Փիլիսոփայական հարց ու պատասխան կեղծ ու ռեալ ընդդիմության մասին

Փիլիսոփայական հարց ու պատասխան կեղծ ու ռեալ ընդդիմության մասին

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կարծում է, որ Ընտրական նոր օրենսգրքի քննարկումներով լուծվում է իշխանության վերարտադրման կամ չվերարտադրման հարցը, քանի որ ճնշումները մեծ են իշխանությունների վրա թե՛ հասարակական սեկտորի կողմից, թե՛ ընդդիմադիր ուժերի կողմից։ Այս կարծիքը նա հայտնեց այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին։



Hraparak.am-ի հարցին, թե քանի՞ ընդդիմադիր ուժ է ճանաչում, Զուրաբյանն ասաց, որ շատ ընդդիմադիր ուժերի է ինքը ճանաչում, բայց կա մեկը, որը ռեալ ընդդիմադիր ուժ է։ Իսկ թե որն է այդ մեկը, թողեց, որ մենք կռահենք։



Մենք նկատեցինք, թե ենթադրենք մենք կռահենք ու հասկանանք, որ այդ միակ «ռեալ ընդդիմադիր ուժը» իրենք են՝ ՀԱԿ-ը, իսկ մյուս ընդդիմադիր ուժեր կեղծ են կամ ոչ ռեալ, իրենք ինչպե՞ս են պատկերացնում կոնսոլիդացիան այդ կեղծ կամ ոչ ռեալ ընդդիմադիր ուժերի հետ։



«Գիտե՞ք, փիլիսոփայական հարց եք տալիս, շատ բան է աշխարհում փոխվում, կեղծ ընդդիմադիրները, տեսնելով դինամիկան, դառնում են ավելի ոգևորված ռեալ ընդդիմական գործընթացներում․․․ ընդհանրապես այս սահմանը բավականին լղոզված է։ Դա մշտական պայքար է, որտեղ մե՛կ շահում է իշխանությունը, մե՛կ շահում է ընդդիմությունը։ Էնպես որ, մի՛ զարմացեք, որ որոշ ուժեր կարող են լինել իշխանության մեջ, հետո դառնալ ընդդիմադիր, հետո դառնալ շատ անկեղծ ընդդիմադիր, հետո նորից մտնել իշխանություն։ Էդ դինամիկան միշտ էլ կա, դրա համար պետք չի երբեք կորցնել հույսը և հավատը»,-ոչ պակաս փիլիսոփայական պատասխան տվեց պարոն Զուրաբյանը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ