Ես իրենցից ոչինչ դրական իմաստով չեմ ակնկալում․ Փոստանջյանը՝ ԸՕ նախագծում փոփոխությունների մասին

Ես իրենցից ոչինչ դրական իմաստով չեմ ակնկալում․ Փոստանջյանը՝ ԸՕ նախագծում փոփոխությունների մասին

Կարծում եմ՝ անցած շաբաթը հիշարժան էր Ժառանգություն խմբակցության և մասնավորապես ինձ համար երեկվա որոշմամբ, որ կայացրեց ՄԻԵԴ-ը։ Այդ որոշումը կարծում եմ նախադեպային է և կրում է կանխարգելիչ բնույթ հետագա ապօրինությունների կանխման համար։



ԱԺ ճեպազրույցներում իր խոսքն այսպես սկսեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստաջյանը՝ հիշեցնելով, Մատաղիսի գործով մեղադրված երեք երիտասարդների հարցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճռի մասին։



Ըստ նրա՝ 12 տարի անց արդարադատություն է իրականացել շատ մեծ կորուստներով, քանզի իմ պաշտպանյալները կորցրել են իրենց առողջությունը։



Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ ընթացող քննարկոմներին, տիկին Փոստանջյանն ասաց․ «Իհարկե մենք թույլ չպիտի տանք, որպեսզի այսպիսի փաստաթուղթ ընդունվի ԱԺ-ում»։



Նա նշեց, որ ստորագրված ցուցակները պետք է պարտադիր հրապարակվեն, պետք է տեսախցիկների միջոցով հեռարձակվի ընտրական պրոցեսը, ունեն նաև միասնական դիրքրոշում՝ կապված փակ ցուցակների հետ՝ ընտրությունն անցկացնել առանց ռեյտինգային ընտրակարգով ցուցակների։



«Եվ այս ամենը պետք է հնչեցվի զանգվածային լրատվամիջոցների կողմից, դա չպիտի լինի միայն դահլիճում, պետք է ոչ թե դահլիճային փոքր քննարկումներ լինեն, այլ պետք է լինի լայն քննարկում, որովհետև սա բոլորիս է վերաբերում»,-կարծում է ընդդիմադիր պատգամավորը։



Hraparak.am-ը հետաքրքրվեց Փոստանջյանից, թե ինչ է ակնկալում իշխանություններից, ո՞ր հարցերում կգնան նրանք զիջումների, քանզի արդեն իսկ ասել են, որ դիտորդների ու ԶԼՄ-ների մասին դրույթը փոխելուն կողմ են, իսկ ցուցակների հրապարակման վերաբերյալ, նաև ռեյտինգային ընտրակարգը փոխելու մասին դրույթների մասով հստակ ասել են, որ դեմ են և չեն փոխի։



«Ես իրենցից ոչինչ դրական իմաստով չեմ ակնկալում, մեր ակնկալիքները պետք է լինեն մեր հասարակության կազմակերպվածությունը, իսկ իրենք պարզ է, որ եթե չլինի ճնշում, իրենք չեն գնալու նահանջի։ Իսկ իրենց համար դա շատ կարևոր բաղադրիչ է, այո այդ ցուցակների շնորհիվ կեղծում են ընտրությունները, հիմա այս բաց համամասնական ցուցակի միջոցով նորից ուզում են անցկացնել նրանց, ում ուզում են»,-ասաց նա։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ