Մարտի մեկը ծես է դարձել, իսկ իշխանությունը վախենում է այն նշել պաշտոնապես

Մարտի մեկը ծես է դարձել, իսկ իշխանությունը վախենում է այն նշել պաշտոնապես

Ոչ ոք չէր սպասում, որ կառավարությունը կընդունի ՀԱԿ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը՝ մարտի 1-ը նշել որպես զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր: Ընդունել այն`  նշանակում էր խոստովանել, որ այդ օրը կատարվել է պետական ահաբեկչություն, Սերժ Սարգսյանը իշխանության է եկել ժողովրդին «բռնաճնշումների» ենթարկելու ճանապարհով, հետևապես՝ լեգիտիմ նախագահ չէ։ Կառավարության մերժողական եզրակացությունը ԱԺ նախագահին ուղղված ներառված է վաղվա նիստերի օրակարգում։ Ավելի վաղ տեղի է ունեցել քննարկում կառավարությունում, որին ՀԱԿ ներկայացուցիչները չեն ներկայացել։ Մերժման հիմնավորումն է․ «Նախագծի հիմնավորման համաձայն «թեև ֆորմալ առումով շարունակվում է մարտի 1-ի սպանությունների գործով նախաքննությունը, սակայն, ըստ էության դրանցով վարույթը կասեցված է և հանցագործների բացահայտմանն ուղղված քննչական գործողություններ, օպերատիվ հետախուզական միջոցառումներ փաստորեն չեն կատարվում»: Այսինքն՝ նախագիծը քաղաքական գնահատական է տալիս իշխանությունների, դրա առանձին մարմինների աշխատանքին և չի համապատասխանում այն օրենքի տրամաբանությանը, որում առաջարկվում է փոփոխություն կատարել»:



ՀԱԿ իրավական հարցերի խորհրդատու Արմեն Խաչատրյանը համարում է, որ նախ ՀԱԿ պատգամավորներն իրենց առաջարկն անելիս որևէ քաղաքական գնահատական չեն ներկայացրել, երկրորդը՝ մարտի մեկը արդեն ժողովրդի ենթագիտակցության մեջ է և երրորդը՝ այն պետք է նշվի որպես պետական ահաբեկչության զոհերի հիշատակի օր, ինչից էլ իշխանությունները վախենում են և ամեն ինչ անելու էին, որ «ջրեն» նախագիծը։ Մեկնաբանելով արդարադատության նախարարի եզրակացությունը` նա ասաց․ «Չկա քաղաքական գնահատական, թեև մարտի մեկը քաղաքական ակունքներում է ձևավորվել։ Փաստի մասին է խոսվել։ Եթե որևէ մեկը կարող է ապացուցել, որ մարտի մեկին հանցագործություն կատարած անձինք բացահայտվել են, կամ պատիժ են կրում, կարող ենք հրաժարվել այդ բառերից։ Կա ողբերգական իրադարձության հիշատակի օր, 2009-ից այն նշվում է, և օրենքի տրամաբանության մեջ մտնում է, որ նման օրը նշվի պաշտոնապես»։



- Կարո՞ղ էիք հրաժարվել «քաղաքական» հիմնավորումից, որը «խանգարում է» իշխանություններին։ Նույն նախագիծը լիներ, բայց առանց նրանց համար այդ սարսափելի բառերի։ 



-Իհարկե, կարող էինք հանել ամբողջ հիմնավորումը, եթե ուզում են։ Անհեթեթություն է հիմնավորումների պատճառով օրենքը մերժելը, որովհետև մարդը օրենքը կարդում է, դրանց հիմնավորումները չի կարդում։ Օրենքն ընդունելուց են լինում հիմնավորումներ։ Դրանից հետո էլ կարևոր չի։ Օրենքի փոփոխությունը այդ հոդվածի փոփոխությունն է։ Ընդամենը հոդվածն էր մտնելու օրենքի մեջ։ 



Մնում է ավելացնել, որ մարտի մեկը ոչ միայն արմատացած է մեր գիտակցության մեջ որպես հիշատակի օր։ Այն, կարելի է ասել, ծես է դարձել, իր ծիսակարգով, որը ժամանակին ձևավորել էր ՀԱԿ-ը։ Ամեն տարի մարդիկ անցնում են նույն ճամփան․ գնում են Ազատության հրապարակ, իրենց կյանքի արմատական հարցերի մասին ելույթներ են լսում, գնում են Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ դնելու։ Մարդկային բազմությունը հիմնականում նույնն է, ինչ 2008-ին, Տեր-Պետրոսյանի միտինգների ժամանակ։ Այս տարի «Նոր Հայաստանը» մի պահ ուզում էր «տանել» մարտի մեկի ժողովրդին իշխանափոխության երթի, բայց 100 հոգի էլ չգնացին։ Նշանակում է՝ ծեսը պահպանվում է։ Անգամ ոստիկաններն են միացել դրան։ Քաղաքական ուժերն էին ավելացել, որոնք այդ օրը ցանկանում էին լինել հարթակում։ Հակասություններից խուսափելու համար այս տարի քաղաքական ելույթներ չեղան։ Ընդամենը հիշեցին, հարգեցին, սգացին, և պարզ է, որ եթե ոչ այս, ապա գալիք կառավարություններից մեկը անպայման ճանաչելու է մարտի մեկը որպես հիշատակի օր։ Որպես ծրագրային դրույթ` կետն այս, ինչպես նաև մարտի մեկի զոհերին առանձնահատուկ կարգավիճակ տալը նշված են ՀԱԿ-ի ծրագրում։



Սյուզան Սիմոնյան