Նիստի ժամանակ հայհոյանք էլ է լինում, մարդ էլ են փորձում ինչ-որ մի բան անել, պառլամենտական օրենքներ են

Նիստի ժամանակ հայհոյանք էլ է լինում, մարդ էլ են փորձում ինչ-որ մի բան անել, պառլամենտական օրենքներ են

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով նոր է վերադարձել արձակուրդից, այսօր լրագրողների հետ անդրադառնալով իր բացակայության ժամանակ ԱԺ-ում տեղի ունեցած վեճերին, իրեն հատուկ պատասխան տվեց։



Ճիշտ է, նա սկզբում ասաց, որ ինքն այդքան էլ տեղյակ չէ՝ ինչ է տեղի ունեցել, իսկ հարցը վերաբերում էր Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ-ականներ Կարեն Ավագյանի ու Առաքել Մովսիսյանի (Շմայս) միջև տեղի ունեցած բանավեճին ու հայհոյանքներին։ Մինչդեռ ասում էին՝ ինքը տեղյակ էր և անգամ հանդիմանել է վերոնշյալ ՀՀԿ-ականներին իրենց պահվածքի համար։



«Դա արդեն ֆրակցիայի ղեկավարին հարցրեք, որովհետև այդ օրերին ես էստեղ չեմ եղել, և ես այդքան էլ տեղյակ չեմ՝ ով է մեղավոր, ինչից է սկսվել»,-ասաց նա և որոշեց մեզ գոտեպնդել․ «Բացի դրանից էլ, պիտի միշտ պատրաստ լինեք, աշխարհի բոլոր պառլամենտներն են էդպիսին, մերը, ըստ երևույթին, միշտ ասել եմ՝ մի քիչ ավելի լավն է էդ տեսանկյունից։ Այնպես որ, նիստի ժամանակ, իհարկե, հայհոյանք էլ է լինում, իհարկե մարդ էլ են փորձում ինչ-որ մի բան անել, պառլամենտական օրենքներ են»։



Դիտարկմանը, թե հատկապես ՀՀԿ-ականներն են հաճախակի աչքի ընկնում նման պահվածքով, ԱԺ նախագահն ասաց․ «Հատկապես ձեզ էլ այդպես պիտի թվա, որովհետև իրենք՝ ՀՀԿ-ականները, արդեն իշխանության մեջ են, և նրանք, ովքեր իշխանության մեջ չեն, ինչ էլ ասեն՝ բոլորի համար հաճելի է, որովհետև իշխանության մեջ չեն»։
Hraparak.am-ի դիտարկմանը, թե գուցե ի՞ր պակասն էր զգացվում դահլիճում, որ ավելի զգոն իրենց պահեին պատգամավորները, Սահակյանն ասաց․ «Ես, ճիշտն ասած, չեմ կարող ասել՝ ինչ է պատահել, որ էդպես մտածեմ»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ