Քաղաքական որոշում էր. Պաշտոնանկ արված Կոտայքի փոխմարզպետ

Քաղաքական որոշում էր. Պաշտոնանկ արված Կոտայքի փոխմարզպետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Կոտայքի մարզպետի տեղակալ Վալերիկ Բակլաչյանը: Կոտայքի մարզպետի տեղակալ է նշանակվել ՀՅԴ կուսակցությունից Մուշեղ Մանասյանը:



Նշենք, որ Վալերիկ Բակլաչյանը Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնը զբաղեցրել էր 2000-2014թթ: 2014թ. երբ Կոտայքի մարզպետ էր նշանակվել Արամ Հարությունյանը, Վալերիկ Բակլաչյանը ազատվեց պաշտոնից, այնուհետեւ 2015թ. Կարապետ Գուլոյանի օրոք վերադարձավ նույն պաշտոնին: Վալերիկ Բակլաչյանից հետաքրքրվեցինք, թե ինչու են երկու տարվա մեջ 2-րդ անգամ պաշտոնից ազատում, որն էր 2014թ. պաշտոնից ազատման պատճառը, եւ ինչու այժմ ազատվեց պաշտոնից. «Առաջին պաշտոնից ազատվելուն չեմ ուզում անդրադառնալ, պարզապես իմ՝ մարզպետ Արամ Հարությունյանի հետ աշխատանքը չստացվեց, իսկ 2015թ. մարզպետի տեղակալի պաշտոնին վերադարձել եմ նորանշանակ մարզպետ Կարապետ Գուլոյանի առաջարկով, քանի որ ինձ ճանաչում էր: Իսկ այսօրվա պաշտոնից ազատվելու որոշումը քաղաքական որոշում էր: Տեղյակ եք, որ ՀՅԴ-ին մարզպետների եւ մարզպետների տեղակալների պաշտոններ են բաշխել, մեր մարզում էլ են տեղ տվել»:



Հարցին, թե ինչու հենց ձեզ ազատեցին, Վալերիկ Բակլաչյանը պատասխանեց. «Ես իմ տարիքն առել եմ, չէի ուզենա, որ իմ երիտասարդ գործընկերները՝ փոխմարզպետներն ազատվեին, ես եմ որոշել, եւ դիմում գրել»: Վալերիկ Բակլաչյանին հարցրինք, թե ինչպես եք գնահատում Հրազդանում ապրիլի 17-ին կայացած ընտրությունները. «Նորմալ, կարծում են, հաշվի առնելով Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, ընտրությունները անցել են նորմալ»: Իսկ այն, որ ապրիլի 17-ին ՀՀԿ-ից հայտնի դեմքեր էին եկել Հրազդան, որն էլ կարող էր ազդեցություն ունենալ ընտրությունների վրա.
«Բնականաբար քաղաքապետի պաշտոնը քաղաքական պաշտոն է, ինքն կուսակցության անդամ է, կուսակցության մարզային կառույցը տվել է իր համաձայնությունը, Արամ Դանիելյանը առաջադրվել էր»,-պատասխանեց նախկին փոխմարզպետը: Դիտարկմանը, թե 14 տարիների ընթացքում միայն դժգոհություններն են շատացել Հրազդանում, ՀՀԿ-ն կարո՞ղ էր այլ թեկնածու առաջադրել: «Այդ հարցը քննարկվել է, երեւի հարմար թեկնածու չեն գտել»,-ասաց մեր զրուցակիցը:



Նելլի Կարապետյան