Ժողովուրդն է որոշելու, թե որ պատգամավորը կարող է տեղ ունենալ խորհրդարանում

Ժողովուրդն է որոշելու, թե որ պատգամավորը կարող է տեղ ունենալ խորհրդարանում

Նախօրեին Նիկոլ Փաշինյան-Կարեն Ավագյան-Շմայս կոնֆլիկտը ծագել էր այն բանից, երբ Փաշինյանը հարց էր ուղղել արդարադատության նախարարին եւ տարակուսանք հայտնել, թե արդյոք Սերժ Սարգսյանը կոմպետե՞նտ է։ Նախարարի փոխարեն արձագանքեցին Կարեն Ավագյանն ու Առաքել Մովսիսյանը՝ պաշտպանելով Սերժ Սարգսյանին։ Նրանք Փաշինյանին «համբալ» ու «դիշովկա» անվանեցին, Փաշինյանն էլ տակ չմնաց։ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը յուրահատուկ մոտեցում ունի․ «Որեւէ խնդիր չեմ տեսնում, պատգամավորն ինքը պետք է իրեն պատգամավորին վայել պահի»։ Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ Սերժ Սարգսյանի պատիվը պաշտպանելու են նետվում ՀՀԿ-ից հենց այդ պատգամավորները։ «Ես կարծում եմ, որ հանրապետության նախագահը որեւէ մեկի պաշտպանության կարիքը չի զգում»։



- Իսկ ինչո՞ւ են պաշտպանում այդ դեպքում։



- Դիմեք իրենց։



- Ինչո՞ւ, օրինակ, Դուք չեք պաշտպանում Սերժ Սարգսյանի պատիվը նման դեպքերում։



- Դա չի նշանակում, որ որեւէ մեկը չի պաշտպանում։ Հանրապետության նախագահն այդ կարիքը չունի։



- Չունի, բայց, ըստ էության, նրան վարկաբեկում են՝ նախագահի հետ կապված ցանկացած հարցի, գնահատականի դեպքում նման բուռն ռեակցիա տալով։



- Ես կարծում եմ, որ ցանկացած նմանատիպ գնահատական չի վերաբերում նախագահին, ես կարծում եմ, որ դա առաջին հերթին վարկաբեկում է հենց նմանատիպ վարքագիծ ունեցող մարդկանց։



- Եթե չի վերաբերում, ինչո՞ւ են նախագահի անունը լսելիս վրա պրծնում, սկսում լուտանքներ տեղալ մարդկանց հասցեին։



- Որեւէ մեկը հարձակում չի գործում, ուղղակի ես կհորդորեմ բոլոր պատգամավորներին, որպեսզի իրենք պահեն իրենց կոռեկտ եւ պատգամավորին վայել։



- Հնարավո՞ր է ոչ կոռեկտ պահողներին մյուս ընտրություններին չներառեք ձեր ցուցակում։



- Կարծում եմ՝ այդ հարցը պետք է ուղղեք ժողովրդին։ Ժողովուրդն ինքն է որոշելու, թե որ պատգամավորը կարող է տեղ ունենալ։



- Պարոն Մելիքյան, Դուք ժողովրդի արժեքն ու ճաշակն այդքան ցա՞ծր եք գնահատում, որ կարծում եք, թե նման մարդկանց ժողովուրդն է բերում խորհրդարան։



- Ոչ, եթե Ձեզ թվում է, թե ժողովուրդ միայն դուք եք, չարաչար սխալվում եք, մենք էլ ենք ժողովուրդ։



- Այսինքն՝ ձեր ճաշակն է՞լ է այդպիսին, որ «դիշովկա» ասող, հայհոյող պատգամավորին բերեք խորհրդարան։



- Ասեցի, որ խորհրդարան բերում է ժողովուրդը, եթե չեք ցանկանում, մի բերեք։



- Բայց Դուք էլ եք, չէ՞, ժողովուրդ, Դուք ցանկացել ու բերել եք։



- Ես իմ ցանկությունը գաղտնի կարտահայտեմ։



- Լավ, հիմա Նիկոլ Փաշինյանի հարցն Արփինե Հովհաննիսյանին, որ արդյոք կոմպետե՞նտ է Սերժ Սարգսյանը, թե՞ ոչ, Դուք ոչ կոռե՞կտ եք համարում։



- Ես կարծում եմ, որ հանրապետության նախագահը կոմպետենտ է ցանկացած հարցում, այդ հարցը կոռեկտ չեմ համարում։



- Բայց Արփինե Հովհաննիսյանն ադեկվատ պատասխան տվեց այդ հարցին, ի տարբերություն Առաքել Մովսիսյանի։ Այսինքն՝ նախարարի պատասխանը հակասության մե՞ջ մտավ Մովսիսյանի արձագանքի հետ։



- Ես հակասություն չեմ տեսնում։



- Հիմա արդարադատության նախարարի ու Առաքել Մովսիսյանի պատասխանները համարժե՞ք էին իրար՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հարցադրմանը։



- Արդարադատության նախարարի պատասխանը՝ ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանի ոչ կոռեկտ հարցին, կարծում եմ, որ ամբողջությամբ տեղին էր։



- Իսկ նախարարի պատասխանն ու Մովսիսյանի արձագանքը համարժե՞ք էին իրար։



- Կարծում եմ, որ արձագանքը Նիկոլ Փաշինյանի հարցադրմանը համարժեք էր։ Նախարարն այդտեղ որեւէ առնչություն չունի։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ