Ռամկավարներ ամբողջ աշխարհի, միավորվեք

Ռամկավարներ ամբողջ աշխարհի, միավորվեք

Երեկ «Թեքեյան կենտրոնում» խորհրդաժողով էին անցկացնում Սփյուռքի եւ Հայաստանի ռամկավարները։ Պետական օրհներգի հնչյունների ներքո բացումն անելուց հետո ռամկավարները մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը։ Հետո անցան ելույթներին ու ողջույնի խոսքին։ Ներկա էին Սփյուռքի եւ Հայաստանի կառույցների անդամները, այդ թվում՝ հայաստանյան ատենապետ Հակոբ Ավետիքյանը։ Մանկավարժականի ռեկտոր, նախկին ատենապետ Ռուբեն Միրզախանյանը հանդիպմանը ներկա չէր։ Ավետիքյանը վստահեցրեց, որ ուղղակի զբաղվածության պատճառով է նա բացակայում, ուրիշ խնդիր կամ տարաձայնություն չկա։



Ընդմիջմանը խորհրդաժողովի նպատակի եւ ծրագրերի մասին զրուցեցինք Ռամկավար ազատական կուսակցության մամլո դիվանի ղեկավար Հակոբ Վարդիվառյանի հետ։ Նա ասաց, որ սա ՌԱԿ-ի միավորման նպատակ է հետապնդում, քանի որ այս տասը տարիներին իրենք որոշակի տարաձայնություններ են ունեցել, երկփեղկվել են, հիմա ժամն է միավորվելու, քանզի տագնապ կա։ Տագնապը, մասնավորապես, պայմանավորված է ղարաբաղյան վերջին օրերի պատերազմով, որն ստիպել է համախմբել, միավորել ռամկավարներին։



«Մենք առաջին խորհրդակցական հանդիպումն ունեցանք նոյեմբերին, սա մեր երկրորդ հանդիպումն է, եւ հուսանք՝ այստեղից կելնենք վերականգնումի, միության ծրագրերով, որպեսզի այսուհետեւ մեր բոլոր շրջանակները՝ մոտ 20 շրջանակ ունենք, նրանք եւս կամաց-կամաց մի քանի ամիս հետո դարձյալ մայրաքաղաք Երեւան գան՝ մեր ընդհանուր պատգամավորական ժողովը գումարելու, նաեւ ծրագրելու մեր կուսակցության կենտրոնը Երեւան բերելու»,-ասաց նա՝ նշելով, որ սա միավորման առաջին քայլն է։



Ըստ Վարդիվառյանի՝ իրենք որեւէ հարց չունեն իրար հետ, շատ սրտանց համագործակցում են միմյանց հետ. «Բայց կան ուրիշ շրջանակներ, որոնք տարբեր կմտածեն, եւ նրանք անհարիր են մեր կուսակցության աշխատանքի ձեւին։ Մենք ծայրահեղ հեղափոխական շարժում չենք, մենք տրամաբանող կազմակերպություն ենք եւ մենք կկարողանանք, ի վերջո, գալ եւ օգտակար լինել հայրենիքին եւ մանավանդ այս օրերին՝ Ղարաբաղին»։ Նա նաեւ նշեց, որ այստեղ մի մարմին պիտի ստեղծվի, որն իր աշխատանքը պետք է իրականացնի, մինչեւ իրենց վերջնական միությունը։
Մեր հարցին, թե որն էր խնդիրը, ինչ տարաձայնություններ կային, որի արդյունքում երկփեղկվեցին իրենք, ՌԱԿ մամլո դիվանի ղեկավարն ասաց, որ գաղափարական տարաձայնություններ չունեն։ Ավելի շատ աշխատանքային տարակարծություններ են, մոտեցման ձեւի տարբերություններ, որոնք քաղաքական բնույթ չեն կրում։



Մեր դիտարկմանը, թե Սփյուռքի ռամկավարները կարծես քննադատաբար էին վերաբերվում այստեղի կառույցի աշխատանքին, գոհ չէին հայաստանյան ռամկավարներից, Վարդիվառյանն ասաց. «Մեր Հայաստանի կառույցները խորքով մոտ են իշխանությանը, ի սրտե մոտ են»։



- Դա լա՞վ է, թե՞ վատ։



- Ներողություն, մեր իշխանություններն այսօր իրենք են, իրենք են, որ այսօր բանակին հրամանատարներն են, ինչ էլ լինի, այս պատերազմական իրավիճակում, չի կարելի... ցանկացած իշխանության հետ մենք պետք է մոտ լինենք։



- Ի՞նչն ստիպեց, հատկապես ի՞նչն առիթ հանդիսացավ, որ այս միավորման քայլն անեք։



- Որովհետեւ ժամանակն է, որ Սփյուռքից ավելի լայն օգնություն գա Հայաստան։ Եվ պետք է կազմակերպվի դա անելու համար։



Խոսեցինք նաեւ ՌԱԿ հայաստանյան ատենապետ Հակոբ Ավետիքյանի հետ։ Վերջինս ասաց, որ կուսակցության ներսում կա այն գիտակցությունը, որ պետք է, ի վերջո, կուսակցության կենտրոնական ղեկավարությունը տեղափոխվի Հայաստան։ «Սփյուռքը բարդ երեւույթ է, եւ պետք է մենք կարողանանք այնպիսի կառույց ստեղծել, որը շատ ճկուն լինի եւ կարողանա ընդգրկել բոլոր շրջանակները, ու նաեւ, ինչու չէ, Հայաստանում հաստատվի կենտրոնական գրասենյակը»,-ասաց նա։ Ավետիքյանի խոսքով՝ մեծ դժգոհություն կա Հայաստան համահայկական հիմնադրամի գործունեության վերաբերյալ, ինչը եւս քննարկվելու է իրենց կողմից։ Ինչ վերաբերում է կուսակցության ներսում եղած տարաձայնություններին, Ավետիքյանն ասաց, որ խնդիրները ոչ թե անհատների մեջ են, այլ՝ կառույցների։



«Որովհետեւ Սփյուռք ասվածը դարբնված վիճակ է ներկայացնում։ Այն սուբորդինացիան, որ կար մի ժամանակ, դա այլեւս չի կարող գործել՝ վերեւից ներքեւ հրահանգներ տալ։ Մանավանդ՝ երիտասարդները չեն ուզում այդպիսի բան։ Հետեւաբար, խնդիրը համակարգի մեջ է։ Երիտասարդն ասում է՝ ես այն կուսակցականներից չեմ, ինչպիսին իմ հայրն է եղել, ինձ պետք չէ հրահանգ տալ, ինձ պետք է ասել՝ ինչ ծրագիր ունեք»,- նշեց ՌԱԿ ատենապետը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ