Երբ սապոգն է որոշում գիտակցությունը

Երբ սապոգն է որոշում գիտակցությունը

Ստացվում է, որ Ռուսաստանն Ադրբեջանին զինում էր ոչ այնքան տնտեսական նկատառումներով, որքան ներկա վիճակն ստանալու համար: Այլապես խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած մի քանի գնդացիրներով Ալիեւը նման քայլի չէր դիմի: Ինչքան էլ նրան օգնեին թուրք էմիսարներն ու ռազմական մասնագետները, միեւնույն է, ռազմի դաշտում որոշիչը դարձյալ արդիական զենքն է: Ընդգծում եմ` ռազմի դաշտում, բայց ոչ քաղաքականության մեջ:



Տարածում ստացած այն տեսակետը, թե, միեւնույն է, Ադրբեջանը զենք կգներ այլ շուկաներից, առնվազն ապուշություն է, որովհետեւ այլ շուկաները, ի տարբերություն ռուսականի, զենք վաճառելուց առաջ փորձում են հասկանալ, թե ինչու է տվյալ գնորդին հարկավոր այդ զենքը: Զենք վաճառում է նաեւ ԱՄՆ-ն, բայց ոչ ում պատահի:



Եթե, այնուամենայնիվ, Ռուսաստանը փոքր-ինչ մտածել է Ադրբեջանին զենք վաճառելուց առաջ, ապա միայն ու միայն Հարավային Կովկասում ի դեմս Ադրբեջանի եւս մեկ համակիր ունենալու համար: Իսկ թե ում դեմ է կրակելու այդ զենքը, ավելի շատ երկրորդ պլանի հարց է եղել Ռուսաստանի համար: Մեր կարծիքով` Մոսկվայի ողջ հաշվարկը հիմնված է Ադրբեջանի ձեռքով կրակից շագանակներ հանելու եւ սեփական ներկայությունը ռեգիոնում անվիճարկելի դարձնելու վրա: Մի կողմից հայերը նահանջելու տեղ չունեն, իսկ մյուս կողմից էլ Ադրբեջանը միայնակ չի կարողանում լուծել խնդիրը: Հետեւաբար, այս երկուսին պետք է կռվեցնել եւ մեջտեղում բաժանարարի դերակատարություն ստանձնել ու ԼՂՀ հարցի կարգավորման ինչ-ինչ տարբերակներ հուշել, որոնք կշոյեն իր ազդեցությունից լրիվ դուրս եկած Ադրբեջանի ականջը: Իսկ թե որքանով է իրական Ադրբեջան խաղաղապահներ մտցնելու ռուսական երազանքը, ինչի մասին խոսում է Պուտինը, շատ ավելի ստույգ կարող են ասել միջազգային իրավարար եւ ուժային կառույցների մասին օրենքների գիտակները:



Զորքը խաղաղարար է, եթե ունի միջազգային հանրության հավանությունը որեւէ հարցի կարգավորման ժամանակ: Մնացած բոլոր դեպքերում, եթե նույնիսկ կողմերից մեկն էլ խնդրի խաղաղապահներ մտցնել, դա չի կարող դիտվել իբրեւ խաղաղապահ առաքելություն: Մոսկվան եւ Բաքուն, ամենայն հավանականությամբ, սպասում էին, որ ապրիլի 2-3-ին հենց Հայաստանը կխնդրի խաղաղապահներ ուղարկել, բայց, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Հայկական զորքերը չընկրկեցին` տապալելով ոչ միայն Պուտին-Ալիեւ գործարքը, այլեւ ռուսական փառապանծ զենքի մասին առասպելը:



Կարճ ժամանակ անց Պուտինը եւ Ալիեւը կհասկանան, որ իրենք չեն այն գործիչները, որոնց վերապահված է Ղարաբաղի հարցի լուծումը: Այսօր ոչ Պուտինը եւ ոչ էլ Ալիեւը չեն կարող երաշխիքներ տալ, որ մոտ ժամանակներս Ադրբեջանում չի կարող իրականացվել Հարավսլավիայի կազմաքանդման ծրագիրը: Մեկ էլ կպարզվի, որ, ինչպես Ելցինի ժամանակ, ռուսական զորքերը, հակամարտության օջախին այդքան մոտ լինելով հանդերձ, չեն կարողացել ոչինչ անել եւ մի նոր Կոսովո, եթե չասենք՝ այլ մանր-մունր անկախություններ են հռչակվել Ալիեւի հոր բոստանում: Հետեւաբար, Մոսկվան մտածելու տեղ ունի, թե ինչ է ասելու հետո, երբ վերջնականապես ձախողի իր «լավրովյան պլան» կոչվող ավանտյուրան, որի առաջին փուլը` բլից կրիգով հայերին զիջումներ պարտադրել, արդեն իսկ ձախողել է:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ