Տեղերը մերն են, ոչ մեկին չենք տա

Տեղերը մերն են, ոչ մեկին չենք տա

Պարզվում է` «Ժառանգությունում» կրկին աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը: Օմբուդսմեն չդարձած Զարուհի Փոստանջյանին հարցրինք, թե ինչպես է վերաբերվում Հրազդանի ընտրություններում ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» պահվածքին, երբ վերջիններս հանձնաժողովներում իրենց տեղերը չեն տալիս «Քաղաքացիական պայմանագրին»: «Ես կարող եմ միայն մեր մասով ասել. նման հարց մեր կուսակցության վարչությունում չի քննարկվել»: Հայտնեք Ձեր անձնական տեսակետը, եւ ապա` Արմեն Մարտիրոսյանն արդեն իսկ ասել է` չենք տա: «Էդ հարցերով Արմենն է պատասխանատուն, երեւի դրա համար, սակայն պաշտոնապես դա չի քննարկվել»: Իրավունք ունե՞ր նա նման բան ասելու, առանց քննարկման: «Չէ, չուներ, բայց պատասխանատուն ինքն է, ապաեւ` մենք մեր տեղերը որեւէ մեկին չտալու որոշում ունենք, եթե տեղերը բաց են մնում. օրինակ` հանրաքվեի ժամանակ 120 տեղ բաց էր, կային մարդիկ, որոնք առաջարկեցին լրացնել, մենք հրաժարվեցինք»:



Ի դեպ, Վարդան Օսկանյանը կուսակցություն է ստեղծում եւ հայտ է ներկայացրել բոլորիդ` դաշինքով գնալ ընտրությունների: «Բոլոր այն բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց օրոք տեղի են ունեցել ոչ միայն հանցագործություններ, այլեւ պետական դավաճանություն, եթե այդ մարդիկ պատրաստ են անցնել արդարադատության մարմիններով եւ ապացուցել, որ անմեղ են, իմ վերաբերմունքը կփոխվի նրանց նկատմամբ, նրանց թվում՝ եւ Վարդան Օսկանյանի»: Ի դեպ հիշենք, որ այս հարցում եւս Զարուհի Փոստանջյանի եւ Արմեն Մարտիրոսյանի կարծիքները տրամագծորեն տարբեր են: Վերջինս ասել է. «Ակնհայտ է, որ պարոն Օսկանյանի նման պատրաստված քաղաքական գործիչներ Հայաստանում ամեն տեղ չէ, որ հանդիպում են»: