ԼՂ-ում եւս բախվում են ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի շահերը

ԼՂ-ում եւս բախվում են ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի շահերը

Nation-ը հրապարակել է ընդարձակ վերլուծություն ԼՂ հակամարտության վերաբերյալ: Ըստ պարբերականի՝ վերջին բախումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ցույց տվեց, թե ինչպես է հակապուտինյան հռետորաբանությունը քողարկում այն, ինչ կա իրականում: «Խոսքն ապրիլի սկզբին Ադրբեջանի եւ ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի հայերի բախման մասին է, որոնց օգնում է Հայաստանը»,- գրում է պարբերականը եւ ներկայացնում նախ հակամարտության ծագումն ու պատմությունը, ապա արդեն շարունակում, որ հակամարտության սրացման հետ տարածաշրջանի դիտորդները միանգամից շտապել են կարգավորել իրավիճակը: Այսօր արդեն վիճակը քիչ թե շատ կայուն է, սակայն վերլուծաբաններից շատերը նույնիսկ ընդունակ էլ չեն հասկանալու հակամարտության իրական պատմական դինամիկան ու ռեգիոնալ ամբողջ իրականությունը եւ փորձում են ամեն բան ներկայացնել Սառը պատերազմին հատուկ բառապաշարով: Վերջիններս փորձում են ներկայացնել, թե ԼՂ հակամարտության վերջին սրումը Կրեմլի նախաձեռնությունն է, վերջինիս կազմած սցենարը: Պարբերականը նկատում է, որ այս տեսակետը այսօր չափազանց շատ է քննարկվում արեւմտյան ԶԼՄ-ներում եւ իրականում ավելի է բարդացնում իրավիճակի հանդեպ հստակ գնահատական կազմել ցանկացողների աշխատանքը, ովքեր ցանկանում են հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունենում: Թեեւ, այո, տարածաշրջանում բախվում են նաեւ ռուս-ամերիկյան շահերը նույնպես, սակայն «Մոսկվան, առավել, քան որեւէ մեկը, շահագրգռված է, որ գոնե այստեղ խաղաղություն եւ կայունություն լինի, որովհետեւ իր անմիջական սահմանակցությամբ նոր թեժ կետի բռնկումն իր շահերից դուրս է»,- եզրակացնում է Nation-ը:



The Wall Street Journal-ի վերլուծաբան Սվանտե Կորնելն էլ այն կարծիքին է, որ ԼՂ համակարտության սրումը պայմանավորված էր Կրեմլի` Ալիեւին գահընկեց անելու նախագծով, քանի որ Մոսկվան ցանկանում է հսկողություն սահմանել Բաքվի նավթամուղների վրա: Կորնելը գտնում է, որ այս սրացմամբ Մոսկվան երկու կողմերին էլ հասկացնում է, որ ի զորու է ինչպես խաղաղություն հաստատել, այնպես էլ խորացնել քաոսը տարածաշրջանում: 



The Washington Post-ում էլ բավական ուշագրավ ակնարկ ունի Մըթյու Բրայզան` ԱՄՆ նախկին դեսպանը Բաքվում: Վերջինս նույնպես ԼՂ հակամարտության գոտում ապրիլի սկզբին տեղի ունեցած սրացումը կապում է Պուտինի քաղաքական հաշվարկների հետ եւ չի բացառում, որ տեղի ռազմական ղեկավարության վրա որոշակիորեն կա Կրեմլի ազդեցությունը: Ուշագրավ է այն, որ այս մասին բարձրաձայնում է մի մարդ, ով ռուս-վրացական պատերազմի ժամանակ Սաակաշվիլիի հիմնական ոգեշնչողն է եղել՝ դիմել պատերազմական գործողությունների: