Ես ինձ համար ունեմ քաղաքական տիրույթում բոլոր հարցերի պատասխանները

Ես ինձ համար ունեմ քաղաքական տիրույթում բոլոր հարցերի պատասխանները

ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի կուսակցություն ստեղծելու գաղափարին որեւէ հատուկ վերաբերմունք չի ցանկանում ցուցաբերել։ «Եթե ցանկություն է, ապա դրան վերաբերվում եմ նորմալ, եթե դա նպատակադրվածություն է, ապա վերաբերվում եմ նորմալ, երբ որ դա կդառնա իրականություն՝ կախված ծրագրից ու քաղաքական կուրսից, նոր կկարողանամ մեկնաբանել։ Հիմա քաղաքական դաշտում խոսում են բացառապես ցանկության ու նպատակադրվածության մասին»,-ասաց նա։ Մենք հիշեցրինք, որ այդ ցանկությունը գործնական հիմքերի վրա է դրված, քանզի Օսկանյանը հաստատել է դա, նշել է, որ պատրաստ են համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ։ Պարզապես այդ կուսակցության ակունքներում Ռոբերտ Քոչարյանի անունն է շոշափվում։ Այս հարցում Ուրիխանյանն իր կարծիքը ձեւակերպեց կարճ ու կոնկրետ. «Սովորական»։



- Ռոբերտ Քոչարյանի անվան շոշափումն այս կոնտեքստում, Օսկանյանի կողմից ստեղծվելիք կուսակցության թեմայում, Ձեզ մոտ որեւէ զգացողություն կամ ասոցիացիա առաջացնո՞ւմ է՝ որպես քաղաքացի եւ քաղաքական գործիչ։



- Իմ քննարկումների տիրույթում չկա այդ հարցը։



- Բայց դա հանրային սեկտորում բավականին լայն քննարկման առարկա է դարձել, քանզի Ռոբերտ Քոչարյանի անունը, Սերժ Սարգսյանի անվան հետ զուգահեռ, կապվում է Մարտի 1-ի հետ, Քոչարյանի անունը կապվում է նաեւ այդ տարիների մի շարք բացասական երեւույթների հետ։



- Նախ՝ ես արդեն տվեցի պատասխան, երկրորդ՝ մենք խոսում ենք մի բանից, որը դեռ չկա։ Եթե եւ երբ որ կլինի, այն ժամանակ պատրաստ եմ մեկնաբանել, եւ երրորդ՝ ինձ համար շատ կարեւոր է, վստահ եմ՝ նաեւ «Ալյանս» կուսակցության 53 հոգանոց վարչության համար, կարեւոր է ու առաջնահերթ է հետեւյալը․ ինչ վերաբերմունք ու դիրքորոշում կհայտնի ՀՀ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը ցանկացած, այդ թվում՝ այդ հարցի վերաբերյալ։ Մեր գործունեությունը բխել եւ բխում է բացառապես հանրային պատվերից։ Եթե որեւէ քաղաքական ուժ կտեղավորվի հանրային պատվերի մեջ՝ իր քաղաքական կուրսով, ապա մենք կարող ենք համագործակցել։



- Դուք ունե՞ք հանրության գնահատականի հստակ պատկերը, թե հանրության որ հատվածը, քանի տոկոսն ինչ տեսակի կարծիք պետք է հայտնի այս կամ այն ուժի վերաբերյալ, որ Դուք որոշեք՝ համագործակցե՞լ նրա հետ, թե՞ ոչ։



- Լրատվամիջոցները, զորօրինակ՝ ձեր լրատվամիջոցի իրականացրած հարցումը, որը վերջերս հրապարակվեց, եւ կենդանի շփումները փոքրաթիվ բնակչություն ունեցող երկրում, այո, կտան ամբողջական պատկերացում։



- Այդ հանրային կարծիքի մի որոշ հատված քննադատաբար է վերաբերվում Օսկանյանի կողմից կուսակցության բացմանը, քանզի Ռոբերտ Քոչարյանի անունը կապվում է դրա հետ։ Այս հանգամանքը Ձեզ համար խոչընդոտ կարո՞ղ է հանդիսանալ հավանական համագործակցության առումով։



- Դուք տալիս եք հարցեր մարդկանց եւ, ենթադրաբար, ձեւավորվելիք կազմակերպությունների վերաբերյալ, որոնց հետ ես կապ չունեմ։ Այս պահին կա միայն մեկ մարդու հայտարարություն, որը պատրաստ է կամ մտադրություն ունի կուսակցություն ստեղծելու։ Իսկ համագործակցության վերաբերյալ ես արդեն ասացի։



- Եթե մեկ շաբաթ անց այդ կուսակցությունն իրականություն դառնա, իմ հարցը դրանից չի փոխվի. Դուք այդժամ կունենա՞ք այս հարցի պատասխանը։



- Ես ինձ համար ունեմ քաղաքական տիրույթում բոլոր հարցերի պատասխանները, շատ հստակ վերաբերմունք եւ դիրքորոշում եւ անձանց, եւ իրենց կենսագրականներին, եւ իրենց կարողություններին, հետեւաբար՝ ապագայում նրանց գործողությունների արդյունքում հավանական իրադարձությունների զարգացման վերաբերյալ։ Բայց կոնկրետ կուսակցության մասին կխոսենք, երբ որ նա ստեղծվի։



- Դուք այժմ միտվա՞ծ եք դաշինքի որեւէ կուսակցության հետ, թե՞ ոչ, եւ արդյոք կա՞ Ձեր մտահորիզոնում որեւէ քաղաքական ուժ, որը, Ձեր պատկերացմամբ, վայելում է հանրային լայն շրջանակների վստահությունը, եւ Ձեզ համար խնդիր չի լինի նրա հետ համագործակցել։



- Նորից հատուկ ուզում եմ շեշտել՝ համագործակցություն եւ միավորում կարող է լինել եւ կլինի բացառապես այն պարագայում եւ այն ուժի հետ, որի հետ միավորմանը ժողովուրդը կտա հավանություն։ Այսինքն՝ միավորվել, թե չմիավորվել, այդ հարցը ես տալու եմ մեր թիմակիցներին, մեր անդամներին եւ ուղղակիորեն ՀՀ քաղաքացիներին։ Անցկացնելու ենք սոցիոլոգիական հարցումներ, դուրս ենք գալու փողոց, գնալու ենք համայնքներ, մտնելու ենք մարզեր, մտնելու ենք գյուղեր, եթե կստանանք հավանություն, կգնանք, եթե ոչ՝ ոչ մի լծակ, ոչ մի ազդեցություն, ոչ մի կշիռ մեզ այլ քաղաքական ուժի չի ստիպի եւ չի դրդի ոչ համագործակցության եւ ոչ միավորման։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ