Այսօր ժողովուրդը խաբված է բոլորի կողմից՝ եւ՛ ընդդիմության, եւ՛ իշխանության. Էմմա Խուդաբաշյան

Այսօր ժողովուրդը խաբված է բոլորի կողմից՝ եւ՛ ընդդիմության, եւ՛ իշխանության. Էմմա Խուդաբաշյան

1999-2007թ.թ. ՀՀ ԱԺ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը երջանկահիշատակ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի երդվյալ համախոհներից էր, 1999թ. էլ նրա ղեկավարած «Միասնություն» դաշինքի ցուցակով ընտրվեց ԱԺ պատգամավոր։ Էմմա Խուդաբաշյանը կանգնած է ՀԺԿ-ի հիմնադրման ակունքներում։ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո էլ, երբ «Միասնություն» դաշինքից շատերը սկզբունք ու գույն փոխեցին, Էմմա Խուդաբաշյանը հավատարիմ մնաց Կարեն Դեմիրճյանի ղեկավարած Հայաստանի ժողովրդական կուսակցությանը, իսկ 2003թ. ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ սատարեց նրա որդուն՝ Ստեփան Դեմիրճյանին։ Էմմա Խուդաբաշյանն այսօր էլ սիրով է հիշում Կարեն Սերոբիչին, հիշում է, թե ինչպես է իրեն նա անվանել «հայկական Մատրոսով», երբ ինքը 1998թ. ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ ծածկել է քվեատուփը եւ փորձել այդ կերպ կանխել ընտրակեղծիքները։



-Տիկին Խուդաբաշյան, Դուք ՀԺԿ-ի հիմնադրման օրվանից եղել եք այդ կուսակցության հայտնի անդամներից մեկը, երկու անգամ ՀԺԿ-ի ցուցակով ընտրվել եք ԱԺ պատգամավոր։ Ինչպիսի՞ն են այսօր Ձեր հարաբերությունները ՀԺԿ-ի հետ։



-ՀԺԿ-ի հետ այսօր կապ չունեմ, հարաբերություններս սառեցված են, բայց մինչեւ կյանքիս վերջը ես պարտական եմ Կարեն Դեմիրճյանին։ Նա իսկապես լիդեր էր, որը մտածում էր ժողովրդի մասին։ Երբ 1998թ. Կարեն Դեմիրճյանը փաստացի հաղթել էր ՀՀ նախագահի ընտրություններում, եւ մենք մտանք իր մոտ, ասացինք, որ ժողովուրդը դժգոհ է, բողոքում է ընտրությունների արդյունքներից, ինքն ասաց՝ ես իմ ժողովրդի մազն անգամ թանկ եմ գնահատում ինձնից։ Նա ասաց, որ չի կարելի արյան գնով գալ իշխանության։ Նույն կերպ վարվեց նաեւ նրա որդին՝ Ստեփան Դեմիրճյանը։



-Հոկտեմբերի 27-ին Դուք եւս ԱԺ դահլիճում էիք գտնվում եւ տուժողների մեջ էիք։ Ի՞նչ հետք թողեց հոկտեմբերի 27-ը, մեր պետականության, պետության վիճակի մասին ի՞նչ մտորումների տեղիք տվեց այդ ոճրագործությունը։



-Այդ օրը մի թեթեւ իմ ձեռքերն էին այրվել։ Ես երկու տարի շարունակ մասնակցել եմ 27-ի գործով դատական նիստերին, «Հրապարակ»-ի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն էլ լուսաբանում էր այդ ընթացքում դատական նիստը։ Շատ ծանր օր էր։ Ես կուզենայի, որ հոկտեմբերի 27-ը ջնջվեր հայկական օրացույցից ու չլիներ։ Ես այդ օրը կորցրեցի իմ ընկերներին, ինձ հարազատ մարդկանց՝ Կարեն Դեմիրճյանին, Ռուբեն Միրոյանին, Հենրիկ Աբրահամյանին, Հայկ Քոթանյանին։ Այդ օրվանից հետո ես ամեն անգամ ԱԺ դահլիճ մտնելիս սարսուռ էի զգում։ Ես այդ դահլիճից միշտ արյան հոտ եմ զգացել։



-Հոկտեմբերի 27-ին տարիներ անց հաջորդեց Մարտի 1-ը։ Սպասելի՞ էր, որ կլինեն հետընտրական նման զարգացումներ։



-Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը չի կարող իշխանափոխություն անել, մենք այս աշխարհում ընդամենը մի «ֆիլիալ» ենք։ Եվ Մարտի 1-ն էլ բաց վերք է։ Մարտի 1-ի բացահայտման մասին այսօր խոսում են բոլորը, իշխանություններն էլ են ասում, որ պետք է բացահայտվի Մարտի 1-ը։ Է, թող բացահայտեն։



-Մարտի 1-ը հանրային գիտակցության մեջ ընկալվում է որպես քաղաքացիական պայքարի, ժողովրդական ընդվզման օր։ Հանուն ճշմարտության նշենք, որ մինչ այդ էլ ժողովուրդը համապետական ընտրություններից հետո ոտքի էր կանգնում եւ պայքարում ընտրակեղծիքների դեմ։



-Այսօր ժողովուրդը խաբված է բոլորի կողմից՝ եւ՛ ընդդիմության, եւ՛ իշխանության։ Ընդդիմությունը հայտարարում է, որ պետք է հեռացնի իշխանություններին, չի կարողանում հեռացնել, ժողովուրդը հիասթափվում է։ «Հարգելի հայրենակիցներին» ուղղված կոչերի հետեւանքով հայրենակիցները գնում, պայքարում, զոհվում են, իսկ այդ ամենի արդյունքում մի քանի հոգի գնում են Ազգային ժողով, հետո կուսակցություն ու փողկապ փոխում։
Այսօր նույնիսկ ցանկացած նախարարության վարչության պետի հետ չես կարող կապ հաստատել։ Մարդը զանգում է, նրան վիրավորում են, չեն պատասխանում նրա հարցերին։ Այս ամենը ազդում է, այս ամենից մարդիկ վիրավորվում ու հեռանում են երկրից։



-Իսկ այսօրվա քաղաքական գործընթացներից ի՞նչ հետեւություններ եք արել։



-Բայց ի՞նչ քաղաքական գործընթացներ կան։ Այսօր տեսնում ես, որ մարդը, քաղաքական գործիչը հայհոյում է իշխանություններին, իսկ հետո՝ գովերգում, կամ՝ այսօր գովերգում է, վաղը՝ հայհոյում։



- ԱԺ-ում չե՞ք տեսնում իսկապես ընդդիմադիր պատգամավորների։



-Տեսնում եմ, կան մի քանի հոգի։ Բայց նրանք ոչինչ փոխել չեն կարող։



-Կան նաեւ ընդդիմադիր հայացքների տեր, քաղաքացիական դիրքորոշում ունեցող անհատներ, որոնք պայքարում են, հայտնվում անազատության մեջ։



-Կան, միշտ էլ կլինեն այդպիսի անհատներ, որոնք կպայքարեն էլ, բանտեր էլ կընկնեն։ Սակայն եթե ընդդիմադիր բոլոր ուժերը չմիավորվեն, չեն կարող հասնել որեւէ արդյունքի։ Առանձին-առանձին, անջատ պայքարելով ոչնչի չեն կարող նրանք հասնել։
Ես այսօր ընդդիմադիր եմ համարում այն ՀՀ քաղաքացիներին, որոնք պայքարել են, տուժել, բանտերն ընկել, զրկանքներ կրել եւ չեն գնացել իշխանությունների հետ համագործակցության, չեն օգտվել իշխանության բարիքներից։



-Իսկ հավատու՞մ եք իշխանությունների հավաստիացումներին, որ համակարգի ներսում կարելի է իրականացնել բարեփոխումներ։



-Ւշխանությունները, երկրի նախագահը, եթե կարողանան ազատվել այն կլաններից, որոնք կան դեռ 1996-98 թվականներից, այն ժամանակ կհավատամ։ Ես հավատում եմ երիտասարդներին, որոնք նոր մտածողություն ունեն։ Բայց շատ դժվար է փոփոխություններ անելը, որովհետեւ այսօր ահավոր ատելություն կա մեր հասարակության ներսում, բոլորն իրար ատում են։ Էդ մթնոլորտն է պետք փոխել։ Եթե մարդը ցանկություն ունի, կարողանում է փոխել մթնոլորտը։



Օրինակ, մեր գյուղի՝ Ծովագյուղի գյուղապետը՝ Վահրամ Գեւորգյանը, գնաց, իր, իր ընտանիքի ոսկեղենը գրավ դրեց, սերմացու գնեց, գյուղին օգնեց, աշխատեց։ Էդ մարդուն այսօր բոլորը սիրում են եւ հարգում գյուղում, որովհետեւ աշխատող է, սրտացավ։
Տեսեք, եղան սահմանադրական փոփոխություններ։ «Չար լեզուներն» ասում են, որ Երեւանում ընդամենը 15 տոկոս են «այո» ասել այդ փոփոխություններին։ Ես շատ եմ հանդիպում պաշտոնյաների, իշխանության մեջ գտնվող մարդկանց, որոնք դժգոհ են երկրից։ Տաքսու վարորդն ասում է՝ սա իմ հայրենիքն է, բայց իմ երկիրը չէ, ես ուզում եմ գնալ։



Կարծում եմ, որ մեր փոքրիկ երկրում շատ են կուսակցությունները, կուսակցական համակարգը կայացած չէ։ Ամեն մեկը իր կուսակցությունը համարում է իր անձնականը եւ ատում մյուսներին։ Այս մտածողությունն է պետք փոխել։ Միակ բանը, որ կարողացավ համախմբել մեր ժողովրդին, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներն էին, որոնք էլ պատշաճ ձեւով կազմակերպվեցին։



Թագուհի Հակոբյան