«Պարտշկոլայից» մինչեւ ՀՀԿ-ի քաղաքական դպրոց

«Պարտշկոլայից» մինչեւ ՀՀԿ-ի քաղաքական դպրոց

Հայաստանի ամենաիշխող Հանրապետական կուսակցությունը որոշել է քաղաքական դպրոց հիմնել՝ զարկ տալով ջահելների մեջ ՀՀԿ-ական արժեքներ սերմանելու «սուրբ» գործին։ Թե ինչ արժեքներ պետք է սերմանվեն ՀՀԿ-ի այդ ուսումնական ֆաբրիկայում, կարելի է միայն ենթադրել։ Իսկ ենթադրություններն անմիջապես հաջորդեցին ու հեղեղեցին համացանցը Շարմազանովի հայտարարությունից հետո, որն «ավետեց» այդ մասին։ Անգամ ՀՀԿ ներկայացուցիչ Աշոտ Աղաբաբյանը նկատեց, որ դիվանագիտական, հանրակրթական, միջազգային դպրոց լսել էինք, բայց քաղաքական դպրոցը դիկտատուրա է նշանակում։ Մանավանդ՝ դեռ պարզ չէ, թե ովքեր են դասավանդելու այդ դպրոցում, չի բացառվում, որ հենց Շարմազանովն էլ ՀՀԿ-ի պատկերացրած նժդեհական արժեքների մասին դասախոսություն կարդա ապագա «նժդեհիկներին»։ Բայց համացանցն արդեն ստեղծագործական տարերքի մեջ է, թե ովքեր են դասավանդելու ՀՀԿ-ական դպրոցում, էլ Առաքել Մովսիսյան, էլ Սամվել Ալեքսանյան, Մհեր Սեդրակյան։ Չնայած դեռ հարց է, թե որն է ավելի ահարկու՝ ՀՀԿ-ի հետ միայն փողով ու կերակրափողով «արժեքային» կապ ունեցող վերոնշյալ գործարարնե՞րը, թե՞ մինչեւ ուղնուծուծը ՀՀԿ-ական եւ ՀՀԿ-ի արժեքներն իրենց արյան մեջ կրող Էդիկ Շարմազանովը, Կարեն Ավագյանը, Արմեն Աշոտյանը եւ այլք։ 



Սովետական շրջանում էլ Կոմունիստական կուսակցությունն ուներ նմանատիպ կուսակցական դպրոցներ՝ «պարտշկոլաներ», որտեղ կրթվում էին կումունիստները, հաղորդակից դառնում Կոմկուսի գաղափարախոսությանն ու արժեքներին, որ հետո ղեկավար պաշտոններում օգտագործեն այդ գիտելիքները։ Կոմկուսի «շկոլան» ժամանակի հեղինակավոր ու բարձրակարգ «դպրոցներից» էր համարվում, որտեղ ուսանելը «պրեստիժնի» էր, իսկ ՀՀԿ-ի դպրոցը, դեռ չստեղծված, վարկաբեկվեց։ Մարդիկ արդեն անեկդոտներ են հյուսում ու ծաղրում այս գաղափարը, որ ընտրակեղծարարություն, բյուջեի թալան, ատկատներ, ուրիշի փոխարեն քվեարկություն, քծնանք, անսկզբունքայնություն եւ այլ արատավոր երեւույթներ են ուսուցանելու այս դպրոցում։ Բայց վստահ ենք՝ ՀՀԿ քաղաքական դպրոցն էլ, ԽՄԿԿ «պարտշկոլայի» նման, մեծ պահանջարկ կվայելի, ու այնտեղ ընդունվողների մեծ «կոնկուրս» կլինի, քանզի գաղափարական նմանությունն ակնհայտ է, եւ կուսակցական կարիերիստները դա արագ կորսան։



Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանին խնդրեցինք հիշել կոմունիստական անցյալը եւ «պարտշկոլան»։ Նա ասաց, որ եթե խոսքը վերաբերում է մարդկանց ուսուցմանը, ապա յուրաքանչյուր գիտակից մարդ պետք է որ դրական վերաբերմունք ունենա դրան։ Եվ սովետական շրջանում գերազանցությամբ ավարտել է Կոմկուսի «պարտշկոլան», որը կուսակցական բարձրագույն դպրոց էր եւ իսկական կադրերի պատրաստման «դարբնոց»։ Ինքը ոչ միայն դա է ավարտել, այլեւ կոմերիտական բարձրագույն դպրոցը։ Իսկ ՀՀԿ-ի դպրոցի մասով էլ ասաց. «Ես չգիտեմ, թե ինչպիսի ծրագիր պետք է ունենա ՀՀԿ դպրոցը, դա ում համար է նախատեսված, բոլոր դեպքերում՝ լավ է ուշ, քան երբեք, որ ՀՀԿ-ն հոգ է տանում իր անդամներին իր գաղափարախոսությամբ դաստիարակելու համար»։



ՀՀԿ-ականների ղեկավար կազմում մարդիկ կան, ովքեր նախկինում կոմունիստ են եղել, կարելի՞ է ասել, որ սրանով ՀՀԿ-ն վերադառնում է նորից իրենց կոմունիստական ակունքներին։ Պարոն Սարգսյանը նախ ասաց, որ այդ անդամները դավաճանել են Կոմունիստական կուսակցությանը՝ դառնալով ՀՀԿ-ական. «Բայց չեմ կարծում, որ իրենք էնպիսի ծրագիր ունենան, որ վերադառնան Կոմկուսի գաղափարախոսությանը, բայց որ Կոմկուսն ինքն իր գաղափարախոսությանը կվերադառնա, դրանում ես չեմ կասկածում։ Իսկ նրա վերադառնալու կարիքը չկա»։



Իսկ ի՞նչ է կարծում՝ ՀՀԿ-ի դպրոցում ովքե՞ր եւ ի՞նչ պիտի դասավանդեն, քանզի շատերն արդեն կատակներ են անում, թե ընտրակեղծարարություն, կոճակ սեղմել եւ հայհոյել են դասավանդելու։ Հայաստանի կոմկուսի առաջնորդը ծիծաղեց, հետո նկատեց. «Գիտե՞ք ինչ, եկեք ժամանակից առաջ չանցնենք, եթե մտածել են, որ այդ դպրոցն օգտակար աշխատանք կատարի, ես չեմ ուզում դա ծաղրի վերածել, էդ ասածի մեջ, իհարկե, ճշմարտություն կա, բայց էդ խոսակցությունը չէր լինի, եթե ՀՀԿ-ն ընտրություններն անցկացներ արդար եւ ազնիվ»։



- Ի՞նչ կարծիքի եք, ՀՀԿ-ի դպրոցի շրջանավարտը կարո՞ղ է հպարտանալ նրանով, որ ինքն այդ դպրոցն է ավարտել, քանզի Կոմկուսի «պարտշկոլան» ավարտած լինելով՝ կարծես ժամանակին հպարտանում էին։



- Համեմատություն չեմ կարող անել եւ ճիշտ էլ չէ, որովհետեւ Կոմկուսի գաղափարախոսությունը համեմատել ՀՀԿ-ի գաղափարախոսության հետ՝ ես ինձ թույլ չեմ տա։ Եթե խոսքը վերաբերում է մարդկանց ուսուցմանը, դա խրախուսելի երեւույթ է, բայց ես կցանկանայի, որ ՀՀԿ-ի դպրոցով անցնող մարդիկ ստանային բազմակողմանի կրթություն եւ օգտակար լինեին ոչ միայն ՀՀԿ-ին, այլեւ երկրին ու ժողովրդին։



- Ի՞նչ եք կարծում՝ մեր ազգն այդքան հանրապետականների կարիք ունի՞, եւ մի քիչ շատ չէ՞ մեր ազգին, որ մատաղ տարիքից մարդիկ ՀՀԿ-ի «շկոլա» անցնեն։



- Ես չգիտեմ, թե իրենք ինչ մասշտաբի ուսուցում պետք է կազմակերպեն, կարող է դա պետք է անեն շատ նեղ մասշտաբով, բայց էն քաղաքականությունը, որը տարվում է այսօր ՀՀԿ-ի կողմից՝ մասսայականացնել Հանրապետական կուսակցությունն ամբողջ հանրապետությունում, խիստ դատապարտելի է։



- Դուք Ձեր թոռներին ուսանելու կուղարկե՞ք ՀՀԿ-ի դպրոց։



- Ինձ թվում է՝ իմ թոռնիկները կաշխատեն հետեւել այն քաղաքականությանը, որին հետեւել է իրենց պապիկը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ