Արամ Դանիելյանը դիմել է դատախազություն` ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Արամ Դանիելյանը դիմել է դատախազություն` ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Այն, որ Հրազդանում ապրիլի 17-ին կայանալիք ընտրությունները բավականին լարված են լինելու, արդեն իսկ պարզ է դառնում դեռ քարոզարշավը չսկսված: Առաջադրված հինգ թեկնածուներից այսօր ինքնաբացարկ են ներկայացրել Վաղարշակ Պողոսյանն ու ՀՀԿ-ական Ռաֆայել Գրիգորյանը: Քաղաքապետի աթոռի համար կպայքարեն երեք թեկնածուներ՝ Հրազդանի գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արթուր Միսակյանը:



Ավելի վաղ հայտնել էինք, որ Արամ Դանիելյանի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, ըստ, որի` Նիկոլ Փաշինյանը ճնշում է գործադրում դպրոցի տնօրենների վրա: Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր այս հայտարարությանը` նշելով, որ տնօրենների հետ քննարկել է դպրոցները ընտրական և քաղաքական պրոցեսների մեջ ներքաշելու, աշակերտների միջոցով ծնողներին քարոզչական ճնշումների ենթարկելու արատավոր պրակտիկայից հեռու պահելու անհրաժեշտության հարցը։ Մի քանի օր առաջ էլ նույն հարցը քննարկել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ: Այնուհետեւ պարզվել էր, որ ընդդիմադիր պատգամավորին հետեւել են` տեսանկարահանելով նրա այցելությունը դպրոցներ: Սրա առնչությամբ Նիկոլ Փաշինյանը դիմել էր ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանին` պահանջելով պարզել, թե ովքե՞ր են հետեւել եւ ինչո՞ւ են դա արել գաղտնի: զինվա՞ծ են եղել արդյոք այդ անձինք, ո՞ւմ հանձնարարությամբ են իրականացրել անձեռնմխելի անձ հանդիսացող ՀՀ ԱԺ պատգամավորի գաղտնի հետեւումը, արդյոք Հրազդանում կամ Երեւանում իր տեղաշարժերին հետեւո՞ւմ են, եթե այո՝ ովքե՞ր են հետեւող անձինք, ո՞ւմ հանձնարարությամբ եւ ի՞նչ նպատակով են դա իրականացնում:



Դեռ երեկվանից արդեն Հրազդանում իրարանցում է: Երեկ արդեն քաղաքում խոսում էին, որ նկարահանումը կատարել է Հրազդանի քաղաքապետարանի լրատվության բաժինը: Իսկ այժմ այսօրվա զարգացումներից, տեղեկացանք, որ առավոտյան մարզպետարանում տեղի ունեցավ դպրոցի տնօրենների խորհրդակցություն: Նրանք վստահեցնում են, թե սա ամենօրյա խորհրդակցություն է, թեեւ չի բացառվում, որ երեկվա թոհուբոհի հետեւանք լինի: Նիկոլ Փաշինյանին այցը դպրոցներ արձանագրած տեսահոլովակը անհետացել է, իսկ առավոտյան գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ  Դանիելյանը դիմել է դատախազություն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. «Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը մարտի 21-ին այցելել է Հրազդան քաղաքի մի շարք հանրակրթական դպրոցներ՝ փորձելով ճնշումներ գործադրել կրթական հաստատությունների ղեկավարների վրա եւ նրանց ներքաշել նախընտրական գործընթացների մեջ: Այցելության փաստը հաստատել է նաեւ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում: Ավելին, Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանի ապօրինի գործունեության առաջին իսկ ահազանգից հետո մեր շտաբի լրատվության պատասխանատուների կողմից տեսալուսանկարահանվել են նրա այցելությունները: Նիկոլ Փաշինյանը հանրակրթական ուսումնական հաստատությունների աշխատանքային ժամերին, որպես շտաբի պետ այցելելով դպրոցներ, փորձել է իրականացնել քարոզչական եւ քաղաքական գործունեություն: Ուսումնական հաստատությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չունեն որեւէ ուղղակի առնչություն ընտրությունների կազմակերպման հետ: Նման գործառույթ վերապահված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ինչպես նաեւ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին: Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը նախընտրական թեմայով արդեն հանդիպում ունեցել էր Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ, որի մասին վկայում է նաեւ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը: Ավելին, ըստ մամուլի տեղեկությունների, ընտրությունների կազմակերպման հարցերով նա հանդիպել էր նաեւ տարբեր պաշտոնատար անձանց հետ: Այսքանով հանդերձ, մեղմ ասած, անհասկանալի է Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանի երեկվա շրջագայությունը պետական ուսումնական հաստատություններ, որոնց կանոնադրական նպատակների մեջ չի մտնում ընտրությունների կազմակերպման հետ կապված որեւէ գործառույթ: Նիկոլ Փաշինյանը ակնառու խախտել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 8- րդ մասի, «ՀՀ ընտրական օրենսգրքի» 18-րդ հոդվածի 8-րդ մասի, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման պահանջները: Առաջարկում ենք ուսումնասիրել ներկայացված փաստերը եւ խնդրում միջոցներ ձեռնարկել Հրազդան քաղաքի քաղաքապետի ընտրությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրոթյան պահաջները խախտած անձանց օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու եւ ապագայում նման օրինազանցություններ բացառելու համար»:



Ի դեպ, դպրոցի տնօրենները մեզ հետ զրույցում ասացին, որ Նիկոլ Փաշինյանը շատ կիրթ ձեւով մոտոցել է բոլոր տնօրեններին, մի քանի րոպե խոսելուց հետո դուրս է եկել դպրոցից. «Ոչ մի ճնշում չի գործադրել մեզ վրա, թող ավելորդ լարվածություն չստեղծեն»,- ասում էին տնօրենները: Թե ինչ ընթացք կունենա Նիկոլ Փաշինյան եւ Արամ Դանիելյան հակընդդեմ հայտարարությունները, պարզ կլինի հետագա զարգացումներից: Մինչ այս կռիվը շարունակվում է, Հրազդանի մյուս թեկնածու «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արթուր Միսակյանը զբաղված է նախընտրական կազմակերպչական աշխատանքներով, եւ ըստ մեր տեղեկությունների` հանդես կգա «Հանուն քաղաքիս վերածննդի» կարգախոսով:



Նելլի Կարապետյան