Էժան հիփոթեք երիտասարդներին

Էժան հիփոթեք երիտասարդներին

Կառավարության այսօրվա նիստին աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը բերել էր որոշման մի նախագիծ, որը կհետաքրքրի բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին: Կառավարությունը հաստատեց այդ նախագիծը, ըստ որի՝ փոփոխություններ են մտցվում երիտասարդ ընտանիքների մատչելի բնակարան ծրագրում: 5 տարով երկարացվեց ամուսինների գումարային տարիքը, այսինքն՝ այժմ արտոնյալ պայմաններով կվարկավորվեն այն երիտասարդ զույգերը, որոնց տարիքային գումարը չի գերազանցում 65 տարին՝ նախկին 60-ի փոխարեն:



Բարձրացվեց նաեւ վարկավորման չափը, նախկին 16 մլն դրամի փոխարեն երիտասարդ ընտանիքները կկարողանան բնակարաններ գնել մինչեւ 25 միլիոն դրամ արժողությամբ:
Իջեցվեց նաեւ կանխավճարի չափը, այն ընտանիքները, որոնք բացի ձեռք բերվող բնակարանից, կկարողանան գրավադրել այլ անշարժ գույք, կկարողանան վարկ ստանալ՝ կանխավճար վճարելով բնակարանի գնի 10 տոկոսի չափով:



Նախկինում այս դրույթը նախատեսված էր միայն մարզերում, այժմ տարածվում է նաեւ Երեւանում բնակվող զույգերի վրա: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այս փոփոխությունները նպատակ ունեն ավելի մեծ թվով երիտասարդ ընտանիքներին հիփոթեքային վարկեր տրամադրել: Այն, անշուշտ, ավելացնում է բյուջեի ֆինանսական բեռը, բայց խոստացավ իրագործել այս ծրագիրը: