Իշխանությունները ամեն ջանք կգործադրեն, որ Սասուն Միքայելյանը չհաղթի. Լեւոն Եղիազարյան

Իշխանությունները ամեն ջանք կգործադրեն, որ Սասուն Միքայելյանը չհաղթի. Լեւոն Եղիազարյան

Այսօր «Հանրապետություն» կուսակցությունը տարածել է հայտարարություն, որով պաշտպանում է ՏԻՄ ընտրություններում, այս տարվա ապրիլի 17-ին, Հրազդան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջադրած Սասուն Միքայելյանի թեկնածությունը։



«Հանրապետություն» կուսակցությունը կոչ է անում իր անդամներին ու համակիրներին ակտիվորեն մասնակցել Հրազդան քաղաքի 2016 թվականի ընտրություններին, պայքարել այդ պաշտոնում Սասուն Միքաելյանի ընտրվելու համար»,- նշված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:



Ապրիլի 17-ին Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են լինելու Հայաստանի մի շարք համայնքներում։ Ինչու՞ «Հանրապետություն» կուսակցությունը չի մասնակցում այդ ընտրություններին եւ բավարարվում է միայն Հրազդանում Սասուն Միքայելյանի թեկնածությունը պաշտպանելով։



«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լեւոն Եղիազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ տեղական իշխանիկները, օգտվելով ժողովրդի սոցիալական վիճակից, կարողանում են համայնքի ղեկավար դարձնել իրենց թեկնածուին։ Այդ իսկ պատճառով էլ իրենք նախընտրում են չմասնակցել այդ ընտրություններին։



«Այդ հարցը չենք քննարկել կուսակցության քաղխորհրդում։ Ընտրություններով իշխանափոխություն չի լինում, պետք է լինի հեղափոխություն»,- ասաց մեր զրուցակիցը։
Լեւոն Եղիազարյանից հետաքրքրվեցինք՝ եթե չեն հավատում ընտրություններով ընդդիմադիր թեկնածուի հաղթանակին, այդ դեպքում ինչու՞ են սատարում Հրազդանում առաջադրված Սասուն Միքայելյանին։



«Սասունը ազատամարտիկ է, Վազգեն Սարգսյանի մարտական ընկերը, մենք իր հետ ճանապարհ ենք անցել երկար, ի՞նչ անենք, չպաշտպանե՞նք»,-հարցին հարցով արձագանքեց մեր զրուցակիցը։



Լեւոն Եղիազարյանն այն կարծիքին է, որ իշխանություններն ամեն ջանք գործադրելու են, որպեսզի Սասուն Միքայելյանը չհաղթի։