ՀԱԿ-ը Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի համար բուֆերի դեր է ստանձնել

ՀԱԿ-ը Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի համար բուֆերի դեր է ստանձնել

Ապրիլի 17-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ, այդ թվում՝ Հրազդան քաղաքում։ Այստեղ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական թեկնածու Արամ Դանիելյանի դեմ, բացի «Հայկական վերածնունդ» կուսակցության թեկնածուից, կպայքարի նաեւ ազատամարտիկ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը։ Այս առիթով ՔՊ վարչության անդամ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դիմել էր նույն խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին՝ իրենց քվոտայով հանձնաժողովի անդամների տեղերն իրենց տրամադրելու հարցով։ ՀԱԿ-ը, սակայն, մերժել էր։ Նույնկերպ հրաժարվել էր իր տեղերը տրամադրել նաեւ «Ժառանգությունը»։ Երկուսն էլ պատճառաբանել էին, որ իրենց անդամներն էլ կպայքարեն արդար ու թափանցիկ ընտրությունների համար։



«ՏԸՀ անդամներին նշանակելիս Հայ ազգային կոնգրես խմբակցությունը երբեւէ չի առաջնորդվել քաղաքական նպատակահարմարության նկատառումներով, այլ միայն եւ միայն ընտրական գործընթացի օրինականությունն ապահովելու սկզբունքով: Հայ ազգային կոնգրես խմբակցությունը հավաստիացնում է, որ թիվ 25 ընտրատարածքում ունի մարդկային անհրաժեշտ ռեսուրսներ՝ տեղամասային հանձնաժողովները համալրելու այնպիսի անդամներով, ովքեր բազմիցս ապացուցել են օրենքների իրենց իմացությունը, օրինականության հաստատման համար պայքարելու վճռականությունը եւ համարձակությունը»,-պարզաբանեցին ՀԱԿ-ից։ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ ասաց, որ որոշումը վերջնական է՝ հավելելով, որ «Քաղաքացիական պայմանագրի» աջակցության ակնկալիքն իրենք կբավարարեն այն առումով, որ Հրազդան կգործուղեն, իր խոսքերով ասած, հանձնաժողովի անդամների հավաքական։ «Այսինքն՝ անձինք, ովքեր պրոֆեսիոնալ են եւ, միանշանակ, կամքի մեծ պաշար ունեցող, եւ կարծում եմ՝ Ընտրական օրենսգրքի տառին եւ ոգուն համահունչ գործունեություն ծավալելով՝ նրանք կօգնեն արդարությանը եւ Սասուն Միքայելյանին»,-ասաց նա։ Հարցին՝ իրենք զրուցե՞լ են Սասուն Միքայելյանի կամ ՔՊ այլ անդամների հետ, Մարտիրոսյանն ասաց՝ դա արդեն էական չէ։



Զրուցեցինք նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի հետ։ Վերջինս ասաց, որ խոսքն այստեղ վերաբերում է ՀԱԿ-ին, քանզի «Ժառանգության» պարագայում, ըստ նրա, այն մարդկային, բարոյական, նաեւ իրավական պարտավորությունները, որ ունի ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» չունի։ Եվ իրենք նրանց հասցեին որեւէ դատապարտող բան չեն ասի։ «Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա ասել եմ ու նորից կասեմ, որ ՀԱԿ-ի ստեղծման օրվանից, եթե հաշվես իրենց գործելաոճը, ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի բուֆեր հանդիսանան եւ Սերժ Սարգսյանին, եւ ՀՀԿ-ին, որ նրանց իշխանությանը պահեն։ Դա իմ անձնական դիրքորոշումն ու վերաբերմունքն է, ես չեմ արտահայտում կուսակցության կարծիքը»,-ասաց նա։



Հետո նա մտաբերեց պատմության որոշ դրվագներ, որոնցով, ըստ նրա, ՀԱԿ-ն օգուտ է տվել գործող վարչակարգին։ «Սկսենք Րաֆֆի Հովհաննիսյանից։ Երբ որ Րաֆֆին նստացույց էր անում, նրա նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, երբ ամեն ինչ արվում էր նրա դեմ, որ Րաֆֆին շատ ձայն չհավաքի, բայց էդ մարդը, փաստացի, դրանից հետո առնվազն պաշտոնական տվյալներով որ կես միլիոն ձայն հավաքեց։ Հրանտ Բագրատյանը, երբ որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ինքն իր թեկնածությունը չի դնում, Հրանտ Բագրատյանը դրեց իր թեկնածությունը, եւ նրան սարքեցին իշխանական պրոյեկտ, ինչ ասես՝ չասացին, հալածանքների ենթարկեցին։ Գագիկ Ծառուկյանը, երբ որ նրան բերեցին հրապարակ, եւ իրենից ուժ էր ներկայացնում ու կարող էր ինչ-որ քայլերի գնալ, դրանից տասն օր առաջ բաց նամակ են գրում Սերժ Սարգսյանին, որի ենթատեքստը եւ մեսիջը հետեւյալն էր, որ «էս ամեն ինչը կարեւոր չի, ապրիլի 24-ին, որը երկու ամիս հետո է, էնտեղ ոնց որ ճիշտ բաներ չեն արել», եւ դրանով Ծառուկյանին փաստացի մենակ թողեցին։ Հրազդանի օրինակը, որ փաստացի ՀԱԿ-ը, բացի Սասուն Միքայելյանից, որեւէ այլ թեկնածու չունենալով, թույլ չի տալիս, որ Սասուն Միքայելյանն իր վստահված անձանց նշանակի, եւ այսպես շարունակ»,-նկատեց ՔՊ վարչության անդամը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ