Լենինյան ուղիով

Լենինյան ուղիով

Lragir.am-ի գլխավոր խմբագիր Հայկազն Ղահրիյանն իր կայքում հանդես է եկել «Հաջորդ հրաժարականը» հոդվածով, (http://www.lragir.am/index/arm/0/comments/view/131426), որտեղ շատ նրբորեն զարգացրել է զենքը սեփական իշխանությունների դեմ ուղղելու լենինյան հայտնի թեզը: Ինչ հեքիաթ ասես չի պատմել, որպեսզի հասկացնի, որ այս իշխանությունները արժանի չեն ինքնակազմակերպման այսպիսի մեծ ներուժ ունեցող ժողովրդին, կտրված են ժողովրդից, ապրում են միանգամայն այլ իրականության մեջ: Եվ անընդհատ ակնարկում է հրաժարականի մասին` ակնկալելով դա լսել Սերժ Սարգսյանի` ժողովրդին ուղղված ուղերձում, որը դեռ չկա: Ինչպիսի հայրենասիրություն, այս իշխանություններից օր առաջ ազատվելու ինչպիսի ծարավ:



Լենինին, ինչպես գիտեք, առաջին հերթին հետաքրքրում էր մեկ առանձին երկրում պրոլետարական հեղափոխության հաղթանակի հնարավորության իր իսկ գաղափարի իրականացումը, մինչդեռ անհասկանալի է, թե հայ-ադրբեջանական պատերազմի օրերին ինչ է փնտրում Հայկազն Ղահրիյանը, երբ ասում է. «Հայաստանում հանրային մակարդակով տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, որոնք իշխանության համար երեւում է անհանգստության տեղիք են տվել: Մասնավորապես, հանրությունը ցուցաբերել է պետությունը պաշտպանելու, բանակի համար միջոցներ հավաքելու, ինքնիշխանության ու անկախության դիրքերից հանդես գալու կամք ու մտադրություն: Սա որոշակի «անհնազանդություն» է, մոբիլիզացիա, որը ցույց է տվել հանրության լավագույն որակները, եւ դա կարող է դառնալ անշրջելի»: Հավատացեք` հոգեկան հիվանդ պետք է լինել Ղահրիյանի այս միտքը հասկանալու համար: Այսինքն ի՞նչ, ՀՀ իշխանությունները երևի ավելի ուրախ կլինեին, եթե հայերը անկազմակերպ ցիրուցա՞ն լինեին այս օրերին: Եվ կամ` ՀՀ իշխանությունների դեմ ունեցած հակակրա՞նքն է ստիպել ժողովրդին այսպես համախմբվել թուրքի դեմ:



Լենինը, երբ ասում էր` զենքը պետք է շրջել սեփական իշխանությունների դեմ, դրանով որոշակի մեսիջ էր ուղարկում արտաքին թշնամիներին Ռուսաստանի ներքին թուլությունների մասին և հասկացնում, որ ինքը հրաշալի պարտնյոր կարող է լինել Ռուսաստանում իշխանության տապալման հարցում: Այդ ամենի արդյունքը եղավ այն, որ Անտանտի կազմում հաղթած Ռուսաստանը Առաջին համաշխարհային պատերազմից դուրս եկավ ավելի վատ վիճակում, քան այն երկրները, որոնք հողին էին հավասարեցվել պատերազմական գործողությունների արդյունքում: Միայն Լենինը կարող էր նման բան հաջողացնել:



Այդուհանդերձ, Լենինը Լենինն էր` համաշխարհային պրոլետարիատի առաջնորդը: Իսկ ո՞վ է Հայկազն Ղահրիյանը: Ֆրունզի հերոսը կասեր` «Кто этот потерпевший, чего он хочет?»: Նրա հանդեպ ունեցածս ողջ հարգանքով հանդերձ, չեմ կարող չասել, որ նա նույնիսկ չի պատկերացնում, որ արտաքին թշնամու դեմ ժողովրդի ցանկացած համախմբում աներևակայելի է առանց այդ օրվա իշխանության ձեռնարկած հրատապ քայլերի: Ի վերջո, ո՞ւմ պարզ չէ, որ երբ Ադրբեջանն անցավ գրոհի, առաջին հակահարվածները ստացավ ԼՂՀ ՊԲ առաջապահ զորքերի կողմից, իսկ զորքը կատարում է, որքան մեզ հայտնի է, ոչ թե պատահական անցորդների, այլ հենց իշխանության հրամանները:



Մոլորությունը, թե մինչև ՀՀ իշխանությունը կորոշեր ինչ անել, ժողովուրդը գնաց թուրքի դեմ կռիվ, բավականին տարածված է այսօր, և, ըստ էության, դարձել է իշխանություններին քննադատելու հիմնական գործիքը: Պե՞տք է, արդյոք, այն մեզ: Ամենևին չարդարացնելով ՀՀ իշխանությունների նախընթաց քաղաքականությունը և չնսեմացնելով ժողովրդի այս անօրինակ համախմբումը՝ պետք է, այնուամենայնիվ, արձանագրենք, որ արցախյան նորօրյա հերոսամարտերի հաղթական ոգին հնարավոր եղավ պահել իշխանությունների (ՀՀ և ԼՂՀ), մեր հերոս զավակների և ժողովրդի միահամուռ ուժերով: Սա անհերքելի փաստ է: Հերքելով այս իրողությունը` մենք կարող ենք շատ ավելի ծանր կացության մատնել մեր վատ իշխանություններին հետագա բանակցային գործընթացներում` դրդելով նրանց պաշտպանություն որոնել ոչ թե սեփական երկրում, այլ դրսում: Իրավիճակը շատ նման է կեղտոտ լվացքը դուրս թափելուն: Դա միշտ էլ կարելի է անել, բայց ոչ պատերազմի օրերին, որովհետև պատերազմը հենց այն է, ինչի արդյունքներով քո իշխանություը (լավ, թե վատ) նստելու է բանակցությունների սեղանի շուրջ: 



Կդիմի՞, արդյոք, Սերժ Սարգսյանը ժողովրդին` հետաքրքրում է Հայկազն Ղահրիյանին, ով վստահ է, որ ահա-ահա հրաժարականներ են լինելու և այն էլ` կոլեկտիվ: Ի՞նչ կա որ, քաղաքականության մեջ ամեն ինչ էլ հնարավոր է: Իսկ որքանո՞վ է բարոյական, երբ մեկը հայ-թուրքական ֆուտբոլի օրերին պաշտպանում ու գովերգում է Սերժ Սարգսյանին (ի դեպ, այն օրերին էլ համաժողովրդական համախմբում կար ՀՀ իշխանությունների «դեմ»), իսկ այսօր, երբ Ալիևի ահաբեկչական հորդաները դունչները մտցրել են Արցախ, նույն մարդը անհամբեր սպասում է Սերժ Սարգսյանի հրաժարականի դիմումին:
«Սերժ Սարգսյանը առայժմ չի դիմել ժողովրդին»,- այս խորհրդավոր տողով է ավարտում Ղահրիյանն իր հոդվածը` ամենայն հավանականությամբ ակնարկելով Տեր-Պետրոսյանի հրաժարականը` հայտնի հոդվածով համեմված: Ստիպված եմ հիշեցնել գործընկերոջս, որ Տեր-Պետրոսյանի հրաժարականը տեղի է ունեցել բոլորովին այլ իրավիճակում, քան այն իրավիճակը, որ ունենք այսօր: Ամեն հրաժարական չէ, որ կարող է բարեբախտություն համարվել, և, առհասարակ, հրաժարականը լուրջ քաղաքական որոշում է, որ երբեք չի կարող արդարացվել, եթե ժողովուրդը չի պահանջում:



Էդիկ Անդրեասյան