Հիմա եթե Սերժ Սարգսյանն ասեր՝ ա՜յ Բարադի Համո... սխալ կանե՞ր...

Հիմա եթե Սերժ Սարգսյանն ասեր՝ ա՜յ Բարադի Համո... սխալ կանե՞ր...

 



Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե հայկական բանակը թշնամու դեմ կռվում է 80-ականների զենքով, մի քիչ շատ էր թշնամու համար: Նախագահը մի քիչ ավել է ասել:



Սարգսյանը պիտի ասեր, որ հայկական բանակը թշնամու դեմ կռվում է նախնադարյան զենքով՝ բահ ու բրիչով: Թե չէ թշնամին իր մասին շատ բարձր կարծիք կունենա, որ իր դեմ կռվել ենք Երկրորդ համաշխարհայինից հետո ձեռք բերված կամ 80-ականների զենքով:



Ասելիքս ո՞րն է: Այն, որ ամեն ինչ չէ, որ պիտի ասվի, որ պիտի պահանջենք նախագահից՝ խոսի: Այն էլ պատերազմական այս իրավիճակում: Բոլորդ ասում եք՝ դիվանագիտություն բանեցրեք, բայց որ մի դիվանագիտական քայլ է կատարվում, շանթահարվում եք: Հիմա որ Սերժ Սարգսյանն ասեր՝ մենք էս ունենք, էն ունենք... Հետո էլ Ղարաբաղի հետ անվտանգության փոխօգնության պայմանագիր կնքեր, միջազգային հանրությունը ո՞նց կընդուներ...



Շատ անգամ եմ գրել այս դեպքի մասին, նորից հիշեցնեմ: Նախորդ պատերազմում, երբ ես ռազմական թղթակից էի Սյունիքում, Վազգենը պետնախարար էր Սյունիքում ու նստում էր Գորիսում: Ռազմական տեղեկատվությունը վերահսկում էր:
Արկերը հիմնականում ընկնում էր քաղաքի կենտրոնի վրա ու մեծ ավերածություն պատճառում: Մի օր էլ, երբ էլ գնդակոծությունից հետո զոհեր ունեինք, ռադիոյով հաղորդեցի.



- Արկերն ընկել են քաղաքի ծայրամասերի վրա:



Թշնամին գնդակոծության ուղղությունը փոխեց: Արդեն ծայրամասերի վրա էին գցում:



Վազգենի շնորհքն էր դա, չնայած համաքաղաքացիներս ինձ քարկոծում էին, ետևիցս չանչ անելով՝ բոյդ թաղեմ:



Ախր ամեն ինչ հասցնում ենք ծիծաղելիության աստիճանի: Այսօր մեր կայքից իմացա, որ պատգամավոր Համլետ Հարությունյանը ՀՀԿ խորհրդի վերջին նիստում կամեցել է Սերժ Սարգսյանից իմանալ, թե «մենք քանի՞ հետախույզ ունենք Բաքվում»:



Բարադի, որ բարադի: Մականունն է, ինչ անեմ:



Հիմա եթե Սերժ Սարգսյանն ասեր՝ Համո, արխային, ողջ Ադրբեջանում մեր հետախուզական ցանցն է գործում, լավ կլինե՞ր... Կամ ասեր՝ ա՜յ Բարադի Համո... սխալ կանե՞ր...



Լավ է, որ գոնե սառնասրտությունը պահել ու ասել է.



«Համլետ, հիմա ես, ըստ քեզ, պտի ասե՞մ ինչ ունենք-չունենք»:



Հասմիկ Բաբաջանյան