում Երեւանի քաղաքապետ դարձնել:



- Ես իմ որդու մասով ձեզ արդեն պատասխանել եմ, որ դրանք լրիվ սուտ են:



- Խոսվում է նաեւ, որ Գագիկ Բեգլարյանն էլ ցանկություն ունի քաղաքապետ դառնալ, ու հենց այս թեմայի մեջ է տեղավորվում վերջին միջադեպը: Նրանցից ո՞ր մեկին էր Ձեր ակնարկն ուղղված:



- Ոչ մեկին:



- Այսինքն, Դուք նրանցից որեւէ մեկի հետ խնդիր չունե՞ք, եւ նրա՞նք չեն Ձեր մատնանշած մարդիկ:



- Ես ի՞նչ խնդիր պետք է ունենամ երկրի վարչապետի հետ կամ նախարարի հետ:



- Ձեզ «թիկունքից» հարվածողներն այս շրջանակից դո՞ւրս են:



- Ինձ արդեն խոսեցնում եք: …Էլ ուրիշ ի՞նչ թեւ ա մնում ընդեղ…



- Այսի՞նքն:



- Մի խոսքով, ես կտեսնեմ ու կասեմ:



- Ստացվում է, որ Դուք լուրջ մեղադրանք եք ներկայացնում, բայց չեք ցանկանում անուն հրապարակել, հիմա ինչպե՞ս են ՀՀԿ-ում որոշել՝ ով է մամուլի միջոցով փորձել հարց լուծել:



- Ես գիտեմ՝ հերիք է։ Ասում եմ, որ տարբերեն իմ բարեկամին, թշնամուն, հարազատին: Ես նորմալ կյանքով ապրել եմ ու ամեն ինչ էլ հասկանում եմ, եթե ասեմ էսինչ մարդն ա, գիտես, մինչեւ հարյուր տոկոսով վստահ չլինես, չիմանաս, ոչ մի բան չպետք ա ասես, բայց 99 տոկոսն էլ տոկոս ա: Ես գիտեմ՝ հերիք ա, իրան կասեմ, տղամարդ տղա եմ, ոչ քաշվում եմ, ոչ էլ, եթե բան է պետք լինում, ուղիղ ասում եմ:



ՀԳ. ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանից հետաքրքրվեցինք, նկատի ունենալով Սերժ Սարգսյանի հորդորը, հետամուտ լինելո՞ւ են, պարզելո՞ւ են, թե թիմակիցներից ովքեր են պատվերներ իջեցրել իրար դեմ եւ, ի հեճուկս նախագահի հայտարարությունների, պայքարը տեղափոխել լրատվական դաշտ։ Գագիկ Մելիքյանը կոնկրետ պատասխանից խուսափեց. «Կարծում եմ, որ եթե Մհեր Սեդրակյանը նման հայտարարություն է հնչեցրել, պիտի ինքն էլ հետամուտ լինի»,- ասաց Մելիքյանը։ Իսկ ՀՀԿ-ն չի՞ պահանջի, որ հետամուտ լինի։ «Դուք պահանջեք»։ Մենք չենք հորդորել, այլ ՀՀԿ ղեկավարը՝ կուսակիցներին, որի խոսքին, փաստորեն, չեն հետեւում։ «Պետք է հետեւեն»,- կտրուկ տոնով հակադարձեց ՀՀԿ-ականը։ Իսկ եթե չեն հետեւում, ու պատվերների մասին «բացահայտումներ» կան այս օրերին... «Հարցրեք հայտարարողին»։
Հավատո՞ւմ եք, որ Մհեր Սեդրակյանի դեմ պատվեր է իջեցվել ձեր թիմից։ «Չգիտեմ, հարցրեք հայտարարություն անողին»,- կրկնեց Մելիքյանը: