Վահան Խաչատրյանը Գյումրիի քաղաքապետի ընտրության հետ կապված ծրագիր ունի

Վահան Խաչատրյանը Գյումրիի քաղաքապետի ընտրության հետ կապված ծրագիր ունի

ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Վահան Խաչատրյանը, պարզվում է, իր ծրագրերն ունի Գյումրիի քաղաքապետի ընտրությունների հետ կապված։ Նա առայժմ չի ուզում մինչեւ վերջ բացահայտել դրանք, բայց որոշ դետալներ չի թաքցնում։ 



- Ձեր հեռուստաընկերությունն իր ընդդիմադիր կեցվածքով մեծ վարկանիշ ունի Գյումրիում։ Պատկերացնո՞ւմ եք Ձեր մասնակցությունը քաղաքապետի ընտրություններին։



- Ինչ-որ ձեւով պատկերացնում եմ, բայց ինչ ձեւով, դեռեւս չեմ կարող ասել։



- Կարծիք կա, որ եթե Դուք եւ «Ասպարեզ» ակումբը, ի դեմս Լեւոն Բարսեղյանի, միանայիք՝ մոռանալով հին թշնամությունը, ապա իշխանական ուժերը Գյումրիում հաղթելու շանս չէին ունենա։ Հնարավո՞ր եք համարում նման միավորումը։



- Ես որեւէ մեկի հետ թշնամություն չունեմ, առավել եւս՝ Բարսեղյան Լեւոնի։ Չկա նման բան։ Եթե ինչ-որ մեկի հետ ես չեմ պատրաստվում միավորվել, ապա պատճառն այն է, որ ընդհանուր նպատակ չունեմ, մեր նպատակները տարբեր են։



- Բայց ասում են, թե Դուք ԳԱԼԱ-ի օգտին դրամահավաքից հետո հայտարարել եք, թե ի՞նչ գործ է արել որ «Ասպարեզը», իմ եղբայրը կարող էր պահանջվող գումարն ուղարկել։ Սրանից Բարսեղյանը վիրավորվել է։



- Ես այդպիսի բան չեմ ասել։ Իմ եղբայրն այդ ժամանակ Գյումրիում է եղել, ոչ թե դուրսը։ Բայց եթե անգամ մարդիկ վիրավորվել են, ես այդ մասին չեմ ուզում խոսել։



- Հնարավո՞ր է, որ Դուք Վարդան Օսկանյանի նորաբաց կուսակցությամբ մասնակցեք ընտրություններին։ Դուք լավ հարաբերություններ ունեք նրա հետ։



- Ոչ, դա հնարավոր չէ։ Ես չեմ կարծում, որ կմտնեմ որեւէ կուսակցության մեջ։ Կա տարբերակ, որ ինչ-որ մեկի ցուցակով մեր թիմից ինչ-որ մարդիկ գնան, սա հնարավոր է։ Բայց եթե Դուք նկատի ունեք, որ որեւէ մեկը մեր թիմից կամ անձամբ ես մտնենք ինչ-որ մի կուսակցություն, սա, կարծում եմ, հնարավոր չէ։ Համենայնդեպս, մենք ամեն ինչ կանենք, որ ընդդիմության ձայները չփոշիացվեն, այս ուղղությամբ լուրջ աշխատանք անելու ենք։ Թե դա ինչպես կդրսեւորվի, ես առայժմ չեմ կարող եւ չեմ ուզում ասել, որովհետեւ ստրատեգիական հարցեր կան, որոնք չեմ ուզում այս պահին բացահայտել։ Բայց իմ ձեռքի եկածը կանեմ, որպեսզի մեր դժգոհ հատվածի ձայները տեղ հասնեն, որ իշխանությունները հասկանան, որ այստեղ պետք է կոնկրետ աշխատանք տանել, ոչ թե մանիպուլյացիաներով զբաղվել, մարդիկ գործուղել, որ նրանք, ընդդիմություն խաղալով, փորձեն խանգարել իրական ընտրությանը։



- Իսկ ընդդիմադիր գործիչների մեջ տեսնո՞ւմ եք մեկին, որը քաղաքապետ ընտրվելու շանսեր ունի։



- Գիտեք, սա այն հատվածն է, որը ես չէի ուզենա բացահայտել առայժմ։ Հնարավոր է, որ ինչ-որ միավորումներ փորձենք կազմակերպել, մարդկանց համախմբել։