Զուգահեռները մեր օգտին չեն

Զուգահեռները մեր օգտին չեն

Առողջ հասարակության մեջ թույլին պաշտպանում են, լկտիներին կարգի հրավիրում, իշխանությանը քննադատում, ազնիվներին ու աշխատասերներին տեղ տալիս, ծույլերին պատժում։ Միայն անառողջ, խեղաթյուրված արժեքային համակարգ ունեցող հասարակությունն է մեծարում հաբռգածներին, ընկածին խփում, հարուստների առաջ գլուխ խոնարհում, աշխատողներին քննադատում, վերադասից վախենում ու քծնում։ «Օսկար 2016»-ի լավագույն ֆիլմ ճանաչված «Ուշադրության կենտրոնում» ֆիլմը տխուր մտորումների առիթ տվեց՝ զուգահեռներն ակնհայտորեն մեր օգտին չէին։ Հավատքի ու եկեղեցու նկատմամբ ակնածանքով լի ամերիկյան հասարակությունը, կինոարտադրողը անխնա բացահայտել է կաթոլիկ եկեղեցու արատները, խոսել պեդոֆիլ հոգեւորականների մասին։ Մեզանում ցանկացած նման փորձ պարսավանքի կարժանանար։ Այն լրատվամիջոցը, որ համարձակվում է Հայ առաքելական եկեղեցու գործունեության մեջ թերություններ գտնել, հայտնվում է հասարակության թիրախում, պիտակավորվում։ Եկեղեցին մեզանում անձեռնմխելի հայտարարված «սրբություններից» է, չնայած հայ հասարակությանը հավատացյալ չես կոչի։ Փոխարենը ինչպիսի՜ հարգանք կա լրագրողի եւ լրատվամիջոցների նկատմամբ ամերիկյան հասարակությունում։ Ինչպե՜ս է մեծարված այդ ԶԼՄ-ն՝ «Բոստոն գլոբը», որը համարձակվել է բացահայտել հանցագործ հոգեւորականներին։ Ի՜նչ հզոր իմաստ ու պետական քարոզչություն է դրված ֆիլմում, որտեղ լրագրողի աշխատանքը բացառապես դրական լույսի ներքո է ներկայացված։ Դուք կարծում եք ԱՄՆ-ում տգետ ու ծախված լրագրողներ, դեղին մամուլ չկա՞։ Կա եւ այն էլ ինչքան, բայց պետությունը կարեւորում է լրագրողի գործը եւ իր հասարակությանը դաստիարակում է այդ հարգանքի մթնոլորտում, այլ ոչ թե լրագրողներին փնովելու, դատապարտելու, արժեզրկելու ռեժիմում։