Եթե լրագրողները նոր լուծում ունենան, բնականաբար մեր կողմից կընդունվի․ Գալուստ Սահակյան

Եթե լրագրողները նոր լուծում ունենան, բնականաբար մեր կողմից կընդունվի․ Գալուստ Սահակյան

Տևական արձակուրդից հետո աշխատանքի վերադարձած ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողներին ասաց, որ Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումներին և զարգացումներին ամբողջովին տեղյակ է։



«Տեղյակ եմ, և մեր աշխատանքը հետևյալն է, որ այնպիսի միջավայր ստեղծենք, որ որևէ մի կողմից բողոքներ չլինեն, դրա համար այսքան շարունակ քննարկումներ են լինում»,-ասաց նա։



Անդրադառնալով ընտրատեղամասերում լրագրողների և դիտորդների թիվը սահմանափակող դրույթին, որը դժգոհություն է առաջացրել նրանց մոտ, պարոն Սահակյանն ասաց․ «Լրագրողների մասը, իհարկե, էդ հարցը մենք էլ ենք շատ մտածել, կարծեմ հիմա ութ հոգին է գրված, որովհետև Հայաստանում էդպիսի ընտրատեղամաս չկա, որ 30, 100 կամ 200 լրագրող տեղավորվեն։ Եթե լրագրողները ճիշտ բան կառաջարկեն, բնականաբար դա կընդունվի մեր կողմից»։



Hraparak.am-ի հարցին, թե չի՞ կարծում, որ արհեստական է մտցված այդ դրույթը, քանզի իշխանությունները հակված են հիմնականում միայն այդ դրույթը փոխելուն, իսկ մյուս արմատական խնդիրները, որ բարձրացվում են ընդդիմության կողմից, կողմ չեն լուծելուն, ԱԺ նախագահն ասաց․ «Ես չեմ կարծում էդպիսի բան, որ իշխանությունները ինչ-որ ձևով հակված են դա անելու, որովհետև ասում եմ՝ ցույց տվեք Հայաստանում որևէ ընտրատեղամաս, որտեղ կկարողանան 30, 40 կամ 100 հոգի լրագրողներ հավաքվեն։ Տեղն էլ չկա։ Եթե դուք նոր ինչ-որ մի բան գծեք, ենթադրենք՝ հերթով, հերթականությամբ մտնելու կամ ինչ-որ մի նոր լուծում ունենաք, բնականաբար մեր կողմից կընդունվի»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ