Հավաքել եմ 10300 ձայն եւ քաղաքականությունից դուրս չեմ գալու. Սասուն Միքայելյան

Հավաքել եմ 10300 ձայն եւ քաղաքականությունից դուրս չեմ գալու. Սասուն Միքայելյան

Ապրիլի 17-ին Հրազդանում ՏԻՄ ընտրություններում առաջադրված թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի համար անկանխատեսելի չէին ընտրությունների արդյունքներն ու այն մեթոդները՝ ընտրակաշառք, կարուսել, ճնշումներ քաղաքացիների նկատմամբ, որոնք կիրառվեցին ընտրությունների օրը։ Նա շնորհակալություն հայտնեց իր ընտրողներին, ԶԼՄ-ներին, որոնք անկողմնակալ լուսաբանել են ընտրությունները, բոլոր նրանց, որոնք պայքարել են արդար ընտրությունների համար։ Սասուն Միքայելյանն ասաց, որ եթե Արամ Դանիելյանն էլ մի չորս տարի պաշտոնավարի, ապա Հրազդանից բան չի մնա, քանի որ 14 տարի նա ոչ մի խոստում չի կատարել։ Մամուլի ասուլիսի ժամանակ հարց հնչեց, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ Գագիկ Ծառուկյանը բարեգործական անվճար ավտոբուսներով մարդկանց է տեղափոխել Հրազդան։ Սասուն Միքայելյանը հիշեցրեց, թե ինչպես էր մեկ տարի առաջ նախկին կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն արտահայտվում Գագիկ Ծառուկյանի մասին եւ ասաց, որ բարոյական չէ այդ համագործակցությունը։ 



Ի՞նչ է անելու Սասուն Միքայելյանը ընտրություններից հետո։



«Ես հավաքել եմ 10300 ձայն, քաղաքականությունից դուրս չեմ գալու, լինելու եմ հետեւողական»,- ասաց Սասուն Միքայելյանը։ Նա հիշեցրեց, որ Ֆրանսիայում կա օրենք, համաձայն որի՝ ՏԻՄ ընտրություններում երկրորդ տեղ զբաղեցրած թեկնածուն վերահսկում է հաղթողի գործունեությունը։ Սասուն Միքայելյանն ասաց, որ 14 տարվա ընթացքում Արամ Դանիելյանը ոչ մի գործ չի արել Հրազդանի համար, եւ իր խնդիրն է լինելու հսկել, պահանջել, որ նա իր տված խոստումները կատարի։ Հարցին, թե արդյոք այս ընտրություններով ժողովրդին չեն տարել պարտության, Սասուն Միքայելյանն արձագանքեց՝ ոչ։ «Իշխանությունն իր ռեսուրսները, իր ամբողջ ուժերը կենտրոնացրել էր Հրազդանում։ Մենք ամեն ինչ արել ենք, թույլ չենք տվել լցոնումներ»,- ասաց Սասուն Միքայելյանը։ Նա ասաց, որ ինքը նպատակ ուներ Հրազդանի քաղաքապետ ընտրվելուց հետո ճանապարհ բացել երիտասարդների առջեւ, քաղաքապետարանում որոշել էր 70 տոկոսով աշխատանքի ընդունել երիտասարդների։



Ինչպե՞ս է վերաբերվում «Սասուն» ջոկատի հրամանատարը ԼՂ տարածքում խաղաղապահներ տեղակայելու մասին շրջանառվող խոսակցություններին։ Սասուն Միքայելյանն ասաց, որ շատ վատ է վերաբերվում խաղաղապահներին։
«Եթե մի տարածք խաղաղապահ է մտնում, ապա դա նշանակում է, որ այդ տարածքը քոնը չէ»,- ասաց Միքայելյանը։



Նա կարծիք չհայտնեց Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպման եւ ՀՀ առաջին նախագահի հնչեցրած կոչի մասին՝ ասելով, որ ինքը չգիտի, թե ինչ հարց է քննարկվում բանակցությունների սեղանի շուրջ։ «Լեւոն Տեր-Պետրոսյանը քաջատեղյակ է, նա 1995թ. էլ էր քաջատեղյակ փուլային թե փաթեթային տարբերակների մասին»,- ասաց Սասուն Միքայելյանը։



Սասուն Միքայելյանն ասաց, որ ինքը չի փոխել իր տեսակետները, ՀՀԿ-ական է եղել Վազգեն Սարգսյանի օրոք, ինչի համար հպարտ է, այն ժամանակ ձեւավորել է Կոտայքի մարզի ՀՀԿ գրասենյակը։ Այսօր էլ նա Նիկոլ Փաշինյանի հետ աշխատում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հզորացման համար, որի գաղափարները համահունչ են իր գաղափարներին։