Հանդիպումը ողջունում է եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը

Հանդիպումը ողջունում է եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը

Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի շաբաթ օրվա հանդիպման անսպասելի լուրը դարձավ ամենաքննարկվողը։ Ոմանց մոտ այն խուճապ առաջացրեց, քանի որ տեղի էր ունեցել անհավատալին, մարդիկ մտածեցին, որ ամեն ինչ ավելի լուրջ է, քան ասվում է։ Քանի որ 2015-ի փետրվարին Տեր-Պետրոսյանը բաց նամակով հանդիպում էր խնդրել Սերժ Սարգսյանից, իր իսկ ձեւակերպմամբ՝ համազգային նշանակության կարեւորագույն հարց քննարկելու համար: Այդ նամակում մանրամասն նշվում էր, թե ինչից է դժգոհ առաջին նախագահը, ինչ է առաջարկում, ովքեր կարող են լինել հանդիպման մասնակիցները եւ այլն: Նամակը վերաբերում էր Հայոց ցեղասպանությանը, բայց Սարգսյանը, ինչպես հայտնի է, Տեր-Պետրոսյանի խնդրանքը մերժեց, եւ հանդիպումը տեղի չունեցավ: Իսկ օրերս կայացած հանդիպումը տեղիք տվեց, որ ոմանք մտածեն՝ «Ղարաբաղը հանձնում են» (ի դեպ, ադրբեջանական լրատվամիջոցները ողջունեցին հանդիպումը՝ շեշտելով, որ Տեր-Պետրոսյանը խոհեմ քաղաքական գործիչ է եւ հասկանում է, որ Ղարաբաղը պահել հնարավոր չէ, ուստի հանդիպումից դրական ակնկալիքներ պետք է ունենալ)։ Եղան նաեւ այնպիսիները, որոնք մտածեցին, թե Ղարաբաղի թեման պատրվակ է եղել ներքաղաքական հարթության մեջ որոշ կուլիսային պայմանավորվածությունների գնալու համար, սակայն մի հսկա զանգված կատարվածը մեկնաբանեց իբրեւ «ներազգային համախմբմանն» ուղղված քայլ։ Մի խոսքով՝ վարկածների պակաս չզգացվեց, իսկ պատճառն այն էր, որ հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրությունը բավական ժլատ էր. «Շուրջ մեկ ժամ տեւած զրույցը բացառապես վերաբերել է ղարաբաղաադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումներին եւ այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտությանը»։



Տեր-Պետրոսյանը երկու օր անց հանրայնացրեց Սերժ Սարգսյանի հետ իր հանդիպման որոշ մանրամասներ: i.Lur-ին տված հարցազրույցում երեկ նա հերքեց դավադրությունների տեսությունից բխող վարկածները եւ հորդորեց խորհրդավորություններ չփնտրել։ «Իմ գործունեությանը հետեւած մարդկանց համար դա բոլորովին անակնկալ չպետք է լիներ, որովհետեւ Հայաստանին ու Ղարաբաղին սպառնացող վտանգի պահերին, անկախ իշխանությունների հետ ունեցած լուրջ հակասություններից, ես միշտ էլ հանդես եմ եկել նմանատիպ նախաձեռնություններով։ Հիշեք 1999թ. հոկտեմբերի 28-ի իմ հայտարարությունը, «Ցեղասպանության 100-ամյակի հռչակագրին» նվիրված հրապարակային առաջարկս եւ, վերջապես, Հայ ազգային կոնգրեսի ս.թ. ապրիլի 2-ի՝ իմ հավանությամբ ընդունված հայտարարությունը»,- ասել է ՀՀ հիմնադիր նախագահը՝ իր քայլը բխեցնելով զուտ պետության շահերից, ավելին՝ միասնության ուղերձ է հղել, ասելով, որ «բանակցությունների սեղանի շուրջ Սերժ Սարգսյանը պետք է իրեն ուժեղ զգա, ունենալով իր ժողովրդի աջակցությունը»։



Փոխարենը խոսել է Ռոբերտ Քոչարյանի պատասխանատվության մասին՝ թե Մադրիդյան սկզբունքների համար, թե հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողովի՝ ներկայիս իրավիճակի, թե ԼՂՀ-ն բանակցություններից դուրս թողնելու պատասխանատվությունը դնելով Քոչարյանի վրա՝ արձանագրելով, որ Սերժ Սարգսյանը ստացել է ծանր ժառանգություն:



Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այս հանդիպումը գնահատում է «աննախադեպ», բայց դրական։ «Երկրի նախկին ու ներկայիս ղեկավարները քննարկում են համահայկական նշանակություն ունեցող հարցեր, եւ, դատելով դրան հաջորդած հաղորդագրությունից ու Տեր-Պետրոսյանի հարցազրույցից, կարելի է ասել, որ արտաքին սպառնալիքների դեմ կուռ միասնականություն կա, այսինքն՝ որեւէ հակասություններ նրանց մարտավարությունների մեջ չկան։ Կա միայն միմյանց աջակցություն, եւ Տեր-Պետրոսյանն էլ նշում է, որ հրամանատարը Սերժ Սարգսյանն է, ու բոլորը պետք է նրան աջակից լինեն»,-ասում է քաղաքագետը եւ նկատում, որ առաջին նախագահի կողմից սա «անգնահատելի» օգնության մի ձեւ է։ Խոսելով Ռուսաստանի մասին, մասնավորապես այն մասին, որ «Ռուսաստանն ի վիճակի է թույլ չտալ զինադադարի լայնածավալ խախտումները... այս հանգամանքը, բնականաբար, մեծացնում է Ռուսաստանի դերը ղարաբաղյան կարգավորման առաջիկա բանակցություններում», քաղաքագետը նկատեց. «Իհարկե, Ռուսաստանի միջնորդությամբ է եղել հրադադարը, բայց մեր բանակն է պարտադրել իր գործողություններով, ինչի մասին Տեր-Պետրոսյանը թերեւս առիթ չի ունեցել խոսելու։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի դերակատարությանը, ապա ակնհայտ է, որ նրանց ազդեցությունը մեծ է տարածաշրջանում, եւ փորձելու են ամեն ինչ անել, որ այդ ազդեցությունն իրացնեն։ Որքանով է լավ, թե վատ, հարցի մյուս կողմն է, բայց փաստ է, որ Ռուսաստանը կարողանում է ազդել կողմերի որոշման վրա»։ Ի դեպ, քաղաքական շրջանակներում երեկ լուրեր կային, որ Տեր-Պետրոսյանին մտահոգում է Արցախի հետ ռազմական փոխօգնության պայմանագրի հեռանկարը, որին դեմ է Ռուսաստանը, եւ որի մասին անցած շաբաթ հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ հորդորելով աշխատել փաստաթղթի վրա։ Առաջին նախագահը, անդրադառնալով պայմանագրի, ինչպես նաեւ ԼՂ ճանաչման հարցին, ասել է, որ «դրանց իրականացումը պետք է լինի ոչ թե պահի թելադրանքով պայմանավորված իմպուլսիվ արձագանք, այլ լրջագույն խորհրդապահական քննարկման ու ճշգրիտ հաշվարկի հետեւանք»։ «Տեր-Պետրոսյանի ուղերձն այս մասով այն է, որ այդ բավական կարեւոր եւ իրավիճակ առաջացնող որոշումները չպետք է մնան միայն նախագահի վրա, ու հասարակությունը նույնպես կիսի պատասխանատվությունը»։



Զրուցեցինք նաեւ ՀՀՇ-ական գործիչ Երջանիկ Աբգարյանի հետ: 



- Պարոն Աբգարյան, համաձա՞յն եք հիմնադիր նախագահի այն տեսակետին, որ «քանի որ հրադադարը կնքվեց Ռուսաստանի միջամտությամբ, դա նշանակում է, որ Ռուսաստանն ի վիճակի է թույլ չտալ զինադադարի լայնածավալ խախտումները։ Որպես հետեւանք, այս հանգամանքը, բնականաբար, մեծացնում է Ռուսաստանի դերը ղարաբաղյան կարգավորման առաջիկա բանակցություններում»։



- Նախ, ես անկեղծորեն ողջունում եւ բարձր եմ գնահատում Լեւոն Տեր-Պետրոսյանի այս նախաձեռնությունը, որն իսկապես ներկա ծանր իրադրության հաղթահարմանն ուղղված գործնական քայլ է: Ես վստահ եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ի վիճակի է իր ներկա թիմակիցներով մեծապես օգնել հայկական դիվանագիտությանը, որպեսզի վերջինս եւ նրան ուղղորդումներ տվողը կարողանան վերջապես հասկանալ, թե որոնք են երկրի պետական եւ ազգային շահերը եւ ապա՝ ինչ է պետք դրանց տարաբնույթ ոտնձգություններից արժանապատվորեն պաշտպանելու համար: Ինչ վերաբերում է Ռուսաստանի դերակատարությանը հրադադարը վերականգնելու գործու,՝ դա ուղղակի փաստ է, որի իրողությանը հենված՝ առաջին նախագահը կատարում է ճիշտ եզրահանգում այն մասին, որ ներկա իրադրության մեջ Ռուսաստանն ունի կարողություն կողմերին զսպելու եւ թույլ չտալու հրադադարի լայնածավալ խախտումներ, ապաեւ դրանով ինքնաբերաբար ուժեղացնում է իր դիրքերը ղարաբաղյան հարցի կարգավորման հետագա բանակցություններում: Այո, անկախ նրանից, թե դա մեզ դուր է գալիս, թե ոչ, դա փաստ է, իսկ փաստի հետ խաղ չեն անում:



- Կիսո՞ւմ եք տեսակետը, որ Սերժ Սարգսյանը շարունակում է այս հարցի վերաբերյալ Քոչարյանի կողմից հաստատված քաղաքականությունը (Մադրիդյան սկզբունքներ, Ղարաբաղին հակամարտության իրավահավասար կողմի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակից զրկում), եւ «նրա պատասխանատվության չափը թվարկված հարցերում ավելին չէ, քան վերջինիս վարչախմբի մասը հանդիսացած մյուս դերակատարներինը»։



- Այո, դա ես միշտ պնդել եմ իմ հոդվածներում եւ հարցազրույցներում՝ ղարաբաղյան կլանի այդ պարագլուխներին կոչելով «սիամական երկվորյակներ»: Ինչքան գիտեմ՝ «տեսակետը» ենթակա չէ կիսման: Ես նույնպես տեսակետ ունեմ, որ պատասխանատվության պետք է կանչվեն ոչ միայն ղարաբաղյան կլանի հայաստանյան առաջնորդները, այլեւ բոլոր այն լաքեյամիտ բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք կատարել են նրանց հակաօրինական հրամաններն ու պահանջները:



- Առաջին նախագահն ասել է նաեւ. «Բանակցությունների սեղանի շուրջ Սերժ Սարգսյանը պետք է իրեն ուժեղ զգա, ունենալով իր ժողովրդի աջակցությունը»։



- Տեր-Պետրոսյանն ուղիղ խփել է նշանակետին՝ հուշելով, որ ներկա պայմաններում Հայաստանի շահերի պաշտպանությունը կարիք ունի կոշտ դիվանագիտության: Ակնհայտ է, որ ներկայումս մեր «դիվանագետների» եւ պաշտոնյաների մեծ մասն ուղղակի տգետ է եւ այպանելի հակումներ ունի ոչ միայն օտարների հետ շփվելիս, այլեւ նույնիսկ բանակցությունների սեղանների շուրջը: Նրանց տեսնելիս եւ լսելիս համոզվում ես, որ քաղաքական առարկային չտիրապետելով, իրենց հագուկապով ու շարժուձեւով փորձում են տպավորություն թողնել շրջապատի վրա: Մեջները ոչ հոգի կա, ոչ ագրեսիվություն, ոչ արժանապատվություն:



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ