ՀՀ երեք նախագահներից ով ինչպես է հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ երեք նախագահներից ով ինչպես է հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին

Սերժ Սարգսյանն այս տարի ապրիլի 24-ի առավոտյան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ։ Նա ծաղկեպսակ է դրել հուշակոթողի եւ ծաղիկներ՝ անմար կրակի մոտ։ Պետության ղեկավարին ուղեկցում էին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, բարձրաստիճան պաշտոնյաներ եւ հոգեւորականներ։ Լուսանկարներում Սերժ Սարգսյանը հավերժական կրակի մոտ «հավերժացել» է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի, հանրահայտ դերասան Ջորջ Քլունիի եւ «Ավրորա» մրցանակաբաշխության մասնակիցների եւ հիմնադիրների կողքին։



Անցյալ տարի, ապրիլի 24-ին, երբ լրացել էր Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, Սերժ Սարգսյանը «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգող պետական հանձնաժողով»-ի նախագահն էր, եւ այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու մասնակցելով Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողություններին, հանդես եկավ նաեւ ելույթով։



ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ամեն տարի, ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելում իր համակիրների՝ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամների հետ։ Նա միայն տարիներ առաջ մեկ անգամ չէր կարողացել այդ օրը այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ վատառողջության պատճառով։
Այս տարի եւս` կեսօրին մոտ, նա Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր այցելել եւ եղեռնի զոհերի հիշատակին իր հարգանքի տուրքը մատուցել թոռնուհու եւ համակիրների հետ։ Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի, Լեւոն Տեր-Պետրոսյանը խուսափել է շփվել լրագրողների հետ, պատասխանել նրանց հարցերին։ Իր դիրքորոշումները երկրում տիրող առանցքային իրադարձությունների վերաբերյալ ՀՀ նախկին նախագահը նախընտրում է արտահայտել հոդվածների եւ հարցազրույցների միջոցով։



Ռոբերտ Քոչարյանը վերջին անգամ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու նպատակով իր ընտանիքի հետ Ծիծեռնակաբերդ է այցելել 2014թ.։
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից տեղեկացանք, որ, ինչպես անցյալ տարի, այնպես էլ այս տարի, Ռոբերտ Քոչարյանը չի այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ այդ օրը հանրապետությունից բացակայելու պատճառով։ Որտեղ եւ ինչ նպատակով է մեկնել Ռոբերտ Քոչարյանը՝ Վիկտոր Սողոմոնյանը հրաժարվեց մանրամասնել` ասելով, որ նա արտերկիր մեկնել է մասնավոր այցով։



Թագուհի Հակոբյան