Եղբայրը՝ եղբոր դեմ

Եղբայրը՝ եղբոր դեմ

Թալինի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է 4 թեկնածու․ գործող քաղաքապետ Սարգիս Արամյանը՝ ՀՀԿ-ի կողմից, նախկին քաղաքապետ Գուրգեն Գրիգորյանը՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությունից, նրա հարազատ եղբայրը՝ Գեւորգ Գրիգորյանը՝ անկուսակցական, եւ ՀՅԴ-ից առաջադրված Տիգրան Հարությունյանը, որը նույնպես թալինցի է, ավտոտեխսպասարկման կետ ունի։ Առաջադրման վերջնաժամկետը լրանում է վաղը, մինչեւ 18։00-ն։ Այս մասին մեզ հայտնեց Թալինի ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Հովիկ Ասատրյանը։ Նա ասաց, որ խոսակցություններ կան, որ նախկին ԲՀԿ-ական եւ 2012-ին կրկին առաջադրված ու երկրորդ տեղը գրաված Վազգեն Խաչատրյանն էլ է ցանկանում առաջադրվել, բայց դեռեւս փաստաթղթեր չի ներկայացրել։ Ի դեպ, հետաքրքիրն այն է, որ այս ընտրություններում իրար դեմ առաջադրվել են երկու հարազատ եղբայրներ՝ Գուրգեն եւ Գեւորգ Գրիգորյանները։ Ըստ Ասատրյանի, նրանց հարաբերությունները լավ էին մինչեւ երեկ, բայց երեկվանից լարվել են՝ ընտրությունների հողի վրա։ «Երկրորդ եղբայրը՝ Գեւորգ Գրիգորյանը, որն անկուսակցական է, հիմա աշխատում է քաղաքապետարանում, կոմունալ բաժնի պետն է, ինքը պաշտպանում է գործող քաղաքապետին՝ Արամյան Սարգսին։ Հիմա որ եղբայրն առաջադրվեց, ինքը ոնց որ «նազլո», էլի, եղբոր հակառակ դրեց իր թեկնածությունը։ Լավ եղբայրներ էին, իհարկե, բայց երեկվանից լարված են հարաբերությունները»,-ասաց նա։ Մեր հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ եղբայրը եղբոր դեմ թեկնածություն է դրել հանուն գործող քաղաքապետի, որ եղբոր ձայները փախցնի նրա օգտին, պարոն Ասատրյանն ասաց. «Դե, ստացվում ա՝ դնում է, որ եղբոր ձայները կիսի, էլի․ տրամաբանությունն էդպես է գալիս»։ Փաստորեն, ՀՀԿ-ն նոր մեթոդներ է սկսել կիրառել ընտրություններում՝ եղբորը հանում է եղբոր դեմ հանուն ՀՀԿ-ի թեկնածուի։