Եթե հենց հիմա հեշթեգ մտցնես ֆեյսբուքում՝ «Աշոտյան, մնա», կմնամ

Եթե հենց հիմա հեշթեգ մտցնես ֆեյսբուքում՝ «Աշոտյան, մնա», կմնամ

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ վերջին անգամ էր նախարարի կարգավիճակում եկել Ազգային ժողով։ Կառավարության հետ հարցուպատասխանից առաջ նա «չուզելով», բայց պատասխանեց լրագրողների հարցերին։ Հարցին, թե ինչ զգացողություններ ունի որպես հեռացող նախարար, գուցե ցավ, ափսոսանք, Ամանորին ոտքը կոտրած Աշոտյանը կատակեց․ «Ցավ ունեմ, իհարկե, բայց ոտքի շրջանում, որը բացարձակ կապ չունի ձեզ հետ»։



- Պարոն Աշոտյան, Ձեզ «զոհաբերեցին» ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի արդյունքում։



- Ես մի քիչ ավելի ազատ կլինեմ երեւի գալիք օրերին եւ ձեր լրագրողական «ֆենտըզի» ժանրի վերջին հրատարակումներին կծանոթանամ՝ անպայման նաեւ այս թեմայով։ Երբեմն նաեւ տպավորություն ունեմ, որ մենք «Հարրի Փոթերի» պոտենցիալ հեղինակներ ենք կորցրել լրատվական ժանրում։



- Իսկ ոտքի ցավից զատ, հոգու ցավ չե՞ք զգում այս առումով։



- Հոգու ցավ եմ զգում, որ այս ընթացքում դու այդպես էլ ինձ չես ճանաչել։ Ես վստահ եմ, որ դուք դեռ ինձ կկարոտեք, բայց երկար չենք կարոտի, որովհետեւ կյանքն այնպես դասավորվեց, որ այս յոթ տարիների ընթացքում ձեզանից ճնշող մեծամասնությունն իմ մեջ տեսնում էր 30 տոկոսով կրթության նախարար, երբ որ ես գալիս էի այստեղ, ոչ մի օրենք, կրթության ռեֆորմ համարյա ձեզ չէր հետաքրքրում, 70 տոկոս հարցերը քաղաքական էին, այդ տեսակետից մենք ձեզ հետ կշարունակենք շփվել։



- Կարո՞ղ է Լեւոն Մկրտչյանն այնպես անի, որ Ձեզ շուտ կարոտենք՝ որպես նախարարի։



- Կարծում ես հարցդ կոռե՞կտ է։ Ես հարցին հարցով պատասխանելու սովորություն չունեմ, բայց այս պարագայում դու ինձ այլընտրանք չես թողնում։



- Լեւոն Մկրտչյանն արդեն չորրորդ անգամ է ստանձնում այս ոլորտի ղեկավարի պաշտոնը, չե՞ք կարծում, որ կարծրանում եք այս առումով։



- Ես հասկացա Ձեր տեսակետը, բայց կարծում եմ՝ հաշվարկը պետք է ուրիշ կերպ կատարել։ Ես պաշտոնավարել եմ մեկ անգամ, բայց յոթ տարի։ Պարոն Մկրտչյանին պետք է հաշվարկել իր պաշտոնավարման ժամկետով, ոչ թե նշանակումների քանակով։



- Այսինքն՝ Ձեր փորձառությունն ավելի շա՞տ է։



- Դե, եթե մաթեմատիկական բազային գիտելիքներդ ներում են, այո։



- Լեւոն Մկրտչյանի փորձառության պակասից կրթության ոլորտը չի՞ տուժի։



- Վստահաբար՝ չէ։ Պարոն Մկրտչյանը շատ փորձառու նախարար է, որին ես ճանաչել եմ դեռ ուսանողական տարիներից, ու, վստահաբար, այս գալիք տարիների ընթացքում նույնպես նա կշարունակի այն, ինչ ես շարունակում էի Լեւոն Մկրտչյանից ու Սպարտակ Սեյրանյանից հետո։



- Պաշտոնից հեռանալուց առաջ պատրաստվո՞ւմ եք մի վերջին «ստատուս» գրել Ֆեյսբուքում՝ որպես նախարար, ինչ-որ հուշ թողնել Ձեզնից, նոր գնալ։



- Ես եւս մի բանի համար եմ ցավում, որ քո նման հավատարիմ երկրպագու եմ կորցնում Ֆեյսբուքում։



- Իհարկե, ես Ձեր երկրպագուներից ու ընտրողներից չեմ, բայց եթե Ձեր երկրպագուներն ու ընտրողները պահանջեն չհեռանալ ԿԳ նախարարի պաշտոնից, կմնա՞ք։



- Եթե հենց հիմա հեշթեգ մտցնես Ֆեյսբուքում՝ «Աշոտյան, մնա», ես կմնամ։



- Կասե՞ք, թե որն է եղել Ձեր վերջին բարի գործը՝ որպես ԿԳ նախարար։



- Այսօր կհետեւես իմ ֆեյսբուքյան էջին։



- Շատերն ասում են, որ այս յոթ տարվա ընթացքում․․․



- Հենց այդպես էլ գրի․․․



- Ասում են, կներեք արտահայտությանս համար, որ կրթության հերն անիծեցիք։ Հենց այդպես էլ գրե՞նք։



- Այո, հենց այդպես էլ գրի․․․ Հերն անիծողի հետ շփվելու համար դու չափից ավելի բարեկիրթ ես։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ