Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցությունն առկախում է մասնակցությունը խորհրդարանում

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցությունն առկախում է մասնակցությունը խորհրդարանում

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցությունն առկախում է մասնակցությունը խորհրդարանում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումներին։ Այս մասին նիստի ընթացքում հայտարարել է խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, քանի որ, նրա հիմնավորմամբ, ԸՕ-ի վերաբերյալ իշխանությունների, ընդդիմության եւ քաղհասարակության միջեւ անհրաժեշտ կոնսենսուս չի ձեւավորվել։ Ընտրական օրենսգրքի նախագիծը, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ, ընդգրկվել է ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում եւ այս պահին քննարկվում է։ Սակայն ՀԱԿ խմբակցության, ավելի ճիշտ՝ կուսակցության պատգամավորները լքեցին դահլիճը, շարքերում մնացին միայն Նիկոլ Փաշինյանը, Լյուդմիլա Սարգսյանը եւ Հրանտ Բագրատյանը։



Ի դեպ, Լեւոն Զուրաբյանն այսօր Ազգային Ժողովում հանդես է եկել այս հարցի շուրջ հայտարարությամբ: 



«Ազգային Ժողովի ղեկավարության կողմից որոշում է ընդունվել այս հերթական նիստում սկսել ընտրական օրենսգրքի քննարկումները: Ընտրական օրենսգիրքը փաստաթուղթ է, որը կարեւոր ազդեցություն ունի ընտրությունների նկատմամբ հանրության վստահության ձեւավորման վրա: Սա է պատճառը, թե ինչու է ժողովրդավարական աշխարհում անհրաժեշտ համարվում, որ ընտրական օրենսգրքի շուրջ կայանա իշխանությունների, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության կոնսենսուս, փոխհամաձայնություն, այլ ոչ թե հարցը լուծվի մեծամասնության կողմից քվեարկության մեխանիզմի գործադրման միջոցով։ ԵԽԽՎ-ի վերջին նստաշրջանում այս մասին խոսեց նաեւ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորնբորն Յագլանդը։ Ինչպես գիտեք, 4 գումարած 4 գումարած 4 ձեւաչափով բանակցությունները արդյունք չտվեցին: Կոնսենսուսը չկայացավ, քանի որ իշխանությունները ըստ էության մերժեցին ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության միահամուռ հավանությանն արժանացած հինգ միացյալ պահանջները։ Եւ քանի դեռ նման կոնսենսուս ձեռք բերված չէ, հաշվի առնելով, որ Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ իրականացվում է արտաքին ագրեսիա, Հայ Ազգային Կոնգրեսը նպատակահարմար չի գտնում, որ Ազգային Ժողովում ծավալվեն քննարկումներ ներքաղաքական անխուսափելի լարումներ առաջացնող այդ խնդրի շուրջ, առավել եւս, որ իշխանությունը հանրությանն ընդառաջելու որեւէ ազդանշան չի տալիս: Մենք կարծում ենք, որ ավելի ճիշտ կլիներ հարցի քննարկումը հետաձգել մինչեւ անհրաժեշտ կոնսենսուսի ձեռքբերումը։



Ղարաբաղյան քառորյա պատերազմը բոլորիս համար ցնցում էր, որը նաեւ առիթ դարձավ լուրջ վերաիմաստավորումների համար։ Ընդդիմությունը հայտարարեց պատերազմական վտանգի պայմաններում երկրի քաղաքական ուժերի համախմբման եւ ներազգային միասնականության մասին։ Ամբողջ հայությունն այսօր լծված է հայրենիքի պաշտպանության գործին:
Միեւնույն ժամանակ ակնհայտ է, որ առավել քան երբեւէ, գործի հաջողության համար անհրաժեշտ է արմատական փոփոխություններ կատարել մեր երկրում, առողջացնել քաղաքական եւ տնտեսական համակարգը, հիմք դնել մեր անվտանգության համակարգի եւ ռազմական կարողությունների շեշտակի հզորացման համար։ Պետք է վերջ տալ կոռուպցիային, թալանին եւ ընտրակեղծարարությանը։
Ցավոք սրտի, իշխանությունների գործողությունները ցույց չեն տալիս, որ իրենք լուրջ դասեր են քաղել կատարվածից եւ պատրաստ են հանուն ազգային համախմբման ընդառաջ գնալ սեփական հանրությանը։ Իշխանությունները ըստ էության չընդունեցին միացյալ հինգ պահանջներից եւ ոչ մեկը, չգնացին որեւէ փոխզիջման, իսկ ապրիլի 17-իընտրությունները անցկացրեցին կեղծարարության հայտնի ավանդույթներով ։
Իհարկե, մեր դիրքորոշումը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը սպառնացող իրավիճակում ազգային համխմբման վերաբերյալ պայմանավորված չի իշխանության քայլերով եւ չի կարող դառնալ քաղաքական սակարկությունների առարկա։ Բայց մենք պահանջում ենք իշխանություններից սթափություն եւ ադեկվատություն ստեղծված իրավիճակին։
Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքի քննարկմանը, Հայ Ազգային Կոնգրեսը, չտեսնելով իշխանությունների կողմից համարժեք քայլեր հանրությանն ընդառաջ, առկախում է իր մասնակցությունը օրենսգրքի քննարկմանը, քանի դեռ բարեխիղճ բանակցությունների արդյունքում ձեռք չի բերվել կոնսենսուս ընտրական օրենսգրքի շուրջ»։